HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Մեսրոպ Մակյանը՝ դատավորների ծանրաբեռնվածության, ԲԴԽ նախագահի ընտրության և այլ հարցերի մասին

Ի՞նչ է փոխվել Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո: Լրագրողների այս հարցին այսօր ԲԴԽ դատավոր անդամ Մեսրոպ Մակյանը պատասխանեց՝ փոխվել է այն, որ ԲԴԽ-ում հասել են մի սահմանագծի, երբ երբեմն քվորում չի ապահովվում որոշ հարցերի քննարկման համար:

Մակյանը հիշեցրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը ընդամենը մեկ ձայնի իրավունք ունեցող անձ է, այլ ոչ թե ԲԴԽ մյուս անդամների ղեկավարը, այսինքն՝ օրենսդրությունն այնպիսին է, որ ԲԴԽ նախագահի փոփոխությունը չի կարող խորհրդում մեծ փոփոխություն մտցնել:

Մակյանը խոսեց նաև դատավորների ծանրաբեռնվածության մասին՝ նշելով, որ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը անմարդկային է: Դատավորը հիշեց այն ժամանակաշրջանը, երբ ինքը նոր էր աշխատում,  մի դատարանում  մեկ տարվա ընթացքում մոտ 100 գործ էր ստացվում, իսկ հիմա յուրաքանչյուր դատավորի վարույթում  շուրջ 200 գործ կա, ինչի պատճառով դատական նիստերը ձգձգվում են:

Լրագրողները խոսեցին այն մասին, որ վերջին շրջանում անընդհատ բարձրաձայնվում է, որ կալանքը դարձել է անձանց պատժելու միջոց: Մակյանը այս տեսակետին համաձայն չէ: ԲԴԽ անդամի խոսքով՝ կալանավորվածների թիվը վերջին շրջանում էականորեն նվազել է: Լրագրողները հակադարձեցին, որ խոսքն այն մասին է, որ կալանքը որպես պատիժ կիրառվում է քաղաքական գործերով:

«Ամենայն հարգանքով Ձեր նկատմամբ, բայց եթե Դուք որոշակի փաստեր միակողմանի չմեկնաբանեք…. Օրինակ ինչո՞ւ չեք մեկնաբանում, որ Ձեր բնութագրմամբ՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործով այս կամ այն անձն ազատ արձակվեց: Այս ամենը լռության է մատնվում, իսկ կալանավորումը՝ լուրջ ռեզոնանս առաջացնում»,-ասաց Մակյանը:

Դատավորն անդրադարձավ նաև ԲԴԽ նախագահի ընտրության հարցին: Վերջինս նշեց, որ ԲԴԽ անդամ պետք է ընտրվի իրավաբան գիտնականներից մեկը, քանի որ նախորդ նախագահը եղել է դատավոր անդամ:

Նշենք, որ մեկ անգամ ԲԴԽ նախագահի  ընտրությունը տապալվել է. իրավաբան գիտնականներից որևէ մեկը չի հավաքել բավարար ձայներ, որից հետո գործող օրենքի համաձայն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է դատավոր Սերգեյ Չիչոյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter