HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կենտրոն» համատիրության վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործ է հարուցվել

Գլխավոր լուսանկարում երևացող շենքը Աբովյան 38-ն է: Դրա առաջին հարկերում փողոցի կողմից բարեկարգ խանութներ են, սրճարաններ ու սպասարկման կենտրոններ: Բայց բավական է բացել շենքի շքամուտքի դուռը, ու գեղեցիկ խանութներն ու սրճարանները հօդս են ցնդում. ներսում հնամաշ պատեր են, կեղտոտ աստիճաններ, փոշոտ ճաղավանդակներ ու պատուհանի ապակիներ:

Այստեղ ապրող մարդիկ չեն հիշում, թե վերջին անգամ ե՞րբ է իրենց շենքում վերանորոգման կամ որևէ այլ աշխատանք կատարվել, բայց շենքը սպասարկող «Կենտրոն» համատիրությունը պարբերաբար նրանց հիշեցնում է գումար վճարելու պարտականության մասին: Ապրողները դժգոհում են՝ շենքը չի մաքրվում, եթե ինչ-որ բան է փչանում, իրենց միջոցներով են սարքում ու չգիտեն՝ համատիրությունն առհասարակ ինչո՞վ է զբաղված, ինչի՞ վրա է ծախսվում իրենց վճարած գումարը:

Շենքի բնակիչներից Անահիտ Սահակյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ինքն ամեն օր մաքրում է իրենց մուտքն ու դեպի ներքևի հարկ տանող աստիճանները, բազրիքները, բայց ավելին անել չի կարող: Հետո ցույց է տալիս իրենց հարկի միջանցքի բարձր պատուհանները, դրանց ապակիները, ասում, որ արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Աբովյան 38-ում, բայց երբևէ պատուհանագոգերն ու ապակիները մաքուր չի տեսել. դրանք չեն մաքրվում:

Աբովյան 38-ն առանց վերելակի շենք է, միջացքներն էլ քաղաքացիների բնակարանների հաշվիչի հաշվին են լուսավորվում, այսինքն՝ անգամ վերելակի սպասարկման ու միջանցքների լուսավորության խնդիր «Կենտրոն» համատիրության առջև դրված չէ:

Շենքի 70-ամյա բնակիչներից մեկը սրտնեղում է, ասում, որ եթե իրեն մեկն առանց աշխատելու գումար տա, ինքը վատ կզգա, կվիրավորվի:

«Չգիտեմ, թե  իրենք, ոչինչ չանելով, ինչպե՞ս են մեզնից գումար վերցնում»,- ասում է բնակիչը: Հետո միասին քայլում ենք դեպի շենքի առաջին հարկ տանող աստիճանների կողմ, ցույց է տալիս աստիճաններին թափված լավաշի կտորներն ու ասում, որ արդեն  երկու-երեք օր է՝ դրանք  թափված են, ոչ ոք չի հավաքում: Այս բնակիչը ամեն ամիս պարտաճանաչ վճարում է համատիրության գումարը: Հարցնում ենք՝ եթե Ձեր շենքում համատիրությունը ոչ մի աշխատանք չի կատարում, ինչո՞ւ եք վճարում, պատասխանում է՝ ես կարգուկանոն սիրող մարդ եմ, եթե պետք է վճարել, վճարում եմ։ Չեն մաքրում՝ ի՞նչ անեմ, ես կմաքրեմ՝ որքան կարողանամ»:

Բնակիչներից մեկը՝ Անի Կակոյանը, փաստաբանի միջոցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, հարուցվել է քրեական գործ՝ յուրացում և վատնում կատարելու հոդվածով:

Կակոյանի փաստաբան Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում մանրամասներ պատմեց հանցագործության մասին հաղորդման, դրան նախորդած ու հաջորդած  իրադարձությունների մասին:

Ապրիլի 4-ին տրված հաղորդումն այն մասին է, որ «Կենտրոն» համատիրության ներկայացուցիչ  փաստաբանական գրասենյակից Կակոյանին են ներկայացրել 355.408 դրամ գումարի վճարման պահանջ՝ որպես համատիրության հանդեպ ունեցած պարտավորություն:

Ըստ հաղորդումը ներկայացրած անձի` Կակոյանից և շենքի մյուս բնակիչներից պահանջվել են գումարներ, որոնք, ըստ ՀՀ օրենսդրության, վճարվում են բազմաբնակարան շենքի բնակիչների կողմից համատիրության մատուցած ծառայությունների դիմաց, մինչդեռ այդ ծառայությունները բնակիչներին չեն մատուցվել, նույնիսկ տարիներ շարունակ այդ բազմաբնակարան շենքի պահպանման, օգտագործման և մյուս խնդիրները լուծվել են հենց բնակիչների կողմից` սեփական ջանքերով և միջոցներով. «Կենտրոն» համատիրությունը որևէ կերպ չի մասնակցել այդ գործողություններին։

Գրիգորյանը հայտնել է, որ «Կենտրոն» համատիրության աշխատակցի (աշխատակիցների) արարքներում առերևույթ կան խարդախության կամ խարդախության փորձի հատկանիշներ:

  • «Կենտրոն» համատիրության հայցադիմումների զգալի մասը մերժվում է

Փաստաբանը կարևորել է այն հանգամանքը, որ «Կենտրոն» համատիրությունը բազմիցս դիմել է դատարան՝ քաղաքացիներից գումարի բռնագանձման պահանջներով, և այդ հայցերի զգալի մասը մերժվել է։

Որպես օրինակ՝ Գրիգորյանը նշել է, որ «Կենտրոն» համատիրությունը տարիներ առաջ դիմել է դատարան՝ նույնանման հայցով՝ Անի Կակոյանից գումար բռնագանձելու պահանջով, սակայն հայցը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառով (թիվ ԵԿԴ/2130/02/12 քաղաքացիական գործով վերջնական դատական  ակտը կայացվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին)։ «Կենտրոն» համատիրության կողմից ներկայացված՝ գումարի բռնագանձման պահանջի մասին նույնպիսի մեկ այլ հայց մերժվել է Սամվել և Լոլա Դանիելյանների վերաբերյալ թիվ ԵԿԴ/5119/02/15 քաղաքացիական գործով, որով Վճռաբեկ դատարանի վերջնական դատական ակտը կայացվել է 2020թ. նոյեմբերի 5-ին:

  • Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը՝ խնդրի վերաբերյալ

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդման մեջ մեջբերել է նաև Անի Կակոյանի քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի իրավական ամփոփ դիրքորոշումը՝ համատիրության կողմից բազմաբնակարան շենքի բնակիչներին գումարի վճարման պահանջ ներկայացնելու իրավաչափության ընթացակարգային նախապայմանների մասին:

Այսպես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջները բավարարելու համար անհրաժեշտ գումարի վճարման պարտականությունն այդ շենքի շինությունների սեփականատերերի մոտ կարող է առաջանալ միայն հետևյալ իրավական ընթացակարգի սահմաններում և դրա պահպանման արդյունքում.

  1. բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից կազմվում է ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ ակտ,
  2. այդ ակտի հիման վրա բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից  կազմվում է ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ նախահաշիվ,
  3. ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ նախահաշվային գումարն ընդգրկվում է տարեկան բյուջեի մեջ,
  4. շենքի տարեկան բյուջեն քննարկվում և հաստատվում է ընդհանուր ժողովում,
  5. բյուջեի հաստատումից հետո դրա ծախսային մասը բաժանվում է սեփականատերերի միջև՝ ըստ ընդհանուր բաժնային սեփականության մեջ նրանց բաժնեմասի չափի: Նշված փաստն արձանագրվում է համատիրության ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշմամբ, որում սահմանվում է պարտադիր նորմերի կատարմաննուղղված վճարների չափը,
    6. փաստացի կատարվում են նախատեսված աշխատանքները, ինչն արձանագրվում էբազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից կազմված հաշվետվություններում,
    7. յուրաքանչյուր ամսվա համար ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը պատրաստվում է շինությունների սեփականատերերի կողմից անվանական վճարումների,նախատեսված և իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ | հաշվետվություն, որի մասին ծանուցվում է բնակիչներին,
     8. շինությունների սեփականատերերը նախօրոք ծանուցվում են իրենց կողմից  պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված վճարային պարտավորության չափի, ժամկետների  և կարգի մասին, ընդ որում, այդ գումարի վճարումը երկու անգամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինն իրավունք է ձեռք բերում դրա բռնագանձման համար դիմելու դատարան՝ մինչ այդ գրավոր նախազգուշացնելով պարտատիրոջը:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ «Կենտրոն» համատիրության կողմից տարիներ շարունակ ոչ միայն չեն կատարվել գույքի պահպանմանը, շահագործմանն ուղղված գործողություններ, այլև երբևէ չեն պահպանվել վերը մեջբերված ընթացակարգային պահանջները:

«Եթե ընթացակարգային պահանջների չպահպանումը հանգեցնում է քաղաքացիական իրավահարաբերություններում համատիրության հայցապահանջների մերժման, ապա որևէ ծառայություն մատուցած չլինելու և, բնականաբար, այդ մասին քաջատեղյակ լինելու պարագայում համատիրության կողմից շենքերի բնակիչներին գումար վճարելու պահանջ ներկայացնելը, շատ դեպքերում նաև ստանալը, պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա»,- ասում է Արմեն Գրիգորյանը՝ խարդախության դասական օրինակ գնահատելով գործողություն կատարած (ծառայություն մատուցած) չլինելով հանդերձ՝ դրա դիմաց վճարում պահանջելը և ստանալը:

Նշենք, որ խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը (դրամական միջոցները) հափշտակելն է: Մեր հարցին՝ եթե Անի Կակոյանը գումար չի վճարել, ապա ինչպե՞ս կարելի է պնդել, որ նրա նկատմամբ խարդախություն է կատարվել, Գրիգորյանը նշեց, որ կոնկրետ Անի Կակոյանի դեպքում այդ հանցանքը դեռևս ավարտին չի հասցվել, քանի որ նա չի վճարելու պահանջված գումարը, սակայն կարող են լինել մի շարք այլ բնակիչներ, որոնք արդեն իսկ «Կենտրոն» համատիրությանը վճարել են չկատարված գործողությունների (չմատուցված ծառայությունների) դիմաց:

Գրիգորյանն ընդգծում է, որ այս խնդիրը չի վերաբերում միայն «Կենտրոն» համատիրությանը, այլ համակարգային է. Երևան քաղաքի մի շարք համատիրություններ նույն կերպ քաղաքացիներից գումարներ են գանձում՝ առանց դրանց դիմաց որևէ ծառայություն մատուցելու: Փաստաբանը միաժամանակ ընդունում է, որ կան նաև համատիրություններ, որոնք, գուցե և ընթացակարգային պահանջները ամբողջությամբ չեն պահպանում, բայց շենքի համար աշխատանք են կատարում, ուղղակի սա այդ դեպքը չէ:

  • Ներկայացված հաղորդման ընթացքը

Ներկայացված հաղորդման առթիվ նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել «Կենտրոն» համատիրության ներկայացուցիչ Մելինե Մաղաքյանից: Վերջինս հայտնել է, որ հիշյալ «ծանուցում-հիշեցում» վերտառմամբ գրությունը Անի Կակոյանին ուղղարկելիս ղեկավարվել է բազմաբնակարան շենքերի կառավարման մասին ՀՀ օրենքով, «ծանուցում-հիշեցումն» ուղարկվել է, քանի որ Կակոյանը չի կատարել համատիրության հանդեպ ունեցած պարտավորությունները, կից ներկայացրել է վերաբերելի փաստաթղթերի բնօրինակները: Միևնույն ժամանակ հայտնել է, որ համատիրությունը նշված «ծանուցում հիշեցումն» ուղղարկել է իր լիազորությունների շրջանակներում, ինչը չի կարող դիտվել՝ որպես քրեորեն պատժելի արարք, ավելին, նման լիազորության չիրականացումը կարող է հանգեցնել պատասխանատվության, ինչպես նաև դժգոհության՝ շենքի մյուս բնակիչների մոտ, ովքեր պարտաճանաչ կատարում են իրենց վճարումները:

Նյութերի նախապատրաստման փուլում  «Կենտրոն» համատիրության կառավարիչ Արա Միքայելյանի կողմից հետաքննիչին է տրամադրվել տեղեկանք այն մասին, որ «Կենտրոն» համատիրության կազմի մեջ գտնվող, Կակոյանին պատկանող բնակարանի համար յուրաքանչյուր ամիս պետք է վճարվեր 3664 դրամ, տարեկան վճարը 43968 դրամ է:

Ըստ «Կենտրոն» համատիրության ներկայացուցիչ Մաղաքյանի կողմից ներկայացրած վերլուծության` 01.04.2022թ.-ի դրությամբ Ա. Կակոյանին պատկանող բնակարանի պարտքը կազմում է 362737 դրամ, եւ ներկայացվել է պարտքի գոյացման հաշվարկը, ներկայացվել է նաև հավաքված գումարների և  կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն: Հետաքննիչը նյութի նախապատրաստման փուլում շենքի բնակիչներից բացատրություններ չի վերցրել:

Ամփոփելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության արդյունքները՝ հետաքննիչը գտել է, որ քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ Մ. Մաղաքյանը հիշյալ ծանուցումն ուղարկելիս ղեկավարվել է բազմաբնակարան շենքերի կառավարման մասին ՀՀ օրենքի 2002թ. մայիսի 7-ին ընդհունված օրենքների հիման վրա և կատարել է իր վրա դրված պարտականությունները:

Հատկանշական է, որ թեև փաստաբան Արմեն Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել է, որ Կենտրոն համատիրության կողմից առերևույթ խարդախություն է կատարվել, հետաքննիչը քրեական գործի հարուցումը մերժելու որոշման մեջ շարադրել է իբրև Գրիգորյանը հաղորդման մեջ հայտնել է  «Կենտրոն» վարչական շրջանների աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները  առերևույթ  չարաշահելու  մասին և մերժման որոշման մեջ մանրամասն վերլուծել պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ Քրեական օրեննսգրքի 308-րդ հոդվածի հանցակազմի տարրերը՝ քննության առարկա չդարձնելով խարդախության հանգամանքը:

  • Դատախազը քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել

Հետաքննիչի որոշման դեմ Արմեն Գրիգորյանը դատախազին բողոք է ներկայացրել, որը բավարարվել է, սակայն քրեական գործը հարուցել է ոչ թե խարդախության, այլ յուրացում և վատնում կատարելու՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով։

Հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի հոդվածներին՝ քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացրած դատախազը նշել է, որ պետությունն իր վրա է վերցրել հանցագործության բոլոր հանգամանքները օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի պարզելու պարտականությունը՝ ապահովելով անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործություններից, ինչպես նաև քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր անձի բացահայտումը և  քրեական օրենքով նախատեսված դեպքերում քրեական պատասխանատվության  և պատժի ենթարկելը:

Հղում կատարելով Եվրոպական դատարանի հայտնած դիրքորոշումներից մեկին՝ դատախազը նշել է՝ քննություն իրականացնելու պարտավորությունը «արդյունքի պարտավորություն չէ, այլ միջոցներ ձեռնարկելու պարտավորություն է». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգի մի եզրակացության, որը համապատասխանում է դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքինսակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի արձանագրել գործի փաստերըԴա նշանակում է, որ իշխանությունները միշտ պետք է ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել և  չպետք է անեն հապճեպ կամ անհիմն եզրակացություններ՝ իրենց քննությունը փակելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր ողջամիտ միջոցները միջադեպի հետ կապված ապացույցների ձեռք բերելու համար, որը ներառում է, վկաների ցուցմունքներըփորձաքննությունը  և այլն»:

Դատախազը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածում ամրագրված գործի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը կատարված կարող է համարվել բացառապես այն դեպքում, եթե իրավասու մարմինները գործել են պատշաճ ջանասիրությամբ  և արագությամբ, ձեռնարկել են հասանելի և  խելամիտ քայլեր՝ գործի հանգամանքների պարզաբանման համար: Որն էլ իր հերթին նշանակում է, որ իրավասու մարմինները միշտ պետք է ձեռնարկեն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, որպեսզի պարզեն՝ ինչ է տեղի ունեցել, և չպետք է անեն հապճեպ կամ անհիմն եզրակացություններ՝ գործի վարույթը կարճելու, քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու համար, ինչպես նաև դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար։

Ըստ դատախազի որոշման՝ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել՝ պարզելու դիմողի հաղորդմամբ նշված մի շարք էական հանգամանքներ, մասնավորապես՝ բացատրություններ չեն վերցվել «Կենտրոն» համատիրության սպասարկման տարածքի բազմաբնակարան շենքերի բնակիչներից, այլ կերպ՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել հաստատելու կամ հերքելու դիմողի կողմից նշված տվյալներն այն մասին, որ «տարիներ շարունակ հավաքագրվել են գումարներ, սակայն աշխատանք չի կատարվել»:
  • «Կենտրոն» համատիրության դիրքորոշումը

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Կենտրոն» համատիրությունից: Ընդունարանի աշխատակցին ներկայացրինք խնդիրը, քաղաքացիների դժգոհությունները՝ առաջարկելով մեզ կապել իրավասու անձի հետ՝ բանակիչների բողոքների և հարուցված գործի վերաբերյալ մեկնաբանություն տալու համար: Ընդունարանից մեզ կապեցին մի բաժնի հետ, որն, ինչպես պարզվեց, «ինժեներների բաժինն է»:

Ճարտարագետ ներկայացած Վոլոդյա Ասատրյանը դիրքորոշում հայտնեց, որ համատիրության աշխատանքից դժգոհում են  այն բնակիչները, որոնք գումար չեն վճարում: Հետո ասաց, որ համատիրության աշխատակիցները ամիսը մի քանի անգամ շենքի բոլոր հարկերի միջանցքները մաքրում են, վթարների կամ այլ ահազանգերի ժամանակ էլ իրենք այցելում են: Ասատրյանը նաև հիշեց, որ մի կազմակերպության հետ պայմանագիր ունեն, այդ կազմերպությունն «առնետների դեմ է պայքարում», իրենք էլ ամեն ամիս վճարում են:

Վերը նշված  հարցերի պատասխանները տալը ճարտարագետն իր իրավասությունների տիրույթում էր համարում, իսկ թե դրանք իրականում որքանով են նրա տիրույթում, պարզ չէ:

Իրավական հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար կրկին կապ հաստատեցինք «Կենտրոն» համատիրության ընդունարանի աշխատակցի հետ: Մեզ կրկին ցանկանում էին կապել  ինժեներների բաժնի, ավելի կոնկրետ՝ նույն ճարտարագետի հետ:

Մեր պնդումներից հետո, որ ինժեներները չեն կարող պատասխանել դատական գործընթացների մասին հարցերին, և որ իրավասու անձի հետ մեզ չկապելու դեպքում ստիպված կլինենք նյութը հրապարակել միակողմանի փաստերի հիման վրա, ընդունարանից ի վերջո մեզ կապեցին համատիրության իրավաբան Արաքսյա Գրիգորյանի հետ:

Ինչպես վերը նշեցինք, «Կենտրոն» համատիրության կողմից ներկայացված բազմաթիվ  հայցեր, որոնք վերաբերում են  քաղաքացիներից գումար բռնագանձելու պահանջներին, դատարանները մերժում են այն պատճառաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից  նախանշված ընթացակարգային պահանջները համատիրությունը չի պահպանել: Այսինքն՝ տրամաբանորեն, եթե համատիրությունը գործի սահմանված ընթացակարգերով, ապա  գումար չվճարած քաղաքացինեից այդ վճարները դատական կարգով բռնագանձելու հավանականությունն էականորեն կբարձրանա: Արաքսյա Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ համատիրությւոնը չի պահպանում այդ ընթացակարգերը, որի արդյունքում դատարան ներկայացված հայցերի զգալի մասը մերժվում է:

Արաքսյա Գրիգորյանն այս հարցի առնչությամբ դիրքորոշում հայտնեց, որ միայն  «Կենտրոն» համատիրության հայցերը չէ, որ մերժվում են՝ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը հղում կատարելով:

«Այդ նախադեպը շատ գործերով է քննարկվում, և դատավորների մի զգալի մասը, ավելի կոնկրետ՝ մի քանի դատավոր, այդ նախադեպը copy paste են անում ու հայցերը մերժում»,- ասաց Գրիգորյանը: Վերջինս պնդում է, թե համատիրության կողմից աշխատանքների կատարման փաստը ապացուցելը  հեշտ է. իրենք կարողականներ ունենք, թե որքան գումար է  ծախսվում, ինչ աշխատաքի համար:

«Բայց Վճռաբեկի նախադեպով պահանջվում է, որ մենք ամեն ամիս հաշվետվություններ  փակցնենք պատերին: Մենք 370 շենք ունենք: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն մուտքում որ փակցվի, մենք տարեկան որքա՞ն թուղթ պետք է օգտագործենք, որքա՞ն ծախս է պետք անել և  քանի՞ աշխատակից պետք է ունենալ դրա համար»,- ասաց Գրիգորյանը:

Իրավաբանը դժգոհեց բնակիչներից, ասաց, որ կան բնակարանի սեփականատերեր, որոնք ընդհանարպես վճարում չեն կատարում, իսկ համատիրությունն էլ այդքան իրավաբան չունի, ֆիզիկապես հնարավոր չէ այդքան դատական հայց ներկայացնել՝ թեև օրենքը հնարավորություն է տալիս երեք ամիս չվճարելուց հետո հայց ներկայացնել: Հետո իրավաբանն անկեղծացավ ու ասաց, թե դատարան դիմելուց բացի այլ ինչ լծակներով կարելի է բնակիչներից ստանալ համատիրության գումարը:

«Բնակիչը, միևնույնն է, ինչ-որ խնդիր ունենալու է, տեղեկանք է պետք գալիս և այլն, կգա՝ պահանջելու, մենք էլ կասենք՝ մեր գումարը վճարի, կանենք»,- անկեղծանում է Գրիգորյանը:

Դիտարկեցինք, որ Աբովյան 38-ի այն բնակիչները, որոնք բարեխղճորեն վճարում են համատիրության գումարը,  շարունակում են բնակվել կեղտոտ, հնամաշ, փոշոտ շենքում: Հարցին՝ ինչո՞ւ շենքը չի մաքրվում, Գրիգորյանը պատասխանեց, որ  իրենց ժամանակին մեծ թվով հավաքարարներ են ունեցել, այժմ նրանց թիվն էականորեն կրճատվել է:

«Մենք նախկինում 650 շենք ունեինք, 100-ից ավելի՝ հավաքարար, հետո «Սանիթեք»-ը ստեղծվեց, ու Քաղաքապետարանը բոլոր հավաքարարներին տարավ իր մոտ:  Համատիրությանը չի թույլատրվում շենքերի բակերի մաքրման համար հավաքարարներ ունենալ, մենք ապահովում ենք միայն շենքի մուտքերը:

Այժմ ընդամենը 10  հավաքարար ունենք՝ 370 շենքի համար, բնականաբար, այդ 370 շենքում 10 հավաքարարը ամբողջը չեն կարող մաքրել: Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ հավաքարարին տրվում է ընդամենը  նվազագույն աշխատավարձի չափով գումար»,- ասաց Գրիգորյանը:

Փաստացի ստացվում է, որ համատիրությունը իջեցրել է շենքի մատուցվող ծառայությունների որակը: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ սպասարկման որակն իջեցնելուն զուգահեռ չի նվազել նաև համատիրության վճարը, Գրիգորյանը պատասխանեց, թե  պարտադիր նորմի վճարը պետք է ըստ կատարված ծախսերի հաշվվի, իսկ նյութերը ու առհասարակ ամեն ինչն այժմ թանկացել են:

«Մեր աշխատավարձը տասը տարի է՝ չի բարձրանում: Այս պայմաններում աշխատողները գնում են, ու մենք չենք կարողանում բավարար չափով աշխատակիցներ ապահովել, որ սպասարկումը կարողանանք բավարար մակարդակով իրականացնել: Աբովյան 38 շենքում 3 մլն 730  հզ դրամի պարտք է առկա: Այդ շենքում ի՞նչ աշխատանք կարող է կատարվել: Միայն պահանջելով չէ»,- ասաց իրավաբանը:

Հարցին՝ եթե աշխատանք չի իրականացվելու, ինչո՞ւ են շարունակում գումար վերցնել բարեխիղճ վճարողից, Գրիգորյանը պատասխանեց՝ մենք չենք վերցնում, բնակիչը գնում, վճարում է: Հարցին՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ է բնակիչներին ծանուցագիր-հիշեցում ուղարկվում, իրավաբանը պատասխանեց, թե հավաքագրված գումարների սահմաններում համատիրությունն աշխատաքներ կատարում է:

Մեր դիտարկմանը, որ կան նաև բնակիչներ, որոնք ասում են՝ վճարել են, հետո տեսնելով, որ ոչինչ չի արվում շենքում, դադարել են վճարել, Գրիգորյանը պատասխանեց, թե շենքի 3-4 մլն դրամ պարտքը մեկ տարում չի կուտակվել:

Իրավաբանը նաև ասաց, որ եթե ինչ-որ հրատապ խնդրի հետ կապված դիմում լինում է, աշխատանք տարվում է:

«Բայց իրենցից մենք այդպիսի դիմումներ չենք ստացել»,- հետո ավելացրեց Գրիգորյանը: Մերք յուրաքանչյուր բնակարանի բնակչի հետ զրուցելիս փորձել ենք հետաքրքվել, թե շենքի հետ կապված որևէ խնդրի առկայության դեպքում նրանք համատիրության ի՞նչ աշխատակցի հետ են կապի մեջ լինում, որևէ մեկը տեղյակ չէր, թե ով է համատիրության աշխատակիցը: Իրավաբանին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ բազմաբնակարան շենքի բնակիչները տեղյակ չեն՝ ում դիմել շենքի հետ կապված որևէ խնդրի առկայության դեպքում: Արաքսյա Գրիգորյանը պատասխանեց, որ իրենց համատիրություն շատ են զանգեր լինում: Փորձեցինք հստակեցնել՝ Աբովյան 38 հասցեի՞ց, Գրիգորյանը չհստակեցրեց:

Արաքսյա Գրիգորյանը տեղյակ չէր, որ համատիրության վերաբերյալ հաղորդման առթիվ քրական գործ է հարուցվել, ուստի այս առնչությամբ մեկնաբանություն չտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter