HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2023-ին բուժաշխատողների պարտադիր հավաստագրում է ներդրվելու

Հայաստանն առողջապահության ոլորտին պետական միջոցների հատկացումներով զիջում է հարևան երկրներին: Պետական բյուջեի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1.5%-ն է հատկացվում:

ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ այս փուլում համակարգին հատկացվող գումարները բավարարում են ընդամենը «հրդեհը հանգցնելո՞ւն», թե նաև որոշակի զարգացման նպատակների են ծառայում: Պապոյանը հարցրեց, թե կան արդյոք հաշվարկներ, թե ո՞րն է երազանքի գումարը, որի դեպքում ցուցանիշներն առողջապահության ոլորտում ավելի լավը կլինեն:

«Պետք է նշեմ, որ 2017 թվականին առողջապահությանը հատկացվող գումարները կազմում էին 81 միլիարդ դրամի շրջանակներում, մենք տեսնում ենք մի քանի տարում այդ գումարի շեշտակի աճ, ինչը անկյունաքարային է եղել: Այս կրիզիսային տարիների ընթացքում մենք չենք ունեցել մեր ծառայությունների հետընթաց, հակառակը՝ մեր քաղաքացիների մոտ ավելի ամրապնդվել է պետպատվերի շրջանակում ստացված ծառայությունների նկատմամբ վստահությունը, ինչը ցույց է տալիս դիմելիության աճը»,- ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց՝ Կառավարության հնգամյա ծրագրում նախատեսված է «կանխավճարային առողջապահական բյուջեին անցումը»:

«Մենք ծրագրում ներառել ենք ապահովագրական համակարգի կոնցեպտի մշակումը և աստիճանական ներդրումը Հայաստանում: Մենք երկու տարիների ընթացքում հաշվարկներ ենք արել, թե ինչ բյուջե է մեզ անհրաժեշտ բնակչության առողջության պահպանման և կանխարգելման համար, և հիմա էլ Կառավարությունում քննարկվում է մեր կոնցեպտը: Հաշվարկները պատրաստ են, Կառավարությունը բոլոր ջանքերը ներդնելու է այս բարեփոխումներն իրականացնելու համար»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ ենթակառուցվածքները շատ կարևոր են, բայց նույնքան կարևոր է նաև բժշկական անձնակազմի ունակությունների և գիտելիքների բարձրացումը:

«2023 հունվարի մեկից իրականացնելու ենք հավաստագրման ամբողջական ծրագրի ներդրումը, և մինչ 2023 թվականը մոտ 30 հազար բուժաշխատողներ թարմացնելու են իրենց գիտելիքները և ստանալու են հավաստագրեր, որ իրավունք ունենան բժշկական գործունեություն իրականացնել: Այո՛, այս բյուջեն այն բոլոր բարեփոխումների արտահայտումը չէ, բայց չենք կարող չանդրադառնալ տարեցտարի ավելացվող համամասնությանը»,- եզրափակեց Ավանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter