HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դատարանը մերժեց փաստաբանների բացարկները

Հուլիսի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերին ձերբակալված Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների համակարգող, «Արաքս-Կուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանի եւ Ժ. Սեֆիլյանի մարտական ընկեր, Լուսառատ գյուղի բնակիչ Վահան (Վանո) Արոյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ակտիվիստներից Ժ. Սեֆիլյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով (ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր) ե ւ 235 հոդվածի առաջին մասով ( Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ), Վ. Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածի, իսկ Վ. Արոյանին` 235-ի առաջին մասի հատկանիշներով:

Հուլիսի 2-ին` հենց նիստի սկզբում, Սեֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը հայտնեց, որ իրենք մի քանի ժամ առաջ դատավոր Մարտիրոսյանի դեմ բացարկ են ներկայացրել դատարանին: Քանի որ դատավորն այդ մասին տեղյակ չէր, նիստն ընդհատվեց 3 ժամով: Այդ ընթացքում առաջին ատյանի դատարանի նախագահ Ժ. Վարդանյանը պետք է բացարկի վերաբերյալ որոշում կայացներ: Սակայն նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 6-ը:

Սեֆիլյանի պաշտպանական կողմը կասկածներ ուներ դատավոր Մարտիրոսյանի անաչառության հարցում: Սեֆիլյանի կալանքի հերթական ժամկետն ավարտվել է դեռ հունիսի 10-ին, եւ դրանից առաջ ու հետո գործը վարող ԱԱԾ քննչական վարչությունը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ դատարան չի մտել. այսինքն` Սեֆիլյանը մոտ մեկ ամիս անօրինական կերպով պահվում է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում («ԿԳԲ-ի պադվալ»): Վերջերս Սեֆիլյանի պաշտպանները ամբաստանյալին կալանքից ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել դատավոր Մարտիրոսյանին, որն էլ մերժել է այն` առանց հիմնավորման: Իսկ հիմնավորումը կլիներ այն, որ, ազատության մեջ լինելով, օտարերկրացի Սեֆիլյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, ասել է, թե` փախչել ՀՀ-ից: Այսպես էին փաստաբանների նմանատիպ միջնորդությանը ժամանակին պատասխանել ԱԱԾ-ն եւ դատարանը:

Հուլիսի 6-ին դատարանի դահլիճը դարձյալ լիքն էր ամբաստանյալների հարազատներով, ընկերներով ու ծանոթներով, որոնք մեղադրյալ եռյակին տեսնելուն պես, ինչպես եւ առաջին նիստում, սկսեցին բացականչել. «Ա-զա-տութ-յու՛ն, ա-զա-տութ-յու՛ն, ա-մո՛թ, ա-մո՛թ դատարանին»: Ներկաների որոշ զգացմունքային բացականչություններ զսպելու համար կարգապահության կոչով նրանց դիմեց Վ. Մալխասյանը:

Նիստի սկզբում Մ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը անհիմն է համարել Սեֆիլյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանի եւ Արա Զաքարյանի` իր նկատմամբ հայտնած բացարկը:

Դրանից հետո երկարատեւ հայտարարությամբ հանդես եկավ Վ. Մալխասյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Բանն այն է, որ Սեֆիլյանի պես անօրինական կալանվածի վիճակում է հայտնվել նաեւ Մալխասյանը: Նրա պաշտպանն էլ դիմել է Մ. Մարտիրոսյանին` իր պաշտպանյալի կալանքը վերացնելու կամ էլ կիրառվող խափանման միջոցը գրավի դիմաց ազատությամբ փոխելու համար, սակայն տեղեկացվել է, որ Մալխասյանն այդպես կարող է խոչընդոտել քննությանը: Շուշանյանը կասկած հայտնեց, որ նման պարագայում դատավորը, թերեւս, միտում ունի մեղավոր ճանաչել Վ. Մալխասյանին: Փաստաբանը խոսեց նաեւ դատավորի ինքնաբացարկի տարբերակի մասին:

Այս հայտարարությունը Մարտիրոսյանն ընդունեց որպես իր դեմ հայտնված բացարկ, չնայած փաստաբանը որպես այդպիսին բացարկ չէր հայտնել: Նա պարզապես, ի գիտություն դատարանի, բացարկի մասին հայտարարություն էր արել, ոչ ավելին` նշելով, որ նոր բացարկի ներկայացումն անարդյունավետ է լինելու, եւ նիստն անտեղի ձգձգվելու է:

Մեկժամյա ընդմիջումից հետո Մարտիրոսյանը հայտնեց, որ իր դեմ բացարկը մերժվել է: Իսկ Շուշանյանն էլ տարակուսեց, թե դատարանն ինքնաբացարկի համար էր խորհրդակցության գնացել:

Ի վերջո, դատավորը սկսեց հարցեր տալ ամբաստանյալներին, որոնց որոշ պատասխաններ ներկաների դեմքերին ժպիտ առաջացրին:

Դատավոր. «Ամուսնացա՞ծ եք, երեխաներ ունե՞ք»:

Վ. Մալխասյան. «Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա, թոռներ եւ ընդամենը մեկ կին»:

Դատավոր. «Նախկինում դատված եղե՞լ եք»:

Վ. Արոյան. «Չեմ հասցրել»:

Զինվորական համազգեստով եւ առանց փաստաբանի հանդես եկող Վահան Արոյանն իր որոշումը չէր փոխել. «Պաշտպանի կարիք չունեմ»:

Դատավորը ներկայացրեց նաեւ մեղադրողին` դատախազ Արթուր Մկրտչյանին: Սեֆիլյանի պաշտպանները ցանկացան ծանոթանալ Ա. Մկրտչյանի լիազորագրին, որով նա պետք է մասնակցի այս դատավարությանը: Սակայն, ի զարմանս նրանց, Մ. Մարտիրոսյանը մի քանի անգամ պարզաբանեց, որ դատախազությունը եւ դատարանը ուղղակի համաձայնել են Ա. Մկրտչյանին որպես մեղադրող ներգրավելու հարցում, իսկ ցանկության դեպքում պաշտպանները կարող են նրա դեմ բացարկ հայտնել:

Նիստի վերջում փաստաբան Գրիգորյանը դատարանին հերթական անգամ միջնորդեց գրավով փոխել Ժ. Սեֆիլյանի կալանքը` նշելով, որ նախկին մերժումը եղել է անհիմն, եւ տեղեկացրեց, որ բացի այդ դատարանը ստացել է ԱԺ պատգամավորների միջնորդություն-երաշխավորագիրը տվյալ հարցի վերաբերյալ, սակայն չի արձագանքել:

Մ. Մարտիրոսյանը միջնորդությունը թողեց առանց քննության` դատավարության հաջորդ` դատաքննության փուլում քննարկելու պայմանով:

Հերթական նիստը կկայանա հուլիսի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter