HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե կհանդիսանա զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե կհանդիսանա զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, բայց չի կարող փոխարինել նախարարին:

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ` այս փոփոխություններով նորովի են շարադրվում պաշտապանության ոլորտում կառավարության լիազորությունները:

«Սա նպատակ է հետապնդում բարելավել զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը և բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Պաշտպանության նախարարին վարչապետի որոշմամբ կարող է փոխարինել նախարարի` քաղաքական տեղակալներից մեկը:

«Նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները, ի դեմս միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև ԶՈՒ գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման»,- ասաց Պապիկյանը:

Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ:

Պապիկյանն անդրադարձավ այն քննարկումներին, որ այս փոփոխություններով փորձ է արվում զինված ուժերը ենթարկել նախարարին:

«Նախ զինված ուժերը ենթարկվում են նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է: Այո, զինված ուժերը պետք է ենթարկվեն նախարարին և գերագույն հրամանատարին, որպեսզի այլ հարցեր չառանանան, ես շատ հստակ եմ ասում` իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունը իրացնել ամբողջությամբ»,-ասաց Պապիկյանը:

Պապիկյանն ընդգծեց` շահագրգիռ կլիներ, եթե ընդդիմությունը ևս մասնակցեր նախագծի քննարկմանը և օբյեկտիվ առաջարկներ ներկայացներ:

Ըստ նրա` ընդդիմադիր պատգամավորներից մեկը զանգահարել է զինկոմին ու հարցրել, թե ինչու են ընդդիմության համակիրներին զորակոչում եռամսյա հավաքների շրջանակում:

«Դուք ՀՀ քաղաքացինե՞ր եք, թե՞ ոնց … Ճիշտ է ասվում` Երևանում փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ պայմաններում, բայց դուք իհարկե չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես այս ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, եկեք մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամյսա հավաքներին»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հեղափոխական որակեց այս փոփոխությունները` համոզմունք հայտնելով, որ այն լուծելու է կոռուպցիայի հնարավոր դրսևորումների խնդիրը:

«Զինվորականությանը տրված էր նաև տենդեռների մասնակցության հնարավորություն: Նախագծով ամբողջ պրոցեսը կհստակեցվի, զինվորականությունը կզբաղվի զինվորական գործերով, նախարարությունը` այդ ամբողջ քաղաքական կառավարման ճիշտ օրակարգ ձևավորելով»,-ասաց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter