HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Օնիրա Քլաբ»-ին առնչվող քրեական գործը կասեցվել է. հայտնի չէ անձը, ով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ

«Օնիրա Քլաբ»-ին առնչվող քրեական գործը 2021 թվականի նոյեմբերի 24-ին կասեցվել է: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից: Կասցեման հիմքը, ըստ Դատախազության, այն է, որ հայտնի չէ այն անձը, ով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ՝ 2020 թվականի հունիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ օրվա մեջ երեք հաղորդագրություն տարածեց քրեական գործեր հարուցելու մասին, որոնք առերևույթ առնչվում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նույն ժամանակաշրջանում նաև Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան:

Գործերից մեկը վերաբերում էր «Օնիրա Քլաբ»-ում ենթադրյալ չարաշահումներին: Այդ ժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր վնաս պատճառելու դեպքեր:

Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, պարզվել էր, որ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2010 թ. դեկտեմբերի 29-ին գրանցված «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, գիտակցելով, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն և /կամ շահումով մեքենայացված խաղ և /կամ անմիջականորեն խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղ կարելի է կազմակերպել բացառապես կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից կառավարության սահմանած համապատասխան հեռավորության վրա, ինչպես նաև տեղյակ լինելով Կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան գործունեություն իրականացնելու հնարավորության հանգամանքի մասին, արտոնյալ պայմաններով գործունեությունը նույն վայրում շարունակելու, շահումով խաղերի բնագավառում մենաշնորհային դիրք զբաղեցնելու և ՀՀ կառավարությանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, թաքցնելով իրական փաստերը, խաբեության եղանակով՝ մինչ այդ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված և 2011թ. հունվարի 19-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստացած ընդհանուր 13.377 հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը ներկայացրել են որպես վերը նշված ծրագրի շրջանակներում 61.146.139.340 դրամի ներդրման արդյունքում կառուցված շինություններ և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին, ինչի արդյունքում ծրագիրը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը, և 2013 թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:

Այնուհետև, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, օգտվելով խաբեության արդյունքում կառավարության ընձեռված հնարավորությունից, 2013 թ. դեկտեմբերի 27-ին ստացել են Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում, Երևան-Աբովյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հանգստի և ժամանցի կենտրոնում շահումով խաղերի, խաղատների գործունեություն իրականացնելու վերաբերյալ լիցենզիան, որից հետո, անտեսելով շահումով խաղերի, խաղատների գործունեությունը խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը միայն լիցենզիայում նշված հասցեում կազմակերպելու մասին օրենքի պահանջները, խախտելով «Պետական տուրքի մասին», «Հարկերի մասին» օրենքների պահանջները, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դիտավորությամբ նույն տարածքի մեկ այլ վայրում, ստացված լիցենզիայի անվան տակ՝ առանց հատուկ թույլտվության 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 13-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, որը պետությանը  պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս, ինչպես նաև՝ առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելը:

Նշենք, որ ԱԱԾ-ի հաղորդագրությունից հետո «Օնիրա Քլաբ»-ի տնօրինությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի ՍՊԸ-ի գործունեության հետ:

«Նախ ուզում ենք ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի  «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից:  Լիցենզիայի տրամադրման համար օրենքով նախատեսված 40 միլիարդ դրամի ներդրման փոխարեն՝ «Օնիրա Քլաբը» կատարել է ավելի  քան 61 միլիարդ դրամի ներդրում: Ինչ վերաբերում է նույն լիցենզիայով երկու տարբեր խաղատների գործունեության մասին տեղեկությանը, ապա նշենք, որ այն ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքն, այս պարագայում, մեկ խաղատան երկու տարբեր սրահների մասին է, որոնք գտնվում են ռեստորանահյուրանոցային համալիրի տարբեր շինություններում, ունեն մեկ հասցե, մեկ հաշվապահություն, մեկ աշխատակազմ, որն, ի դեպ, հաստատել է կառավարությունը՝ ներկայացված ներդրումային ծրագրի փաթեթով: Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել, որ գործունեության ամբողջ ընթացքում համալիրը գտնվել է պատկան մարմինների խոշորացույցի ներքո: Այս ընթաքցում բազմաթիվ մեծածավալ ստուգումներ են իրականացվել ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ֆինանսների նախարարության կողմից, այդ թվում՝ նաև վերջին երկու տարիների ընթացքում: Այդ բոլոր ստուգումների ընթացքում «Օնիրա  Քլաբ»-ում որևէ խախտում կամ ապօրինի գործունեություն որևէ անգամ չի հայտնաբերվել, հակառակ դեպքում ընկերությանը, վստահաբար, գործունեության լիցենզիա չէր տրամադրվի: Այս դեպքում  հարց է առաջանում՝ եթե յուրաքանչյուր տարվա հարկային ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ինչպե՞ս կարող էր օդից գոյանալ այդ «30 միլիարդ դրամի պետությանը հասցված վնաս»-ը: Քանի որ այս ամբողջ ժամանակահատվածում «Օնիրա Քլաբ»-ը տարեկան շուրջ 5.5 միլիարդ դրամ հարկ է վճարել և հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը: Ստեղծված իրավիճակում եզրահանգումը մեկն է. Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո նրա հանդեպ սկսվել են քաղաքական հետապնդումներ և պարզապես որոշվել է գործ սարքել մեր ընկերության գլխին:  Տեղեկացնենք նաև, որ «Օնիրա Քլաբ» ռեստորանահյուրանոցային համալիրն ունի 700 աշխատակից, ովքեր, ի դեպ, սկսված ապօրինի հետապնդումների պատճառով կարող են դառնալ գործազուրկ»,- հայտնել էր ՍՊԸ-ի տնօրինությունը՝ ըստ էության քաղաքական ենթատեքստ տեսնելով այս գործընթացներում:

Եւ ահա, ինչպես պարզվում է Դատախազության պատասխանից, շուրջ մեկուկես տարի գործը քննելով՝ Ազգային անվտանգության ծառայությունն այդպես էլ չի կարողացել պարզել, թե ով է կատարել  իր մատնանշած հանցավոր արարքները, որոնցով պետությանն, ըստ ԱԱԾ-ի, տասնյակ միլիադրավոր դրամների վնաս է պատճառվել. ուստի, հաշվի առնելով, որ հայտնի չէ այն անձը, ով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ, քրեական գործի վարույթը կասեցրել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter