HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պատմության ուսուցչի գործը մտավ դատական վիճաբանությունների փուլ. հանրային մեղադրողը պետք է ճառ ընթերցի

Պատմության ուսուցչի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց վկա Մոնթե Մախսուդյանը: Վերջինս այն անձանցից մեկն է, որը տարածել է ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի վարած դասի ձայնագրությունը:

Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ: Ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է իր մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուքում»: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում  Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործում առկա դասի ձայնագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ:

Ըստ գործի տվյալների՝ ձայնագրությունը օպերատիվ ճանապարհով է ձեռք բերվել, մինչդեռ գործում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ որևէ տվյալ առկա չի եղել:  Գործի  դատաքննության ընթացքում պարզվել է, որ տեսանյութը ներբեռնած առանցքային վկան հետաքննության մարմնի աշխատակից է եղել, գործով որպես վկա է ներգրավվել, նախաքննության ընթացքում ցուցմունք տվել: Այս վկան դատարանին հայտնել է, որ ձայնագրությունը համացանցից է ներբեռնել: Ըստ էության, դատարանում այդպես էլ չի պարզվել տեսանյութի աղբյուրը:

Այն բանից հետո, երբ հետաքննության մարմնի աշխատակցի «հայտնաբերած» տեսանյութն անթույլատրելի ապացույց է ճանաչվել, հանրային մեղադրող Վանուհի Փայտյանը դատարան է ներկայացրել նույն ձայնագրությունը՝ տարածված մեկ այլ անձի կողմից: Այդ անձը այսօր հարցաքննված վկա Մոնթե Մախսուդյանն է:

Վերջինս Youtube-ի իր ալիքով է տարածել ձայնագրությունը:  Մոնթե Մախսուդյանը դատարան էր հրավիրվելու՝ պարզաբանելու համար, թե որտեղի՞ց է ձեռք բերել տեսանյութը: Մախսուդյանը պատասխանեց, թե համացանցից է ձեռք բերել, սակայն չհստակեցրեց՝ իրեն ուղարկե՞լ են, պատահաբա՞ր է տեսել ու ներբեռնել, թե՞ որևէ այլ տարբերակով է ձեռք բերել։ Նշեց, որ չի հիշում, ասաց, որ ինքն, ամեն դեպքում, առաջին մարդը չէ, որ ձայնագրության մասին իմացել է, և այն ժամանակ, երբ ինքը տարածել է ձայնագրությունը, այն արդեն իսկ տարածված է եղել համացանցում: Այսպիսով՝ հանրային մեղադրող Փանուհի Փայտյանը փաստեց, որ տեսանյութի աղբյուրը համացանցն է:

«Երկրագունդն էլ դեպքի վայր է»,- հակադարձեց Ռուբեն Մելիքյանը՝ անհամաձայնություն հայտնելով հանրային մեղադրողի հայտնած դիրքորոշման հետ ու միջնորդելով անթույլատրելի ճանաչել ապացույցը: Մելիքյանը նշեց, որ դատարանում այս ապացույցի ձեռքբերման աղբյուրը կրկին չի բացահայտվել, բայց այդ՝ նաև դիտարկեց, որ դատախազն իր վրա քննիչի ֆունկցիա է վերցրել ու այն բանից հետո, երբ գործում առկա ձայնագրությունն անթույլատրելի է ճանաչվել, կրկին ձեռք է բերել ու ներկայացրել դատարան: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այս ապացույցի թույլատրելիության հարցին կանդրադառնա խորհրդակցական սենյակում դատական ակտ կայացնելիս:

Ի պատասխան Ռուբեն Մելիքյանի հարցին՝ ի՞նչ կապեր ունի իշխանությունների հետ, Մախսուդյանը, նշեց, որ ինքը բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների շարքերում էլ ընկերներ ունի, անձնական կապերի մասին չի ցանկանում խոսել:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկնաբանեց, որ անձն իրավունք ունի իր վերաբերյալ հարցերին չպատասխանելու: Ռուբեն Մելիքյանը հակադարձեց՝ նշելով, որ անձն այդպիսի իրավունք ունի, եթե ողջամտորեն ենթադրվում է, որ հարցի պատասխանը կարող է նրա դեմ օգտագործվել:

«Բացատրե՛ք ինձ, ո՞ւր է ողջամիտ ենթադրությունը, որ այս հարցի պատասխանը կարող է անձի դեմ օգտագործվել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը, բայց այնուամենայիվ, Մախսուդյանից պատասխան չստացավ:

Մախսուդյանը տեսանյութի միջոցով աշակերտներին ու ուսանողներին կոչ է արել իրեն դիմել՝ եթե նրանց դասախոսները կամ ուսուցիչները  կդրսևորեն այնպիսի վարքագիծ, ինչպիսին Գրիգորյանը, նշել, որ ինքը կարող է այդ խնդիրները լուծել, Ռուբեն Մելիքյանի հարցին, թե ինչ մեթոդով պետք է խնդիրները լուծեր, Մախսուդյանը պատասխանեց՝ օրինակ հենց այս մեթոդով. ուսուցչի վարքագծի մասին բարձրաձայնել է, ու արդեն ուսուցիչը կանգնած է դատարանի առաջ:

Այսօր գործով դատաքննության փուլն ավարտվեց, դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին, և հանրային մեղադրողը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար, նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter