HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու տուգանքի չափն առաջարկվում է նվազեցնել

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը նվազեցնել: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Գործող օրենքով, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր 10 օրվա համար պետք է տուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ 100 հազար դրամը:

«Այսինքն ոստիկանությունը պարտավոր է յուրաքանչյուր 10 օրը մեկ այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ 5000 դրամի չափով և ուղարկել հասցեատիրոջը՝ տարվա մեջ ոչ ավել, քան 20 անգամ: Հոդվածի 2-րդ մասով 100 հազար դրամ տուգանք է սահմանվում այն վարորդի նկատմամբ, որը վարում է տրանսպորտային միջոցն առանց ԱՊՊԱ պայմանագրի: Վերլուծելով Կառավարության քաղաքականությունն այս ոլորտում՝ մենք գտնում ենք, որ նշանակված 100 հազար դրամ տուգանքը խիստ անհամաչափ է արարքի վտանգավորության բնույթին և աստճանին: 100 հազար դրամ տուգանքն այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է»,- ասաց պատգամավորը:

Արմեն Խաչատրյանը հիշեցրեց, որ առանց տեխզննության տրանսպորտային միջոցը վարելը, որը վտանգավոր իրավախախտում է, տուգանվում է 20 հազար դրամի չափով, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի երթևեկության տուգանքը 5 անգամ ավելի է:

«Նախագծով սահմանվում է, որ ԱՊՊԱ չարած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ տարեկան վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը չպետք է գերազանցի 50 հազար դրամը՝ այսօրվա 100 հազար դրամի փոխարեն: Եվ ամենակարևոր փոփոխությունը՝ 100 հազար դրամ տուգանք նշանակելու դեպքում անձն ազատվում է այդ տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա մեջ վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն, եթե անձն արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է սահմանված 100 հազար դրամ տուգանքի ընդամենը 25 տոկոսը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով` այս փոփոխություններով հնարավորություն են տալիս տուգանքի համար նախատեսված գումարն ուղղել ԱՊՊԱ պայմանագիր կնքելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter