HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միգրանտից՝ գործարար. Ավո Լախոյանի և Արմինե Փանոսյանի պատմությունները

Սիրիահայ Ավո Լախոյանը և լիբանանահայ Արմինե Փանոսյանը ռազմական գործողությունների և տնտեսական ճգնաժամի պատճառով տարիներ առաջ իրենց ընտանիքներով ստիպված են եղել տեղափոխվել Հայաստան: Նրանք կարողացել են հաղթահարել դժվարությունները, հիմնել սեփական բիզնեսը: 

Ոստիկանության տվյալներով՝ 2015 թվականից մինչ 2022-ի հունիսի 20-ը ներառյալ ՀՀ քաղաքացիություն է շնորհվել ազգությամբ հայ Սիրիայի 9682 քաղաքացու և ազգությամբ հայ Լիբանանի 15.234 քաղաքացու:

«Կանաչ սնունդ»-ի կանաչ ճանապարհը 

2017-ին Սիրիայից Հայաստան տեղափոխված Ավո Լախոյանի ընտանիքը, չնայած ֆինանսական սուղ միջոցներին, որոշում է ընտանեկան բիզնես հիմնել: Նպատակն էր ստեղծել այնպիսի արտադրանք, որը Հայաստանում լայն տարածում չուներ: Եւ այդպես առաջանում է արևելյան սնունդ ստեղծելու գաղափարը՝ «Կանաչ սնունդ» անվամբ: Փոքր արտադրամասում, համեստ սարքավորումներով ու մի բլենդերով սկսվում է «Կանաչ սննդի» գործունեությունը: Աստիճանաբար ընկերությունը ճանաչելի է դառնում Երևանի բնակչության համար:

Ավոն Երևան է տեղափոխվել 2017թ.-ի մարտին, ընտանիքը՝ իրենից ամիսներ առաջ, քանի որ ավագ դուստրը պետք է ծնվեր: Տեղափոխվելուց մեկ ամիս անց՝ 2017-ի ապրիլին, սկսել է արտադրությունը: Սկզբնական շրջանում  այնքան գումար չեն ունեցել, որ կարողանային անհրաժեշտ մթերքը մեծ պարկերով գնել, սիսեռը կիլոգրամներով են գնել:

«Կանաչ սննդի» աշխատակիցներն իրենց արտադրամասը որպես մեծ ընտանիք են բնութագրում, որտեղ «պարտադիր» միասին են սրճում և ընդմիջում: Այդպես ընկերության հիմնադիրն է որոշել, որ ոչ թե մեկը ճաշի կամ սրճի, մյուսն աշխատի, այլ միաժամանակ բոլորն էլ սնվեն և հանգստանան:

Ընկերության հնաբնակներից տիկին Ռիմա Դալլաքյանը պատմում է, որ համավարակի ժամանակ շատերն էին բացակայում, և այնպես էր ստացվել, որ Ավոն էր եկել ու օգնում իրեն: Ռ. Դալլաքյանը պատմում է, թե չէր նկատել, որ ֆալաֆելի փաթեթավորման տուփերը վերջացել են, քանի որ մինչ այդ դա իր գործառույթը չի եղել, իսկ քանի որ աշխատակիցների մեծամասնությունն այդ ընթացքում բացակայել է հիվանդության պատճառով՝ այդ թվում նաև արտադրամասի պետը, պետք է նաև հետևեր, թե արտադրամասում ինչ նյութերի կարիք կա:

«Ասեցի, Ավո՛, ֆալաֆելի տուփերը վերջացել են, ասեց՝ ոչինչ, կհավատա՞ք ես ինձ ավելի լավ կզգայի, որ գոնե ինչ-որ մի բան ասեր, ինչ-որ նկատողություն աներ, ասեր՝ ինչի՞ չես ուշադիր եղել, քան թե ասեր՝ ոչինչ: Ու դրանից հետո գալիս է առաքիչը ու հա ֆալաֆել է պետք, ֆալաֆել է պետք: Էնքան էի ինձ վատ զգում, չեք պատկերացնի»,- պատմում է տիկին Ռիման:

«Լավ, հաջորդ անգամ կգոռգոռամ»,- կատակում է Ավոն:

Ավոն, եղբայրներն ու իրենց ընտանիքի անդամները մտադրություն են ունեցել այնպիսի արտադրանք ստեղծել, որը Հայաստանում նոր ու մրցունակ կլինի: Ասում է, որ մինչ այդ արևելյան սննդատեսակներով ռեստորաններ Երևանում շատ կային, բայց դեռևս չկային խանութներ, որտեղ կարելի էր գնել հումուս, զաթար և նմանատիպ այլ ուտեստներ:

Մտածել են նաև վաճառքի մեթոդի հասանելի լինելու մասին, որ ոչ թե ինչ-որ կոնկրետ վայրից արտադրանքը վաճառվի, այլ լինի Երևանի տարբեր շրջաներում գործող սուպերմարկետներում: Ավոն իրենց հաջողությունն է համարում նաև այն, որ արևելյան սննդի մշակույթն իր ուրույն տեղն է գտել Երևանում: Ընկերությունը չի օգտագործում քիմիկատներ, որ արտադրանքը երկար պահպանվի, և սկզբնական շրջանում դա ևս խնդիր է եղել, երբ ընկերությունն այնքան էլ հայտնի չի եղել, ու արտադրանքն իրացնելու խնդիր է եղել:

Այսօր արդեն «Կանաչ սնունդը» ներկայացված է Երևանի գրեթե բոլոր սուպերմարկետներում, համագործակցում են տարբեր սրճարանների ու ռեստորանների հետ: Մտադիր են նաև որոշ արտադրատեսակներ արտահանել, այժմ բանակցություններ են ընթանում օտարերկրյա կազմակերպությունների հետ:

Ավոն իր ու ընտանիքի հիմնած ընկերության գաղտնիքը համարում է այն, որ շատերի նման իրենք Հայաստանը չեն դիտարկել որպես կայարան, որ պետք է ժամանակավոր մնան, փաստաթղթեր ստանան ու մեկնեն այլ երկրներ: Ավոյի համոզմամբ, երբ քո երկրի հետ ծրագրեր չես կապում, գործդ չի կարող հաջողել:

«Միանշանակ էր, որ եթե մենք Սիրիայից դուրս գանք, միանշանակ պետք է գնանք Հայաստան, որոշել ենք մեր ապագան շարունակել Հայաստանում: Ամեն գնով որոշել ենք մեր բիզնեսը հիմնել Հայաստանում և եղբայրներով, ընտանիքով որոշել ենք արտադրել այն արտադրատեսակը, որը Հայաստանում առկա չէր: Հումուսով ենք սկսել ու հետո արդեն մի քանի տեսականի ավելացրել ենք: Սկզբում այն չիմացված ապրանք էր, Երևանի ժողովուրդը չգիտեր՝ դա ինչ է, դրա համար դժվարություն ունեինք: Երկրորդ դժվարությունը, որ լրիվ մաքուր ապրանք էր, քիմիական նյութեր չենք օգտագործում՝ շուտ թթվելու ու խանութներից հետ վերադարձի խնդիր ունեինք»,- պատմում է Ավո Լախոյանը:

 

Վարձով բնակարանից՝ օտար լեզուների ուսուցման կենտրոն

Մասնագիտությամբ մանկավարժ Արմինե Փանոսյանը Լիբանանից Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին, մեկ տարի անգլերեն դասավանդելուց հետո որոշել է լեզուների ուսուցման կենտրոն հիմնել:

«2016-ին հիմնել եմ A+ Skills լեզուների ուսուցման կենտրոնը: Այն սկսել է իր գործունեությունը շատ սուղ միջոցներով, մեկ դասասենյակում, և ես էի հիմնական դասավանդողը, բայց նոր մեթոդները տեսնելով՝ շատ ծնողներ, չափահաս անձինք ոգևորվեցին, և մեր աշակերտների թիվը շատացավ»,- պատմում է Արմինեն:

Արմինեն կենտրոնը հիմնել է վարձակալած բնակարանում: Պատմում է, որ ծանոթները քաջալերելու փոխարեն նախատում էին, թե վարձավճարները բարձր են, դիմողներ չեն լինի, և բիզնեսն անհաջողությամբ կավարտվի: Արմինեն, սակայն, այդ խոսակցություններին ականջալուր չի եղել: Արմինե Փանոսյանն ասում է՝ գիտակցել է, որ կենտրոնն օտար լեզուների դասավանդման նոր մեթոդով էր աշխատելու, հետևաբար վճարն էլ մյուսների համեմատությամբ տարբերվելու էր: 

A+ Skills լեզուների ուսուցման կենտրոնը հիմնադրման առաջին տարում՝ 2017-ի ամռանը, հայտնվել է փակվելու վտանգի առաջ, նույնը՝ կորոնավիրուսի համավարակի, հետո 44-օրյա պատերազմի ժամանակ: Սակայն Արմինեն չի հուսահատվում, որ եկամուտները նվազում են, շարունակում է իր սիրելի աշխատանքով զբաղվել՝ կրճատելով վարձակալած սենյակների քանակը:

Արմինե Փանոսյանը վստահ է՝ ցանկացած դժվար իրավիճակից միշտ ելք կա, կարևորն աշխատելու ցանկությունն է ու սերն առ քո գործը: Արմինեն դեռ ուսանող տարիներից սկսել է Լիբանանում դասավանդել, որդու ծնվելուց հետո մի պահ դադարեցրել է դասավանդումը ու զբաղվել անգլերեն գրքերի հրատարակչությամբ:

Կենտրոնը տարիների ընթացքում ընդլայնել է գործունեությունը, մասնաճյուղեր բացել, այսօր արդեն կենտրոն են հաճախում անչափահասները և մեծահասակները:

Կենտրոն են հաճախում 2 տարեկան և ավելի մեծ տարիքային խմբի երեխաներ, և նույնիսկ իրենց հետ շփումն անգլերենով է:

«Ամեն ինչ արել եմ, չեմ ասել՝ սա իմը չէ, սա դժվար է: Հաջողելու համար պետք է աշխատել ու սիրել աշխատանքդ: Իմ հաջողությունը պայմանավորում եմ իմ բնավորությամբ ու խառնվածքով, ոչ թե լիբանանցի կամ սփյուռքահայ լինելով, ներքին ուժը լիցքավորվում է դրական տրամադրվելով, եթե մեկը չունի դրական մտածելակերպ, ինքը չի հաջողի: Եթե ընկճվես կամ ասես 2 միլիոն եկամուտս ինչպես միանգամից նվազեց, բա ի՞նչ անեմ վարձակալության գումարը և այլն, չես կարող հաջողել»,- ընդգծում է Արմինե Փանոսյանը:

Վերադա՞րձ, թե՞ հայրենադարձություն

Պետության միգրացիոն ծառայության տեսանկյունից՝ վերադառնալ և վերաինտեգրվել կարող են քո երկրի քաղաքացիները, որոնք ինչ-ինչ հանգամանքների պատճառով այլ երկրում միգրանտի կարգավիճակում են եղել:

Հայաստանի միգրացիոն պատմության մեջ առաջին քայլը 2016-ին Կառավարության  հաստատած հայեցակարգն էր փախստական ճանաչված ու ապաստան ստացած անձանց, նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության վերաբերյալ:

Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի խոսքով՝ դա առաջին քայլն էր, երբ Կառավարությունն ուրվագծեց ինտեգրման վերաբերյալ պետության մոտեցումները, բայց միևնույն է, բավական բացեր կային, որովհետև նույն ժամանակահատվածում Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան էր տեղափոխվել շուրջ 23 հազար անձ, որոնց զգալի մասը սիրիահայ էր, մյուս մասը՝ Սիրիայի այլ բնակիչներ:

«Նրանք փախստականի նման իրավիճակում հայտնված մարդիկ էին, որոնք չէին ստանում փախստականի կարգավիճակ, բայց ըստ էության փախստական էին, որովհետև ռազմական իրադարձությունների հետևանքով ստիպված են եղել փոխել բնակության երկիրը ու տեղափոխվել Հայաստան: Չնայած իրենք իրենց հաճախ հայրենադարձ են ընկալում, այդուհանդերձ պետք է հաշվի առնել, որ Հայաստան վերադառնալու որոշման ընդունման գործում առանցքային ազդեցություն են ունեցել ռազմական գործողությունները։ Մենք վերադարձ ենք որակում այն մարդկանց ժամանումը, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի, գտնվում են ՀՀ սահմաններից դուրս և իրենց կյանքի ինչ-որ մի փուլում ստիպված են լինում վերադառնալ Հայաստան՝ անկախ իրենց կամքից: Այս իրավիճակը մենք անվանում ենք կամավոր վերադարձ, և տերմինը խոսում է այն մասին, որ ՀՀ քաղաքացին չի հաջողել ՀՀ սահմաններից դուրս, և իրեն պետք է վերադարձնել»,-մանրամասնում է Նելլի Դավթյանը:

Սիրիայից, Լիբանանից եկածների համար ծրագրեր եղել են 2012-2014 թվականներին, երբ ամենամեծ թվով ներհոսքն էր դեպի Հայաստան, և որպես կանոն, այդ ծրագրերը եղել են հինգ տարով: Այդ ծրագրերից մի մասը երկարաձգվել է ևս երկու տարով, բայց այս պահին այդ ծրագրերը չկան, և սիրիահայերն ու լիբանանահայերն ըստ իրենց քաղաքացիության  պետք է պարզեն իրենց ունեցած իրավունքներն ու պարտականությունները:

Այժմ Կառավարությունում է Միգրացիոն ծառայության կողմից մշակված ՀՀ «Միգրացիոն քաղաքականության ինտեգրման և վերաինտեգրման 2021-2031 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» հայեցակարգը:

Գլխավոր լուսանկարում՝ «Կանաչ սնունդ»-ի աշխատակիցները՝ արտադրամասի բակում:

Մեկնաբանություններ (1)

JAN BOUTOFIAN
ARMENIA SHOULD KISS THE FEET OF LEBANESE AND SYRIAN ARMENIANS WHO HAVE CREATED THOUSANDS OF NEW BUSINESSES IN ARMENIA! THEY ARE HARD WORKING AND VERY SMART! THIS MENTALITY IS WHAT ARMENIA NEEDS AND NOT WHAT IT HAS NOW. THE NSS SHOULD NOT PUT REQUIREMENTS FOR ARMENIAN CITIZENSHIP! ARMENIA IS UNDERPOPULATED WHICH IS A NATIONAL SECURITY THREAT. THE COUNTRY NEEDS MORE CITIZENS, NOT LESS, EVEN IF THOSE CITIZENS DO NOT PHYSICALLY LIVE THERE.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter