HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք». ԲԴԽ անդամը՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի խոսակցության մասին

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, դատավոր Ստեփան Միքայելյանն ընդունում է, որ ինքն է նախաձեռնել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հանդիպումը: Այսօր դատավորների ընդհանուր ժողովին եկած Միքայելյանը փորձեց խուսափել Ջհանգիրյանի և Վարդազարյանի միջև տեղի ունեցած ձայնագրության մասին լրագրողների հարցերին պատասխանելուց, բայց, այնուամենայիվ, չստացվեց: Հարցին՝  ի՞նչ էիք ցանկանում պայմանավորվել, Միքայելյանը պատասխանեց, որ այդ մասին Վարդազարյան ու Ջհանգիրյանն արդեն խոսել են:

ԲԴԽ անդամը հիշեցրեց, որ Ջհանգիրյանի և Վարդազարյանի միջև խոսակցության ձայնագրությունը հրապարակելուց հետո քրեական գործ է հարուցվել, քննություն է իրականցվում, և ինքն իրավունք չունի դրա վերաբերյալ դիտողություն կամ կարծիք հնչեցնելու:

Լրագրողների դիտարկմանը, որ Միքայելյանը նաև իրավունք չուներ միջամտելու ԲԴԽ անդամի անկախությանը կամ հանդես գալու՝ որպես միջնորդ, Միքայելյանը պատասխանեց, որ իր արարքում միջնորդ լինելու խնդիր չի եղել:

«Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք: Իմ ցանկությունն է եղել, որ երկու ընկերներս, որոնք իրար հետ որոշակիորեն փոխադարձ լարվածություն ունեին…»,- Միքայելյանը չկարողացավ ավարտել միտքը, երբ լրագրողներից մեկը դիտարկեց, որ այդ հանդիպումը ընկերական չէր, գործնական էր:

Հետո լրագրողները հարցրին՝ այս ձայնագրության հրապարակումից հետո ինչո՞ւ Միքայելյանը հրաժարական չի տվել, ինչին ի պատասխան ԲԴԽ անդամն ասաց, որ եթե նման անհրաժեշտություն տեսնի, հրաժարական կտա:

«Դուք միջամտել եք արդարադատությանը»,- ասաց լրագրողներից մեկը, ինչին ի պատասխան՝ Միքայեյանն ասաց, որ ինքը արդարադատությանը չի միջամտել: 

«ԲԴԽ անդամի անկախությանը նույնպե՞ս չեք միջամտել»,- հարցից հետո Միքայելյանը նստեց մեքենան ու հեռացավ:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակել էր իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ 2021 թվականի փետրվարին տեղի ունեցած զրույցի ձայնագրություն, որում Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից։ Ըստ Վարդազարյանի՝ Ջհանգիրյանը երաշխավորել է, որ հրաժարական տալու պարագայում իր դեմ քրեական գործ չի հարուցվի: Այս ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանը առողջական խնդիրներով պայմանավորված՝ արձակուրդ է մեկնել, ապա հրաժարականի դիմում ներկայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter