HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱՆ-ն առաջարկում է Նևրոզների կլինիկայի գործունեությունը տեղափոխել Ավանի հոգեկան առողջության կենտրոն

Խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել` օրակարգում 23 օրենսդրական նախաձեռնություն: Օրակարգում ներառված նախագծերը առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեն հատուկ ընթացակարգով, այսինքն` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24-ժամյա ռեժիմում:

Հրատապությունը բացատրեց կառավարության ներկայացուցիչ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որի խոսքով՝ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանն արդեն ավարտել է իր աշխատանքը, և քանի որ հաջորդ` հերթական նստաշրջանը սեպտեմբերին է լինելու, ուստի նախագծերը պետք է քննարկել արտահերթ ռեժիմով:

Նիստին ներկա է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմությունը շարունակում է բոյկոտը: ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը քննադատեց կառավարությանը` նման օրակարգով արտահերթ նստաշրջան գումարելու համար` ասելով, որ ժամանակ չեն ունենալու բոլոր նախագծերը մանրամասն ուսումնասիրել:

Նա հիշեցրեց, որ 23 նախագծերից 15-ը առաջին և երկրորդ ընթերցմամբ են, որոնք պետք է հրատապության ռեժիմով քննարկվեն:

«Գտնում եմ, որ այս պրակտիկան պետք է դադարեցվի, չի կարելի ԱԺ-ն նման վիճակում դնել: Ես չեմ պատկերացնում` ինչպես ենք երեք օրում 15 հարց քննարկելու, ուսումնասիրելու, առաջարկություններ ներկայացնելու, սա ուղղակի մեր վարքին է խփում: Ես խնդրում եմ հետագայում կառավարությունը խուսափի նման պրակտիկայից»,- ասաց Խաչատրյանը:

Այնուհետև խորհրդարանը քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է մասնավորեցման ծրագրում ներառված «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանել ցանկից, իսկ ներառված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռել:

Նախարարի խոսքով` վերոնշյալ ԲԿ-ներից գործում է միայն «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ԲԿ-ն, որը, ըստ նախարարի, ներառվելու է բազմապրոֆիլ ԲԿ-ներում որպես առանձին ծառայություն:

Նևրոզների կլինիկայի գործունեությունը տեղափոխվելու է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Ըստ նախարարի` Ավանի հոգեկան առողջության կենտրոնն այդ նպատակով վերազինվում է, պետությունը համապատասխան ֆինանսական միջոցներ է ներդրել:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե որքանով է հավանական, որ մասնավորեցման հետևանքով այդ ԲԿ-ներում աշխատող անձինք վերածվեն  գործազուրկների: Անահիտ Ավանեսյանն ասաց, որ առաջնային նպատակը քաղաքացիներին տրամադրվող բժշկական օգնության որակի բարձրացումն է:

«Միանշանակ է, որ բուժանձնակազմի զբաղվածությունը ևս մեր հոգածության ներքո է: Եվ բոլոր աշխատողները, որոնք նոր այս կենտրոնում աշխատելու բավարար պայմաններին կհամապատասխանեն, կտեղափոխվեն նոր կենտրոն, որևէ խնդիր չի լինի: Ներկայումս մենք ունենք հակառակ խնդիրը՝ որակյալ բուժքույրերի, բժիշկների պակաս ունենք որոշ ԲԿ-ներում, ես վստահ եմ, որ պատշաճ մասնագիտական որակներ ունեցող անձինք աշխատանքի տեղավորման հարց չեն ունենալու»,-ասաց նախարարը:

Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց, թե արդյոք նախարարությունը քննարկել է այս հարցերը մասնավորեցվող կամ կազմալուծվող ԲԿ-ների հետ: Նախարարն արձագանքեց` նման որոշումներ կայացնելուց առաջ խորհրդատվություն են իրականացրել տվյալ ԲԿ-ների տնօրենների հետ, լսել մտահոգությունները, նաև մասնագիտական լայն քննարկման են դրվել այդ հարցերը:

«Մենք պետք է անընդհատ փոփոխվող և զարգացող ծառայությունների տրամաբանությամբ առաջ գնանք և առաջնային տեղում դնենք պացիենտների` որակյալ բժշկական օգնության ստացման հարցը: Որոշ ռեֆորմներ որոշակի ցավոտ կետեր են ունենում, որովհետև փոփոխությունները մշտապես անհարմարություններ են բերում, բայց եթե չփոփոխենք մեր համակարգը, չենք կարող զարգանալ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Բագրատյանը նաև հետաքրքրվեց, թե մասնավորեցվող, փակվող ԲԿ-ների շենք-շինություններն ինչ ճակատագիր են ունենալու: Նախարարն արձագանքեց` ընդհանուր ընթացակարգով կդրվեն աճուրդի, և գնորդը կներկայացնի, թե ինչ գործունեությամբ են զբաղվելու վերջիններս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter