HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հավաքներին երեխաների գիտակցված, տեղեկացված մասնակցության իրավունքը բխում է նրանց լավագույն շահից. ՄԻՊ

Հավաքներին երեխաների գիտակցված, տեղեկացված մասնակցության իրավունքը բխում է նրանց լավագույն շահից, բայց այդ նույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը մեծահասակները չօգտագործեն իրենց կարծիքն արտահայտելու համար:

Այս մասին խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, դիմելով Քրիստինե Գրիգորյանին, ասաց, որ ականատես է եղել դեպքերի, երբ ատելության խոսքն արտաբերվում է նաև երեխաների շուրթերով: Ըստ Արշակյանի` նման հարցերը ՄԻՊ-ի ուշադրությունից չպիտի վրիպեն, համապատասխան արձագանք պետք է ստանան:

Գրիգորյանն ասաց, որ երեխաների և երիտասարդների հետ իր շփումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ երեխաներն իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկացված են ու պահանջատեր: Պաշտպանի կառույցն առաջիկայում կհայտարարի մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդության խորհուրդ ձևավորելու մասին:

«Ծաղիկներ, փուչիկներից անդին երեխաների իրավունքները բոլորի կողմից պետք է գիտակցված պաշտպանվեն: Ձեր կողմից վկայակոչված դեպքը չի վրիպել նաև մեր մոնիթորինգից: Այսօր մենք հայտարարություն ենք տարածել, օգտվել ենք բացված օրակարգից՝ մեկ անգամ ևս հիշեցնելու երեխայի լավագույն շահի մասին: Եվ մեր հայտարարության մեջ հստակ ենք ասել, որ երեխաների կարծիքի ազատ արտահայտման, հավաքներին գիտակցված, տեղեկացված մասնակցության իրավունքը, այո, բխում է լավագույն շահից: Բայց նաև պետք է հասկանանք, որ այդ լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասակների կողմից իրենց կարծիքը արտահայտելու համար»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ վերջերս սոցիալական ցանցերում հոլովակ է տեսել, թե ինչպես մասնավոր մանկապարտեզներից մեկի սաներին՝ 4-5 տարեկան երեխաների, իր տպավորությամբ, կազմակերպված հանել են փողոց, և երեխաներն արտաբերել են բառեր, որոնց իմաստն ակնհայտորեն չգիտեն:

«Չի կարող 4-5 տարեկան երեխան հասկանալ, եզրակացություններ անել դրա մասին և գոռալ: Դա դասական ատելության խոսքի տարածում էր 4-5 տարեկան երեխաների կողմից»,-ասաց Պապոյանը` հավելելով, որ եթե իր երեխային այդ կերպ օգտագործեին, ինքը դատարան կդիմեր:

Նա հարցրեց, թե նման իրավիճակում ՄԻՊ-ն ու պետությունն ինչ գործիքակազմ ունեն:

Գրիգորյանն արձագանքեց, որ իրականացնում են սոցիալական կայքերի և մամուլի մշտադիտարկում և պատգամավորի նշած դեպքը նույնպես արձանագրել են:

«Մենք մեր նախաձեռնությամբ էինք սկսել ուսումնասիրել հարցը, որովհետև ամենավտանգավոր բանը, որ տեսել էինք, այն էր, որ երեխաները, ում հնարավոր էր նույնականացնել այդ տեսանյութի մեջ, ուղղակիորեն դարձել էին թիրախավորման և ատելության խոսքի առարկա: Մենք, ի դեպ, հիմքեր չունեինք պնդելու կամ մտածելու, որ դա կազմակերպված էր եղել, դա էին վկայում մեր խոսակցությունները հաստատության հետ: Բայց ակնհայտ էր, որ երեխաները խաղի տրամաբանությամբ ուղղակի կրկնում էին ինչ-որ բաներ, որոնց մասին իրենց տարիքին, առերևույթ հասունության մակարդակին չէին կարող գիտակցել դրա ամբողջ էությունը, իմաստը»,-ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` երեխայի ծնողները, խնամակալները, դաստիարակները, ուսուցիչները պարտավոր են առաջնորդվել երեխայի շահով և Սահմանադրությամբ:

Ըստ ՄԻՊ-ի` այդ հարցում անելիք ունի նաև պետությունը:

«Շատ դեպքերում ես տեսնում եմ, որ կան կանխակալ կարծիքներ, որ երեխաները որևէ կերպ հավաքներին չեն կարող մասնակցել: Կամ երեխաների որևէ տեսակ մասնակցությունն է արգելված, սա նույնպես թյուր պատկերացում է: Բայց կարևոր է հասցնել նաև ծնողներին, որովհետև ծնողավարությունը շատ կարևոր առաքելություն է»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter