HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

13 անձից բաղկացած ընտանիքի ամենանվիրական երազանքը սեփական տուն ունենալն է

«Մեզի կըսեն՝ ինչի եք ըդքան երեխա ունեցել, օր հմի էլ տուն կպահանջեք: Քաղաքապետն էլ է նույն բանն ըսել,նախկին մարզպետ Լիդա Նանյանն էլ: Վարդան Ղուկասյանին դիմեցինք, մեզի «Դոսի» շենքերի էդ կիսաքանդ բնակարաններից տվեց, չվերցրինք, որովհետև դրանք տուն չեն: Հետո նորից ենք դիմել, մեզի ուղարկեց ձրի սնվելու ճաշարան: Թե ինչ կապ ուներ մեր տան պահանջն էդ ճաշարանի հետ, չհասկցանք: Դե, մենք էլ ինքնասիրություն ունենք, էլ իրան էդ հարցով չենք դիմել: Նանյանն էլ հեռուստացույցով ելույթ ունեցավ, թե թող գան մեզ դիմեն կօգնենք, բայց էլի ոչ մի բան չարեց: Մենք էս երկրից բան չենք հասկնա: Կըսեն՝ երեխա բերեք, թող ազգը շատանա, հետո էլ կնախատեն, թե ինչի եք շատ բերել»,- 36-ամյա Լուսինեի կանաչակապտավուն աչքերում տխրություն չկա, ավելի շուտ իրավիճակի հետ համակերպվածություն եմ նկատում:

Հասմիկ, Մանուշակ, Լիաննա, Աննա, Նարինե, Իսրայել, Սամսոն, Մելինե, Էլինա, Անահիտ, Իրինա` 9 աղջիկ, 2 տղա: Մեծը 17 տարեկան է, փոքրը` 3: 2011թ. սեպտեմբերին Լուսինեն լույս աշխարհ բերեց երկվորյակ աղջիկների, սակայն մահացած, այլապես Գևորգյանների ընտանիքում այսօր 11-ի փոխարեն 13 երեխա կլիներ: Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի 49 տանը Գևորգյանները վարձով են բնակվում:

«Էս տունն էլ հազիվ գտանք: Հեչ մարդ չէր ուզե մեզի վարձով տուն տալ: Դե, կտեսնեին օր շատվոր ենք, երեխեքը փոքր են հիմնականում, կվախենային տուն տային: Էս տունն էլ տվեցին, որովհետև էնքան էլ բարվոք չէր, պատերը ճաքած, մի քիչ խարխլված է, տանիքը կկաթա, բայց ուրիշ ճար չունեինք, դոմիկների մեջ ապրելն արդեն անհնար էր: 8 տարի ապրանք, բայց օր նորմալ հարմարություններ չկար, մենք էլ արդեն 13 անձ էինք, ստիպված վարձով եկանք ըստեղ ապրելու»,- պատմում է բազմազավակ մայրը:

Երբ ամուսնացան, Լուսինեն 17 տարեկան էր, իսկ ամուսինը`Արտյոմը, 19 տարեկան: Սիրահարված չեն եղել, բայց մեծ ու ամուր ընտանիք ունենալու գաղափարը միավորել է երկուսին: «Երեխան Աստծո պարգևն է, մենք իրավունք չունենք վիճարկելու նրա ապրել-չապրելու հարցը»,- ասում է 38-ամյա Արտյոմ Գևորգյանը: Նրա եղբայրը նույնպես բազմազավակ ընտանիքի հայր է. 6 երեխա ունի:

«Մեր երկրում, բացի նպաստ տալուց, բազմազավակ ընտանքիներին ուրիշ արտոնություն չեն տա: Սովետի վախտ տունը կուտային, ավտոն կուտային, հանգստյան տան ուղեգիր տարվա մեջ գոնե մեկ անգամ կհատկացնեին: Մեր մոտ փաստորեն շատ երեխա ունենալը պետության համար հոգս է: Ես չեմ ըսե՝ իմ երեխեքիս դու պահե, պետություն: Ես կըսեմ՝ գոնե տուն տուր, մնացածը մենք մե ձևիմ էլի կկարգավորենք»,- նեղսրտում է Արտյոմը:

Ամուսնանալուց հետո Արտյոմն ու Լուսինեն բնակվել են Երևանյան խճուղի թիվ 143ա վթարային շենքի թիվ 31 բնակարանում: Երկրաշարժից վնասված շենքի միակ բնակիչներն էին. բոլորը հեռացել էին, իսկ իրենք մի կերպ հարմարվել էին, որովհետև այլընտրանք չունեին: Երբ 2002թ. շենքն ամրացրին, 3 սենյականոց բնակարանը մարզպետարանը կրկին հատկացրեց սեփականտերերին, այսինքն՝ Արտյոմի ծնողներին` հայտարարելով, որ պետությունը Գևորգյանների նկատմամբ այլևս ոչ մի պարտավորություն չունի: Այդ ժամանակ Լուսինեն ու Արտյոմն արդեն 6 երեխա ունեին: 3 սենյականոց բնակարանում պիտի ապրեին նաև Արտյոմի եղբորը ընտանիքը, ծնողները և չամուսնացած քույրը:

«Մենք ստիպված եղանք 2 հատ 9 մետրանոց դոմիկ առնել ու տեղափոխվել ապրելու «Օդանավակայան» թաղամաս: Անհնար էր 12 հոգով մի տան մեջ ապրելը: Դրա համար էլ ես որոշեցի ընտանիքս առնել դուրս գալ,- պատմում է Արտյոմը:- Եթե հըմի մնայինք, սաղս իրար հետ կլինեինք 24 հոգի: Մենք ինչքան դիմել ենք տան համար, մեզի կառավարության թիվ 432 որոշումն են ցույց տվել: Բայց պետությունը մեր նման ընտանիքների համար, իմ կարծիքով, պիտի առանձին որոշում հանե»:

Բնակարան ստանալու խնդրանքով Արտյոմն ու Լուսինեն բախել են բոլոր պատկան ատյանների դռները: 2008թ. ՀՀ նախագահին հասցեագրված դիմում-նամակի պատասխանը ստացել են Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանից: Վերջինս հիշեցրել է Գևորգյաններին, որ մարզպետի 2003թ. նոյեմբերի 5-ի թիվ 290 որոշմամբ Երևանյան խճուղի 143ա շենքի թիվ 31 երեք սենյականոց բնակարանը հատկացվել է նրանց 12 անձից բաղկացած ընտանիքին:

«Ելնելով վերոգրյալից, ՀՀ կառավարության 10.06.1999թ.-ի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12ա կետի համաձայն, ձեր բնակարանային պայմանները բարելավվել են: Դուք այլևս չեք համարվում երկրաշարժից անօթևան և իրավասու չեք օգտվելու երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար ՀՀ Շիրակի մարզում իրականացվող բնակարանային փոխհատուցման որևէ ծրագրից»,-նշված է եղել պատասխան նամակում:

Իսկ ահա 2009թ. դեկտեմբերի 1-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված պատասխանում մերժումը պաշտոնյան հիմնավորել էր նրանով, որ բնակարան իրենք տրամադրում են «Պետական աջակցություն և մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանի տրամադրում» ծրագրերի շահառուներին: Իսկ Գևորգյանները, ցավոք, չեն բավարարում ծրագրի շահառու դառնալու պայմաներին: «Էս պատասխանն օր ստացանք, ես ու ամուսինս շվարել էինք, ուրեմն մենք պիտի մեռնենք, որ մեր երեխեքը բնակարան ստանան. քանի մենք կանք, իրավունք չենք ունենա սեփական տան մեջ ապրելու»,- Լուսինեն բարեսրտորեն ծիծաղում է:

Գևորգյանների 11 զավակներից 6-ը հաճախում է թիվ 27 հանրակրթական դպրոց, երեքը` մանկապարտեզ, մեծ աղջիկը` Հասմիկը, սովորում է Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանի «Կար ու ձև» բաժնում: Տանը մոր հետ մնում է միայն 3-ամյա Իրինան: Փոքրիկը քույրերից ամենաաշխույժն է ու ծնողներից անընդհատ պահանջում է իրեն մանկապարտեզ տանել: Նրա ձիթապտուղ հիշեցնող աչուկներում անհոգության երանգներ են, ու նա միակն է, որ տան 12 անդամների նման ոչ թե սեփական տան մասին է երազում, այլ մանկապարտեզ կոչված ինչ-որ խորհրդավոր բանի, ուր ամեն առավոտ հաճախում են իրենից մեծ քույրիկները:

Ընտանիքի միակ եկամուտը 95 հազար դրամ նպաստն է և Արտյոմի պատահական աշխատանքով վաստակած գումարները: Ամեն ամիս 100 կգ ալյուր են գնում: Հացը տանն են թխում: Անցած ձմեռ միայն 800 կգ կարտոֆիլ են գնել, այն էլ պարտքով: Տարբեր բարեգործական կազմակերպություններ օգնում են հագուստի հարցում: Ժամանակ առ ժամանակ աջակցում են՝ օգտագործած էլեկտրաէներգիայի գումարը փոխհատուցելով: Տիկնիկային թատրոնի տոմսեր են տրամադրում, միջոցառումների են հրավիրում, ասում է Լուսինեն: Իրենց կյանքի ամենանշանակալից միջոցառումը եղել է 2011թ. մայիսի 15-ին նշվող «Ընտանիքի օր» տոնակատարության շրջանակներում Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանին հյուրընկալվելը:

«Պատվոգիր ու 100 հազար դրամ տվեցին՝ որպես երիտասարդ, բազմանդամ ընտանիքի,- պատմում է Լուսինեն:- Ես գիտեի, որ էլ ուրիշ առիթ չեմ ունենա անձամբ ԱԺ նախագահի հետ խոսելու, ու էն պահին, օր ինքը կանցներ մոտիցս, թևից բռնեցի: Կարող է՝ արածս անշնորհքություն էր, բայց տան հարց կար, ու ես պ.Աբրահամյանից խնդրեցի մեզ աջակցել: Ինքն էլ թե տիկին, կարող է՝ ճիշտ չեք ասում, մեզ պ.Ղուկասյանն ասել է, որ Գյումրիում նմանատիպ բոլոր հարցերը լուծված են: Քիչ մնաց գետինը մտնեի, փաստն էն էր, օր ես տուն չունեի, բայց մարդիկ կկասկածեին իմ ըսածներիս վրա»:

Այդ ժամանակ Լուսինեն հղի է եղել: Գիտեր, որ երկվորյակներ են ծնվելու: Այդ մասին հայտնել է Հովիկ Աբրահամյանին, վերջինս էլ հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որ երկվորյակները ծննդատնից ոչ թե վարձով, այլ իրենց սեփական տունը տեղափոխվեն: «Բայց դե երեխաներից մեկը մահացած ծնվեց, մյուսը 10 օր հետո մահացավ: Հովիկ Աբրահամյանն էլ հիմա իր պաշտոնում չէ, ու խոստումն էդպես էլ խոստում մնաց: Մեր միակ հույսը երկրի նախագահն է: Պատրաստ ենք կրկին նամակով դիմելու, բայց բացարձակ վստահ չենք, թե գրածներս իրան կհասնի»,-ասում է Լուսինեն:

17-ամյա Հասմիկը 3 տարեկան Իրինան

Արտյոմն ու Լուսինեն իրենց խիստ ծնողներ չեն համարում: Քիչ են պատժում, ծայրահեղ դեպքում մի կարճ ժամանակով անկյուն են կանգնեցնում չարության հեղինակին: Տանը հեռուստացույց չունեն: Արտյոմի կարծիքով, այդ «արկղը» պարզապես խաթարում է երեխաների ներաշխարհը, անգամ մուլտֆիլմերն ագրեսիա են պարունակում: «Իսկ լուրեր լսելու ցանկություն չե՞ք ունենում»,- հարցնում եմ Արտյոմին: «Լուրե՞ր,- Արտյոմը ծիծաղում է:- Մե կես ժամով դուրս արի հայաթ, ահան քեզի լուր: Դե, մենք հո մեկուսացված չենք, հարևանների հետ կշփվինք, ընկեր, հարազատ-բարեկամ գուկան կերթան կշփվինք, էդ քու ըսածդ լուրերը սաղ կիմանանք, ինչ կարիք կա, օր հեռուստացույց նայենք»:

Խնդիրները շատ են, սակայն Գևորգյանները ձգտում են, որ երեխաները գոնե միջնակարգ կրթություն ստանան: «Շատ լավ կսորվին երեխեքս, բայց ես հըմի ուզեմ չուզեմ Մանուշակիս ու Լիաննայիս պիտի 9-րդ դասարանից հանեմ տունը նստցնեմ: Բարձրագուն կրթության տալը երազանք է: Հասմիկս կարի մեքենա գուզե, օր առնինք իրա կար ու ձևն էնե, ես լվացքի մեքենա չունիմ: Դե, տան խնդիրը կա ու կա: Նոր տարուն մարզպետարանի երեխաների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը հրավիրել էր, որ նվերներ տար, Մելինեին հարցրեց, թե ինչ գուզեիր, օր Ձմեռ պապին բերեր, երեխես տուն ուզեց: Դա մեր բոլորիս ամենամեծ ու նվիրական երազանքն է»,- ասում է Լուսինեն:

Մեկնաբանություններ (13)

Garo
Varaz Syuni you TRULY need to have your head examined, for a gay like you who sees always wrong somewhere else, I will tell you the ultimate wrong is inside you.. You are possessed believe me.
Artyom H. Melkonyan
Երանուհի Սողոյան, hatuk shnorhakalutyun dzez, ajakcutyan hamar.
Liana
Varaz Syuni, ete drsin edqan dem es, inch es anum AMsterdam, gna hayastan, hayrenasirutiun ara.
Zara
Ժողովուրդ ջան, հերիք է վիճաբանեք, մեկ է մենք գլոբալ հարցեր չենք կարող լուծել: Տվյալ դեպքում պետք է օգնել էս ընտանիքին, հոդվածում նշվում է կարի մեքենա է պետք, լվացքի մեքենա է պետք և այլն: Կարող եք օգնել, ուրեմն կապ հաստատեք Երանուհի Սողոյանի հետ կամ Վահան Թումասյանի հետ, իրենք հաստատ տեղ կհասցնեն ձեր օգնությունը: Օգնեք անպայման
Երանուհի Սողոյան
Նրանք ովքեր իսկապես կուզենան օգնել այս ընտանիքին, կարող են կապ հաստատել ինձ հետ: Շնորհակալություն:
mahmouzian
every single persons working for the armenian government are con artist from the top to the bottom.it is just so criminel .they have no shame it is in there blood.you find them here too in glendale
zohrab
good family good parents look how well they are looked after.but i know they need a hand please help them encourage similar families armenia these families are your assets look after them
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Թող դիմեն իրենց 5000 դրամանոց պատգամավորներին: Կամ էլ Բազմազանության Շքերթի դեմ իրենց կոտրատող «հայրենասերներին»:
drizzlebrain
կամ էլ ձրի խորհուրդներով Հայաստաննին օժանդակող Վարազ Սյունիին (ամենակարևոր նշումով` Ամստերդամ): Վարազ կարող ես օգնել, օգնիր, չես կարող` լռիր; այս ընտանիքը քո անվճար խորհրդատվության կարիքը հաստատ չունի:
Քրիստինե
Հարգելի Վարազ, կարծում եմ, ճիշտ հրապարակում չեք ընտրել Ձեր հոգու խռովքը ներկայացնելու համար:
Vahan Tumasyan
Երանուհի ջան առաջիկա մի քանի օրվա մեջ, երբ ժամանակ կգտնես արի մեր գրասենյակ, միասին կգնանք ու այս ընտանիքի բոլոր անդամներին կաջակցենք հագուստով և ոչ միայն... սպասում եմ Շիրակ կենտրոնի գրասենյակում...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(Դրսից եկած) օգնություններն են պատճառը,որ այսպիսի ընտանիքներ դեռ կան ու կան: Ներս եկած փողերով օլիգարխային իշխանություններն ոչ միայն խուսափեցին իրենց պարտականություններից,այլև ՆՈՒՅՆ փողերով իրենց շուրջը ամրոցներ սարքեցին: Եթե այդ օգնությունները չլինեին,Հայաստանում մարդիկ ՎԱՂՈՒՑ այդ օլիգարխացված էլիտային ՔՇԱԾ կլինեին: Այս ընտանիքի նման ընտանիքները Հայաստանում ԲԱԶՄԱԹԻՎ են: Հերիք ՔՑԵՑԻՔ ( դրսի) Հայերին: Դուք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ու ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ չունեք?
Նե
Վարազ Սյունի, այս ընտանիքին ընդամենը տուն է պետք, որ պիտի հատկացնի պետությունը: Դժվար է հասկանալը??????....Ես չեմ ըսե՝ իմ երեխեքիս դու պահե, պետություն: Ես կըսեմ՝ գոնե տուն տուր, մնացածը մենք մե ձևիմ էլի կկարգավորենք»,- նեղսրտում է Արտյոմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter