HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել դատավոր Բորիս Բախշիյանի կալանքի գործով պաշտպանների բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բախշիյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Դատարանը բողոքը վարույթ է ընդունել այն հիմնավորմամբ, որ դրանում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանը մեղադրվում է իր վարույթում գտնվող գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ: Հատկանշական է այն հանգամանքը, որ Դատախազությունը չի բողոքարկել այն  դատական ակտը, որն ակնհայտ ապօրինի է որակել ու դրա համար Բախշիյանի նկատմամբ քրական հետապնդում սկսվել:

Բախշիյանն ի սկզբանե մեղադրվում էր Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով: Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Մկրտչյանին կալանավորելու որոշումից հետո վերջինիս 14 օր մնացել է կալանքի տակ, և նրա նկատմամբ կալանավայրում ճնշում է գործադրվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ տված ցուցմունքից հրաժարվելու համար: Հենց սա է դիտարկվել որպես ծանրացնող հանգամանք: Նախաքննության ավարտին, սակայն, արարքը վերաորակվել է ավելի մեղմի՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը:

«Ֆիսքսենք, որ, ամեն դեպքում, Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանքը վերաորակվել է, այսինքն` մեղադրանքի այն հատվածը, թե իբրև կալանավորման հետևանքով անզգուշությամբ ծանր հետևանք է  առաջացել՝ անձը 14 օր մնացել է կալանքի տակ և նրան հարկադրել են, որպեսզի ցուցմունք տալուց հրաժարվի, վերացվեց և թողնվեց առանց ծանրացնող հանգամանքների մեղադրանք»,- ասաց Սարգսյանը: Վերինս նշում է, որ չնայած այժմ Բախշիյանին մեղսագրող 348-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքը ևս անհիմն է, բայց եթե ի սկզբանե մեղադրանքն այդ  հոդվածով լիներ, ապա ո՛չ ԲԴԽ-ի՝ քրեական հետապնդում հարուցելու համաձայնությունը կլիներ, ո՛չ Բախշիյանի կալանավորումը:

«Բայց քանի որ այն ժամանակ կալանավորումը պետք էր, չեղած հանցագործությունը վերածեցին հանցագործության, դեռ մի բան էլ ծանր հանցագործություն սարքեցին»,- ասաց Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքում բազմաթիվ հանգամանքների են անդրադարձել, այդ թվում` այն հարցին, որ դատավորին չէին կարող կալանավորել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ դատական ակտի համար: 

Թե կոնկրետ բողոքի ինչ հանգամանքների վերաբերյալ է Վճռաբեկ դատարանը դիրքորոշում հայտնելու, դեռևս պարզ չէ:

Նշենք, որ պաշտպանական կողմը օրեր առաջ ներկայացրել էր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն, որը մերժվել է, ապա գործն ուղակվել է Սյունիքի մարզի ընդհաուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին: Վերջինս, ի դեպ, այն օրերին, երբ Երևանում քննվում էր Բորիս Բախշիյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը, Սյունիքի մարզի այլ դատավորի հետ հայտարարություն էր տարածել՝  զորակցություն և աջակցություն հայտնելով Բախշիյանին:

«ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին՝ ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում», - ասված է հայտարարությունում, որը ստորագրել էին տվյալ պահին Սյունիքում պաշտոնավարող բոլոր դատավորները՝ Նապոլեոն Օհանյանը, Անահիտ Թումանյանը, Ռոմեն Ահարոնյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Կարապետ Բադալյանը, Էմին Աբգարյանը, Լուսինե Սեփխանյանը, Գնել Գասպարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter