HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

3000 տպաքանակ՝ 50.000-անոց գաղթօջախում

Լիբանանում տպագրվող «Ազդակ» օրաթերթն այսօր նշում է իր ստեղծման 85-ամյակը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թերթի աշխատակից Մովսես Հերկելյանն ու երևանյան թղթակից Թաթուլ Հակոբյանը համառոտ ներկայացրեցին դրա գործունեությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Կիրո Մանոյանը:

Այն առաջին անգամ լույս է տեսել 1927 թվականի մարտի 5-ին Բեյրութում որպես մասնավոր թերթ, սակայն ոչ պաշտոնապես դարձել է Դաշնակցության հերթական մամլո օրգանը: 1970-ական թվականներին լիբանանյան քաղաքացիական կռիվների ժամանակ թերթը լույս էր տեսնում Բեյրութի արևմտյան մասում, բայց քանի որ նրա հիմնական ընթերցող զանգվածը գտնվում էր քաղաքի արևելյան մասում, թերթն ամեն անգամ ստիպված էր լինում կանաչ ճանապարհ բացել դեպի իր ընթերցողը:

Խորհրդային տարիներին «Ազդակը» հայրենիքի համար եղել է սփյուռքահայության մասին տեղեկատվություն փոխանցող հազվագյուտ միջոցներից մեկը. թերթի որոշ համարներ զարտուղի ճանապարհներով հասել են Հայաստան, ձեռքից ձեռք են անցել, մաշվել, բայց, այնուամենայնիվ, դրանց միջոցով պահպանվել է կապը հայրենիքի ու սփյուռքի միջև:

Թերթը ներկայացնում է ոչ միայն լիբանանահայ համայնքին վերաբերվող թեմաներ, այլ նաև նորություններ է հաղորդում Լիբանանի քաղաքական ու հասարակական կյանքից: Թերթի մշակույթի բաժինը շուրջ 30 տարի վարել է Մովսես Հերկելյանը, ով ներկայացրել է լիբանանահայ կերպարվեստն ու ժամանակակից կիրառական արվեստը:

Թաթուլ Հակոբյանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ թերթը 3000 տպաքանակով տպագրվում է մի գաղթօջախում, որի թիվը չի անցնում 50 հազարը: Ժամանակին լիբանանահայ համայնքը կազմում էր 250 հազար հոգի: Բանախոսի կարծիքով՝ աշխարհով մեկ սփռված լիբանանահայերի համար մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել իրենց նախկին գաղթօջախի մասին տեղեկատվություն փոխանցող «Ազդակ» օրաթերթը, որը 2009 թվականից ունի նաև իր կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter