HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է «Արմենիկում» ՓԲԸ-ն և «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը մասնավորեցնել

Կառավարությունն առաջարկում է «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը և «Արմենիկում» ՓԲԸ-ն ներառել 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում՝ հնարավորություն ընձեռելով երկու ՓԲԸ-ներն էլ մասնավորեցնել:

Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ ստանալով դրական եզրակացություն:

Նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը գտնվում է Վայոց ձորի մարզի Հեր-Հեր համայնքում: Ավետիսյանի խոսքով՝ չնայած հիդրոէլեկտրակայանը շահույթ ունի, բայց ոչ ամբողջ ծավալով է գործունեություն ծավալում, և այնտեղ որոշ նեդրումների կարիք կա, նաև ջրի ծավալի ապահովման խնդիր կա:

«Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերության՝ մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկումը բավարարում է օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես տվյալ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարումը, ոչ մրցունակ լինելը, ընկերություններին վերապահված պարտավորությունների կարևորության մակարդակի նվազումը և տվյալ ընկերությունների պետական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ չլինելը: Միաժամանակ ընկերությունների՝ մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկումը բավարարում է օրենքի 4-րդ հոդվածի պահանջներին՝ վերջիններս ընդգրկված չեն այն ճյուղերում և ոլորտներում, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում:

«Արմենիկում» ՓԲԸ-ն անշարժ և շարժական գույքեր ունի Երևանում՝ Նալբանդյան 37 և Շարուրի 2 հասցեներում: Ավետիսյանի ներկայացմամբ՝ կազմակերպությունն արդեն շատ վաղուց չի զբաղվում առողջապահական գործունեությամբ: Այն երկար տարիներ գտնվել է ՊՆ հաշվեկշռում և չեխական կազմակերպության հետ միասին հիմնադրել են «Արմենիկում+» ընկերությունը, որը դեղի արտադրությամբ է զբաղվում:

Ըստ Ավետիսյանի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեում իրականացվող մոնիտորինգի համաձայն՝ «Արմենիկում» ՓԲԸ-ն 2019 թվականի և 2020 թվականի տարեկան տվյալներով աշխատել է վնասով, «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն՝ շահույթով: Պետական գույքն օտարելու (մասնավորեցնելու) դրույթը նախագծում ամրագրելով՝ Կառավարությունն արտահայտել է իր վերաբերմունքը՝ գտնելով ոչ նպատակահարմար ընկերությունների հետագա գործունեությունը պետության վերահսկողությամբ։

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական հավանությունը՝ ընդգրկվելով առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter