HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանում ՆԳՆ-ի ստեղծման թեմայով լսումներ են

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել են լսումներ «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով:

Լսումները նախագահում են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Ներկա են ներկայացուցիչներ ոստիկանությունից, պաշտպանության նախարարությունից, նախկին պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ԵՄ դեսպաններ:

Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ` ներքին գործերի նախարարության ստեղծմամբ պետությունը միանգամից մի քանի կարևոր խնդիր կլուծի, կսահմանվեն ներքին գործերի նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ:

«Ներքին գործերի նախարարությունը փաստորեն կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին»,- ասաց նա:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներքին գործերի նախարարության ստեղծումը կարևոր քայլ համարեց իրավապահ համակարգի համար:

«Ամենևին չեմ նսեմացնում այն ճանապարհը, որն անցել է մեր հարգարժան ոստիկանությունը, մեր նախկին ներքին գործերի նախարարությունները, ես ուղղակի ուզում եմ հատուկ ընդգծել, որ այն կոնցեպտը, որը ձեզ ներկայացվելու է իմ գործընկերների կողմից, լիովին նոր նախարարության, լիովին նոր հայեցակարգի մոտեցում է, որտեղ ոստիկանությունը չի անվանափոխվում ու դառնում ներքին գործերի նախարարություն: Ոստիկանությունն, իհարկե, պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց ոստիկանությունը լինելու է սիրտը, մի կարևոր մասը քաղաքական կառավարման, որը լինելու է նոր ներքին գործերի նախարարությունը»,- ասաց Անդրեասյանը:

Անդրեասյանի խոսքով` միջազգային գործընկերների հետ լավագույն լուծումն են գտել, զրոյից չեն ստեղծելու նախարարություն, այլ վերցնելու են Արտակարգ իրավիճակների նախարարության հենքը: Նախարարը սակայն ընդգծեց` սա ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում ասաց, որ ի սկզբանե այս բարեփոխումները միտված էին ոստիկանության վերանայմանը, սակայն այժմ այն փուլում են, որ բարեփոխումների շղթայում ներառվել են նաև Միգրացիոն ծառայությունը և ԱԳՆ-ն:

«Մենք ելանք այն հանգամանքից, որ պետք է աղետների, ճգնաժամային այլ իրավիճակների պարագայում պետք է ունենանք մի կետից կառավարում, որը թույլ կտա ունենալ միասնական քաղաքականություն: Եթե մենք խոսում ենք հրդեհների, վթարների մասին, բոլորը միասին շատ ընդհանրական արտակարգ իրավիճակ է, որին պետք է միասնական լուծմամբ կարողանանք օպերատիվ արձագանք ցուցաբերել»,- ասաց փոխնախարարը:

Սարգսյանի խոսքով` երեք կառույցների` ոստիկանության, Միգրացիոն ծառայության և ԱԻՆ-ի, աշխատում են ճգնաժամային իրավիճակներում, ունեն իրենց հատկացված համապատասխան ենթակառուցվածքները, մեթոդաբանական ասպեկտով գործիքակազմը, հետևաբար կարող են իրար փոխլրացնող էֆեկտով շատ ավելի արդյունավետ հասնել խնդրի լուծմանը:

«Ներքին գործերի նախարարությունը նաև կմշակի ԱԻՆ-ին բնորոշ պայմաններում այն քաղաքականությունը, որը կիրացնեն փրկարար ծառայության մեր գործընկերները: Այսինքն ՆԳՆ-ի տանիքի ներքո մենք կունենանք երեք միավորվող խոշոր ծառայություններ` ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիոն ծառայությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ լինելու են տարբեր կառուցվածքային փոփոխություններ, գործառութային շրջանակների վերանայումներ: Փոխնախարարը ներկայացրեց այն գործառույթները, որոնք պետք է կազմակերպվեն ՆԳՆ-ի տանիքի ներքո` հասարարական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների, ռիսկերի կառավարում, պետական ռեզերվների կառավարում, հումանիտար հարցեր, միգրացիայի և քաղաքացիության վերաբերյալ հարցեր:

Սարգսյանի խոսքով` ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները, բայց քաղաքական ու վարչական պաշտոնների կոնֆլիկտ չի լինելու:

«Ոստիկանապետը, փրկարար ծառայության պետը պատասխանատու են լինելու տվյալ ծառայությունների ծառայողական պարտականությունների կատարման համար, իսկ նախարարը այդ ծառայությունների քաղաքական պատասխանատվությունն է իր վրա վերցնելու: Հետևաբար ոստիկանության պետին` նախարարի տեղակալի պաշտոնը համատեղող անձին նշանակելու է վարչապետը` համապատասխան նախարարի առաջարկությամբ, նույնն է նաև փրկարար ծառայության դեպքում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter