HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դրամի արժևորումը կարող է ազդել էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման վրա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ դրամի արժևորման արդյունքում էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորություն լինի: Խորհրդարանում հարցուպատասխանին այսպես արձագանքեց փոխվարաչապետը` արձագանքելով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին: Պատգամավորը խոսել էր դրամի արժևորման մասին ու հիշեցրել սակագներում փոխարժեքի ազդեցության հաշվարկված լինելու մասին:

«Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի»,-ասաց Թունյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է:

«Հայկական դրամի արժևորումը բնակաբար հաշվակների մեջ պետք է մասնակից լինի: Այլ հարց է, թե որքանով է այս իրավիճակը դիսկրետ, ֆունդամենտալ ու երկարատև: Չի բացառվում, որ սա արդեն երկարատև միտում է: Եվ նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է: Եվ, եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Բաբկեն Թունյանը հիշեցրեց` դրամի արժեզրկման դեպքերում սակագների վերանայում է եղել, ապա խնդրեց հստակեցնել՝ որոշակի ժամանակահատված եթե պահպանվի նման միտում, սակագնի իջեցման հնարավորությունը կքննարկվի՞ արդյոք: Փոխվարչապետը դրական պատտասխան տվեց:

«Վստահաբար: Եթե, ես չեմ սխալվում, փոխարժեքի ազդեցությունը սակագնի վրա տարվա կտրվածքով է դիտարկվում: Բայց մի հանգամանք էլ կա. ի վերջո նշանակություն կունենա նաև, թե որքանո՞վ է պերմանենտ այսօրվա իրավիճակը, որ գազի դիմաց հնարավոր է վճարել նաև ոչ կոշտ արտարժույթով: Կարծում եմ՝ համադրմամբ այս հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով, և էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»,-արձագանքեց Մհեր Գրիգորյանը:

Նշենք, որ այս հարցուպատասխանը նստաշրջանի վերջին նիստն էր։ Նիստին ներկա էին միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները, ընդդիմությունը չնայած հեռացել է Ֆրանսիայի հրապարակից, սակայն հարցուպատասխանին չէր եկել: Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ եկել էին խորհրդարան` ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter