HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Իգոր Խաչատուրովն ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, քիչ առաջ որոշեց փոփոխել Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը:

Նշենք, որ Խաչատուրովը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է ընդդիմության կողմից իրականացվող «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների ժամանակ:

Գործն արդեն ուղարկվել է դատարան` ըստ էության քննության, և նախնական դատալսումների ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն, ի թիվս այլ հարցերի, այսօր անդրադարձավ Խաչատուրովի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընթերցեց մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում առաջին ատյանի դատարանի որոշումը:

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Խաչատուրովի  կալանավորման որոշմամբ ընդունելի և իրատեսական է համարել , որ նա ազատության մեջ  գտնվելու դեպքում  Խաչատուրովը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ անօրինական ազդեցություն գործադրելու, նյութերը թաքցնելու եղանակով: Դատարանը շեշտել է այն հանգամանքը, որ քրեական գործը դեռևս գտնվում է  ապացույցների հավաքման ակտիվ փուլում,  նաև ռիսկ է տեսել, որ ազատության մեջ մնալու դեպքում  Իգոր Խաչատուրովը կարող է օրենքով չթույլատրված արարք կատարել, մասնավորապես՝ մասնակցել ակցիաներին ու նմանատիպ հանցանք կատարել:

Հանրային մեղադրող Արսեն Բեգլարյանը, դատարանի հարցին ի պատասխան ասաց, որ Խաչատուրովի կողմից քննությանը խոչընդոտելու՝ ապօրինի ազդեցություն գործադրելու, ռիսկը շարունակում է պահպանվել: Մեղադրողը նշեց, թե Իգոր Խաչատուրովի գործը անջատվել է  ու ուղարկվել դատարան, իսկ նախաքննական մարմինը դեռևս շարունակում է  Խաչատուրովի ենթադրյալ հանցակցի վերաբերյալ գործի քննությունը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դիտարկեց, որ այժմ քննվող գործում առկա չէ ենթադրյալ հանցակցի վերաբերյալ  տեղեկություն:

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս հաշվի է առել նաև Խաչատուրովին վերագրվող արարքի բնույթն և վտանգավորության աստիճանը: Մեղադրող  Բեգլարյանը նշեց, որ այլ հանգամանքների  համակցությամբ  արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը կարող են  դրվել կալանքի հիմքում:

«Համակցությունը ներկայացրեք»,- ասաց Տաթևիկ  Գրիգորյանը, և հանրային մեղադրողն ասաց, որ բացի դատական ակտում արձանագրվածից այլ հանգամանք չի կարող մատնանշել:

Պաշտպան Միհրան Պողոսյանը խափանման միջոցի  վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ Իգոր Խաչատուրովին կալանավորելու գործի քննությանը ինքը չի ծանուցվել ու հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնելու, դատարանը որոշումը կայացրել է միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերով:

Անդրադառնալով կալանավորման որոշման մեջ նշված այն հանգամանքին, թե առկա է ռիսկ, որ Խաչատուրովը կարող է  թաքցնել գործի նյութերը, Պողոսյանը դիտարկեց, որ Խաչատուրովի մեղադրանքը հիմնված է տեսանյութերի վրա, որոնց բովանդակությունը Խաչատուրովը որևէ կերպ չի կարող փոխել:

Պաշտպանն ընդգծեց նաև որ  այդ տեսանյութերն իրականում ոչ թե Խաչատուրովի մեղավորությունն, այլ անմեղությունն են ապացուցում, քանի որ դրանցում երևում  է, որ Խաչատուրովի ձեռքերն այն դիրքում են, որ  նա չէր կարող հարվածել ոստիկանին:

Անդրադառնալով  Խաչատուրովի կալանավորման որոշումը կայացրած դատարանի այն դիրքորոշմանը, որ Խաչատուրովը կարող է թաքնվել գործի քննությունից, պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը իրեն վերագրվող արարքից հետո օրինական վարքագիծ է դրսևորել, տևական ժամանակ անց միայն ձերբակալվել է: Խաչատուրովը նաև մատնանշել է այն անձանց, որոնց իր կողքին են եղել ոստիկանի հետ միջադեպի պահին՝ առաջարկելով լսել նրանց:

Միհրան Պողոսյանը դիտարկեց, որ դատակոչի ցուցակում չեն ներգրավվել այն անձինք, որոնք արդարացնող ցուցմունքներ են տվել,  փոխարենը դատակոչի ցուցակում  ոստիկաններ են:

Այսպիսով ՝ հանրային մեղադրող Արսեն Բեգլարյանը պնդեց, որ Խաչատուրովը պետք է շարունակի մնալ կալանավորված, իսկ պաշտպանական կողմը դիրքորոշում հայտնեց, որ առկա չէ մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմք, ավելին, Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումն առհասարակ ենթակա է դադարեցման, պարզապես այս փուլում, երբ դեռևս ապացույցները չեն հետազոտվել, նման միջնորդություն չեն ներկայացնում:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն` դատարանը առանց առանձին սենյակ հեռանալու կարող է տվյալ փուլում որոշում կայացնել ամբաստանյալի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ, և դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց Խաչատուրովի խափանման միջոց կսլանավորումը փոխել 1 մլն դրամ գրավով:

Գրավի գումարը կվճարի Իգոր Խաչատուրովի եղբայրը` Յուրի Խաչատուրովը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման  նախաձեռնած բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի առթիվ քննվող գործերով հուլիսի 17-ի դրությամբ 28 կալանավորված անձ է եղել: Հուլիսի 11-ի դրությամբ՝ այսինքն՝  թարմ  տվյալներ, Դատախազությունը չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter