HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դատավորին անարգանքի սյունին գամեցին

Սեֆիլյան-Մալխասյան-Արոյան եռյակի դատավարությունը վերսկսվեց հուլիսի 10-ին: Մինչեւ նիստի սկսվելը դահլիճում գտնվող ամբաստանյալներին ներկաները, ինչպես միշտ, տոկունության կոչեր էին անում եւ քաջալերում: Շնորհավորանքներ ուղղվեցին Սեֆիլյանին, ում 40-ամյակը լրացավ այդ օրը: Սեֆիլյանին ընկերները ծաղկեփունջ էին բերել, որը փոխանցեցին փաստաբանի միջոցով:

Դատական նիստին ներկա էին Րաֆֆի Հովհաննիսյանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, դերասան Երվանդ Մանարյանը, ովքեր պարբերաբար մասնակցում են նիստերին եւ մեղադրվող եռյակի պաշտպանության միջոցառումներին:

Երբ դահլիճ մտավ դատավոր Մ. Մարտիրոսյանը, պայմանավորվածության համաձայն' մեղադրյալների ընկերները բացականչեցին. «Ա-զա-տութ-յու°ն, ա-զա-տութ-յու°ն, շնոր-հա-վո°ր, շնոր-հա-վո°ր»: Ոստիկանների' ներկաներին զսպելու կոչերն արդյունք չտվեցին, եւ դատավոր Մարտիրոսյանն առժամանակ դուրս եկավ դահլիճից: Դուրս բերվեցին նաեւ ամբաստանյալները: Ներկաներին դա ավելի զայրացրեց: «Քարով խփեցի՞նք դատավորին... Դատավորը ամոթխած հարս է»,- զայրացած ծաղրեց ներկաներից մեկը:

«Նիստը կհետաձգվի այնքան, մինչեւ բոլորը, բացի լրագրողներից, դահլիճից դուս չգան»,- շարունակ ասում էր ոստիկաններից մեկը: Սակայն ոչ ոք տեղից չշարժվեց: Մթնոլորտն ավելի շիկացավ, երբ հանկարծ ոտքի կանգնեց Ե. Մանարյանը եւ ցասումով ասաց. «Այն օրը, երբ դիմակավորները հղի կնոջ ներկայությամբ հերոսին ոտքի տակ տվին, այս ժողովուրդը դատապարտվեց...»:

Իսկ ակադեմիկոս Ղազարյանը ոչ պակաս զայրույթով նշեց. «Հիմա մեզ մոտ ոչնչացնում են հայի դիմադրող տեսակը: Այն, ինչ արվում է այսօր, մեր ազգի բարոյական ոչնչացումն է: Ժիրայրի, Վարդանի, Ալեքսանդր Արզումանյանի տեսակները իրավունք չունեն գոյատեւելու, այդպիսի իրավունք ունեն միայն քծնողները, ընկածները, ծալվողները: Սա է այս խայտառակ դատի իմաստը: Ես էլ եմ մասնակցել հավաքին, ավելի խիստ բաներ եմ ասել, ինչու՞ ինձ չեն ձերբակալում... Ամո°թ է...»:

Դատավոր Մարտիրոսյանը եւ ամբաստանյալները դահլիճ մտան նիստն ընդհատվելուց միայն կես ժամ անց:

«Նկատի ունենալով, որ կարգը չի պահպանվել, նիստը հետաձգվում է մինչեւ վաղը»,- հայտարարեց դատավորը եւ դուրս եկավ:

«Ապրե°ս, ապրե°ս, ամո°թ...»:

«Ղզիկ դատավոր եք, ամո°թ, ամո°թ»:

Դատավորի հասցեին հնչեցին նաեւ ավելի թունդ խոսքեր, սուլոցներ, բացականչություններ:

Իսկ ներկաներից մեկն իր զայրույթը թափեց 5-6 ոստիկանների վրա, որոնք պատի պես շարվել էին ներկաների առաջ. «Արա°, ձեր տեղը ես եմ ամաչում: Հլու կամակատարներ, սոված, կզացած ապրեիք, էլի: Դե°, կզե°ք, ում կզած դուր ա գալիս, թող ըտենց ապրի...»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter