HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կաթդ ջուր է, կաթնախառնուրդ տուր». մայրերն ընդդեմ 55 միլիարդ դոլարանոց բիզնեսի

Հայաստանում կրծքով սնուցման ցուցանիշները վերջին տասնամյակներին բարելավվել են: Եթե 2010 թ.-ին մինչև 6 ամսական երեխաների միայն 35 տոկոսն էր բացառապես կրծքով կերակրվում, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 45-ի: Առաջընթացն ակնհայտ է, բայց՝ ոչ գոհացուցիչ: Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը փաստում է, որ մեր երկրում երեխաների 97 տոկոսը երբևէ կերակրվում է կրծքով, այնուհետև այդ գործընթացն ինչ-որ պատճառներով խաթարվում է, և բոլոր նորածինների կեսից ավելին՝ 52 տոկոսը, զրկվում է կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով սնվելու իր իրավունքից: Հիշեցնենք՝ համապատասխան սնուցումն է, որ թույլ է տալիս երեխաներին հասնել առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին:

«Երեխան շշից հեշտ խմում էր կաթն ու էլ ջանք չէր ուզում թափել, կրծքից հրաժարվեց»

Փորձագետներն ասում են, որ կրծքով կերակրումը միայն մայրիկի գործը չէ: Այս կարևոր քայլը խթանելու հարցում դեր ունեն նաև բուժաշխատողները, ընտանիքն ու գործատուները: Սակայն հաճախ կերակրող մայրերն աջակցություն ստանալու փոխարեն կրծքով սնուցման մասին կեղծ կամ թերի տեղեկություններ ունեցող հարազատներից դիտողություններ են ստանում:

Մայրական կաթի մասին տարածված առասպելներից մեկի համաձայն՝ այն կարող է «անորակ», «անյուղ» լինել: Այս միֆին բախվել են «Հետքի» հետ զրուցած երիտասարդ մայրերը: 27-ամյա Նելլին ասում է, որ առաջեկի ժամանակ իր և ամուսնու մայրերը երկուսն էլ համոզված են եղել, որ իր կաթը սննդարար չէ, երեխայի լացը համարել են սոված մնալու նշան՝ ստիպելով արհեստական կաթ գնել. «Առաջնեկիս ժամանակ անպատրաստ ու անփորձ էի, իսկ երկրորդ երեխայիս ծնվելուց առաջ կրծքով կերակրելու մասին շաբաթներով կարդացել եմ: Սկեսրոջս ասացի՝ խնդրում եմ, որ ոչ դու, ոչ էլ մայրիկս չխառնվեք, ես կկերակրեմ երեխուն, ես ունեմ կաթ, ու իմ կաթը լավագույնն է»: Սակայն ոչ բոլոր պատմություններն են այսպես ավարտվում, մեզ հետ զրուցած մեկ ուրիշ կին հիշում է, որ « (...) սկեսուրս անընդհատ ասում էր, որ աղջիկս չի կշտանում, սոված է մնում: Բայց իմ կաթն այնքան շատ էր, որ մինչև մի կուրծքս ուտում էր երեխան, մյուսից հոսում էր կաթը: Երեխան լավ քաշ էր հավաքում, բայց այնքան ճնշումների հանդիպեցի տանը, այնքան ասացին՝ կաթդ չի հերիքում, ստիպված զիջեցի, ասացի՝ դե, եկեք կաթնախառնուրդ տանք օրը 1 անգամ: Ցավոք, այդ 1 անգամ շշով կաթնախառնուրդ տալը ամեն ինչ փչացրեց, որովհետև երեխան շշից հեշտ խմում էր կաթն ու էլ ջանք չէր ուզում թափել, այդպես կրծքից հրաժարվեց»:

Կրծքով կերակրման ձախողման պատմություններում քիչ չեն դեպքերը, երբ բուժաշխատողներն են դրա մեղավորը: Կեսարյան հատմամբ ծննդաբերած Գոհարը պատմում է. «Տղաս վաղաժամ ծնվեց` մեկ ամիս շուտ: Անհասիկ էր համարվում: Երեխայիս հատուկ պայմաններում էին պահում, շնչառական սարք էր միացրած, ինձ մոտ բերել են միայն վեցերորդ օրը: Մինչ այդ մեզնից կոնկրետ ֆիրմայի կերակրախառնուրդ պահանջեցին, ասացին՝ անհասիկներին դա է ցուցված, միայն այդ կերակրախառնուրդի միջոցով կկարողանա երեխաս ստանալ անհրաժեշտ վիտամինները» (ավելի ուշ մենք ցույց կտանք, որ այս նշանակումը  կոպտորեն խախտել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը): Գոհարի ներկայացմամբ՝ 6 օր երեխային կրծքին չմոտեցնելու հետևանքով այդպես էլ կաթ չի ունեցել: Մասնագետները խորհուրդ չեն տալիս երեխային մորից հեռու պահել, բայց եթե լուրջ խնդիր կա, հարկավոր է անպայման խթանել կաթնարտադրությունը, դատարկել կրծքերն ու երեխային կերակրել մոր կաթով: Ըստ մանկաբույժ, կրծքով սնուցման փորձագետ Հասմիկ Լալայանի՝ հետծննդաբերական շրջանում ամենաուշը մեկ ժամվա ընթացքում պետք է սկսել կուրծքը խթանել, պարբերաբար, անկախ նրանից՝ կաթ գալիս է, թե ոչ՝ պետք է կրծքագեղձը երկու կողմից հավասարաչափ խթանել: Տիկին Լալայանը բացատրում է. «Բնական ծննդաբերության բուն պրոցեսի ընթացքում արդեն համապատասխան հրահանգը ուղարկվում է կնոջ գլխուղեղ, որտեղ սկսում են ակտիվանալ պրոլակտին և օքսիտոցին հորմոնները, և կնոջ օրգանիզմը նախապատրաստվում է կրծքով կերակրմանը: Իսկ կեսարյան հատման ժամանակ պրոցեսը կտրուկ է, մի իրավիճակից արագ անցում է կատարվում մյուս իրավիճակին, դրա համար կնոջ օրգանիզմին որոշ ժամանակ է անհրաժեշտ: Այդ պատճառով կեսարյան հատմամբ ծնված բալիկներին նույնպես պետք է հնարավորինս շուտ մաշկը մաշկին շփում ապահովել, մոտեցնել կրծքին, ակտիվացնել կրծքագեղձը, կթել, որպեսզի հնարավորինս շուտ սկսի կաթնարտադրության պրոցեսը»: Այնինչ Գոհարն ասում է, որ ինքը չի իմացել դրա մասին, բժիշկներն էլ չեն բացատրել: 

Մեկ ուրիշ երիտասարդ մայրիկ՝ 22-ամյա Մանեն պատմում է, որ հղի ժամանակ կորոնավիրուս է տարել, ինչի պատճառով որդին թույլ արտահայտված առողջական խնդիրներով է ծնվել: Նա կրծքով կերակրման ձախողման մեջ մեղադրում է բուժաշխատողներին. «4 օր առանձին ենք եղել, ասում էի՝ կթեմ, իմ կաթով կերակրեք երեխայիս, կտրուկ ասում էին՝ չէ, քո կաթի մեջ սնունդ չկա։ Ծննդատանը շշին սովորեց երեխաս, հետագայում էլ կուրծք չբռնեց, արդեն 9 ամսական կլինի՝ կաթնախառնուրդ է ուտում: Շատ էի ուզում ինքս կերակրել երեխայիս, ափսոսում եմ շատ, որ չստացվեց»:

Մեր հաջորդ զրուցակիցը Մելինեն է: Նա հիշում է, որ դուստրը նորմայի սահմաններում քաշ հավաքելիս է եղել, բայց «թմբլիկ» չէր. «Մանկաբույժը ամուսնուս բարեկամներից է, ասել էր, որ կաթս կթեմ՝ պոլիկլինիկա տանեմ հետս: Երբ շիշը տեսավ, թափահարեց այն, ցույց տվեց, որ պատերին յուղ չի մնում, ասաց՝ կաթդ ջուր է, սննդային արժեք չունի, պիտի կաթնախառնուրդ ավելացնենք, որպեսզի քաշ հավաքի երեխան»:

«Ամոթ է, որ նոր հարսը մեկին վատ բան ասի, բողոքի»

Այն, որ կաթնախառնուրդների բացահայտ կամ քողարկված գովազդով երբեմն հենց բուժաշխատողներն են զբաղվում՝ գիտեն նաև Առողջապահության նախարարությունում: ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանի ներկայացմամբ՝ այս տարի արձանագրվել է նմանատիպ դեպք, երբ բուժաշխատողը սոցիալական ցանցերում ակնառու գովազդել է որոշակի ֆիրմայի ապրանքատեսակ. «Առկա փաստերն ուղղորդել ենք տեսչական  մարմին, որի արդյունքում համապատասխան բուժաշխատողն ու տնօրինությունը ոչ միայն զգուշացվել են, այլև բավականին մեծ վարչական վարույթի են ենթարկվել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Լ. Ավետիսյանը: Նա ընդգծում է, որ կրծքով կերակրման խրախուսումը ԱՆ կարևորագույն  դիրքորոշումներից է. «Մայրական կաթը սպիտակ ոսկի են գնահատում իր արժեքի համար, այն լավագույնն է երեխայի աճի ու զարգացման, ինչպես նաև՝ մայրերի համար»,- նշում է նա և հիշեցնում, որ արհեստական կաթնախառնուրդների վաճառքը, գովազդը, անգամ՝ դրանց մասին տեղեկությունների տարածումը կանոնակարգվում են օրենքով: Խնդիրը, սակայն, այլ տեղ է թաքնված. առանց ծնողների ահազանգի հնարավոր չէ օրենքի խախտման հետքերով գնալ. «Նախարարությունը երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին հրաշալի օրենք է գրել, մեր օրենքն արգելում է ոչ միայն կաթնախառնուրդի գովազդը, այլև հարակից ապրանքների, օրինակ՝ որոշակի ֆիրմայի գրիչ, ծծակ, շիշ: Ժամանակին շիշ էին նվիրում, հիմա դա արգելված է»:

Տիկին Ավետիսյանի ներկայացմամբ՝ ԱՆ-ն շարունակաբար սեմինարներ և վերապատրաստումներ է անցկացնում կրծքով կերակրման իրազեկվածությունը բարձրացնելու համար: Տեսչական մարմինն էլ  մշտադիտարկումներ է իրականացնում ծննդատներում և նորածնային բաժանմունքներում: Բայց կոնկրետ դեպքերում գործելու համար պահանջվում է ծնողների ահազանգը՝ դիմումի կամ հեռախոսազանգի տեսքով:

Հատկանշական է, որ մեզ հարցազրույց տված մայրերը, որոնց բուժաշխատողները ուղղակի կամ անուղղակի մղել են կաթնախառնուրդ գնել, իրենց փորձառության մասին պատմում են միայն անանուն մնալու պայմանով: Մենք ունեինք նաև տեղեկություն, որ նախորդ տարի կաթնախառնուրդ վաճառելու մեղադրանքով մի ընտանիք դատարան հայց է ներկայացրել երեխայի մանկաբույժի դեմ, սակայն դեպքի մանրամասներն իմանալ չստացվեց, քանի որ ընտանիքը չցանկացավ այն հանրայնացնել:

Ինչու՞ են լռում մայրերը հարցին միանշանակ պատասխան չկա: Դեպքերը տարբեր են, իրավիճակներն՝ անհատական: Երբեմն մշակութային առանձնահատկություններն են դեր խաղում, ինչպես օրինակ՝ Մելինեի դեպքում.

«Ամուսինս էլ, սկեսուրս էլ դեմ են, որ բողոքես կամ մի բան անես, քանի որ ես նոր հարս եմ, իրենց քաղաքն էլ փոքր քաղաք է, իրար ծանոթ-բարեկամ են բոլորը, ամոթ է, որ նոր հարսը մեկին վատ բան ասի, բողոքի»: Երբեմն էլ ծննդկանը խոցելի իրավիճակում է գտնվում, ինչպես Գոհարը. «Ես վատ էի բավականին, որ ասացին՝ կաթնախառնուրդ է ցուցված, ուղղակի ընդունեցի ի գիտություն: Նախարարություն զանգել-բողոքելն ամենավերջին բանն էր, որ կարող էի այդ պահին անել»:

Ի դեպ, նորածնին կոմերցիոն կաթով սնելը ընտանեկան բյուջեի վրա մեծ բեռ է դառնում: Գոհարն ասում է, որ ծննդատանը նշանակված կաթնախառնուրդը թանկ է եղել, մեկ տարայի արժեքը՝ 10 հազար դրամ: Նրա խոսքով՝ սկզբում, երբ երեխան դեռ 30 գրամ կաթ էր խմում, դժվար չէր, բայց գրամներն ավելանալուն զուգահեռ ընտանիքի ֆինանսական բեռը մեծացավ, տեղամասային բժշկուհու խորհրդով թանկ կաթնախառնուրդը փոխարինեցին մատչելիով: Մեկ ուրիշ մայրիկ էլ պատմում է. «Ամուսինս հիմնական աշխատանքից բացի տաքսու վարորդ է աշխատում: Օր է եղել, սպասել եմ գործից հետո մի քանի պատվեր ունենա, մեզ կաթնախառնուրդ հասցնի»:

«Ինչպե՞ս է մանկական կաթնային սննդի շուկայավարումն ազդում երեխայի սնուցման վերաբերյալ մեր որոշումների վրա»

Տարեսկզբին ԱՀԿ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի զեկույց հրապարակեցին, որը ցույց է տալիս, որ հղիներն ու մայրերը կաթնախառնուրդների ագրեսիվ գովազդի են ենթարկվում: Մասնագետները հարցազրույցներ են անցկացրել 8 երկրի 8500 մայրերի և հղի կանանց, ինչպես նաև՝ 300 բուժաշխատողների հետ և բացահայտել, որ նորածիններին արհեստական կաթնախառնուրդներով կերակրելու որոշումը զերծ չէ մարքեթինգային հնարքների ազդեցությունից: Հետազոտողներն ասում են, որ թեև գովազդը մեր առօրյայի անբաժան մասն է, այնուամենայնիվ, մանկական սնունդը չի կարող նույն սկզբունքով գովազդվել, ինչ օրինակ՝ շամպունը, սառնարանը կամ կոշիկը: Ծնողներն իրավունք ունեն նորածինների սնուցման մասին անկողմնակալ տեղեկություններ ստանալ, սակայն մանկական սնունդ արտադրող ընկերությունները, որոնց տարեկան եկամուտը 55 մլրդ դոլար է, բիզնես շահերից ելնելով՝ կրծքի կաթի փոխարինիչների գովազդի ու խրախուսման անընդունելի մեթոդներ են կիրառում: Նրանք աղճատում և թերի են մեկնաբանում գիտական փաստերը, որպեսզի դրանք ծառայեցնեն իրենց կեղծ պնդումներին: Օրինակ՝  ներկայացվում է, իբրև կաթնախառնուրդը համարժեք կամ համեմատելի է կամ գերազանցում է կրծքի կաթին: 

Հետազոտողները հատկապես մտահոգիչ են համարում այն, որ կաթնախառնուրդների արդյունաբերությունը համակարգված թիրախավորում է բուժաշխատողներին և խրախուսում է նրանց խթանել կրծքի կաթի փոխարինիչները: Հովանավորությունն ու վերապատրաստման միջոցառումներն օգտագործվում են՝ հարաբերություններ հաստատելու և բուժաշխատողների առաջարկությունների վրա ազդելու համար: Կաթնախառնուրդների շուկայավարումը խաթարում է ծնողների վստահությունը կրծքով կերակրելու նկատմամբ: Շատ կանայք ցանկանում են կրծքով կերակրել, սակայն ռազմավարական և համոզիչ մարքեթինգային հաղորդագրությունների շարունակական հոսքը նվազեցնում է նրանց վստահությունն իրենց նկատմամբ:

«Յուրաքանչյուր մայր արտադրում է հենց իր երեխայի համար անհրաժեշտ կաթ»

Նորածնի ստացած առաջին սնունդը ցանկալի է մոր կաթնախեժը լինի, վստահ է մանկաբույժ, կրծքով կերակրման վերապատրաստված մասնագետ Հասմիկ Լալայանը: Նա ՀՀ մի շարք բուժհաստատություններում «Մայրության դպրոց» է վարել, վերջերս էլ հղիների և մայրերի համար հանդիպում-քննարկում էր նախաձեռնել կրծքով սնուցման առավելությունների, կերակրման ճիշտ դիրքերի և հանդիպող դժվարությունների հաղթահարման թեմաներով: Տիկին Լալայանը բացատրում է՝. «Մոր կաթնախեժը հենց այն է, ինչ պետք է երեխային, քանի որ այն հարուստ է միկրոֆակտորներով, որոնք գնում և օծում են նորածնի մարսողական համակարգը ստերիլ: Մաշկը մաշկին շփումը և կրծքով կերակրումը բալիկի առաջին իմունիզացիան են»:

Վերլուծելով մինչև 6 ամսական երեխաներին բացառապես կրծքով չկերակրելու պատճառները՝ մենք երեք տարածված խնդիր էինք առանձնացրել, որոնք քննարկել ենք մանկաբույժ Հ. Լալայանի հետ:

Առաջին խնդիրն այն է, որ հաճախ խնամակալները նորածնի լացի պատճառը երեխայի սոված մնալն են համարում: Հիմնվելով այդ պատկերացման վրա, նրանք ենթադրում են, որ մայրական կաթը չի բավականացնում կամ սննդարար չէ, հետևաբար՝ հարկավոր է նաև կաթնախառնուրդ տալ երեխային: Մանկաբույժը չի բացառում, որ անբավարար կաթնարտադրությունը կարող է լացի պատճառ լինել, սակայն ընդգծում է, որ նորածինների լացի բազմաթիվ այլ պատճառներ էլ կան, օրինակ՝ հոգնածությունը, կաթի ավելցուկը, անհարմարավետ միջավայրը, ցավը, շոգը, ցուրտը, թաց տակաշորը, չափազանց շատ հյուրերի առկայությունն ու այցելությունները, մոր ընդունած դեղերը կամ սնունդը, կոֆեինը, սենյակում ծխի առկայությունը և այլն: Բացի այդ՝ կան նաև մեծ պահանջներ ունեցող երեխաներ, որոնց հարկավոր է գրկել ավելի շատ:

Հ. Լալայանը բացատրում է կաթնարտադրության մեխանիզմը: Պարզվում է՝ որքան ուտում է երեխան՝ այնքան լցվում է կաթը: Դա նշանակում է, որ եթե որևէ կերակրում բաց թողնի երեխան, այդ ընթացքում կրծքագեղձը հրահանգը չի ստանա կաթի արտադրության: Ահա, թե ինչու է անհրաժեշտ կերակրել երեխային ըստ պահանջի: Մանկաբույն ասում է, որ կուշտ լինելու մյուս ցուցիչներն էլ երեխայի քաշի ավելացումն ու 24 ժամվա ընթացքում միզելու քանակն է: Եթե այս երկու ցուցիչները գոհացուցիչ են՝ կարող ենք վստահ լինել, որ երեխան կշտանում է, լացի պատճառն այլ է:

Մյուս խնդիրը, որ մեզ հետ զրուցած մայրերը նշել են, այն է, որ ծննդատներում ժամկետից վաղ ծնված երեխաներին երբեմն արգելում են մայրական կաթով սնուցել՝ պատճառաբանելով, որ նրանց կաթնախառնուրդ է ցուցված: Մանկաբույժն այս պրակտիկան համարում է սխալ. «Սովորաբար, երեխաների ծծելու ռեֆլեքսը 32-33 շաբաթականից ձևավորված է, անգամ դրանից շուտ: Ամբողջ աշխարհի ցուցանիշներով՝ երեխաների 10-15 տոկոսը ծնվում է փոքր՝ 2,5 կգ.-ից ցածր քաշով: Դրա պատճառները տարբեր են: Բայց անկախ պատճառներից՝ կրծքագեղձն արտադրում է հենց տվյալ բալիկին անհրաժեշտ կաթը, որն ավելի հարուստ է սպիտակուցներով, ինչը բալիկի աճի համար շատ կարևոր է: Այստեղից հետևություն, որ ընդհակառակը, փոքր քաշով ծնված բալիկներին պետք է հնարավորինս կերակրել մոր կաթով: Եթե նույնիսկ զոնդով են կերակրում բալիկին, այդ դեպքում դատարկում ենք կուրծքն ու այդ կաթով սնուցում փոքրիկին: Եթե երեխան հիվանդ է, ապա այդ հիվանդության նկատմամբ հակամարմիններով հարուստ կաթ է արտադրում մայրը»:

Խոսելով հնարավոր հակացուցումների մասին, մանկաբույժն ընդգծում է, որ դրանք չնչին տոկոս են կազմում, 25-30 հազար երեխայից մեկի մոտ է հակացուցում լինում, մայրերի բացարձակ մեծամասնությունն էլ՝ 97-98 տոկոսը կարող է կրծքով կերակրել իր երեխային: Պարզապես անհրաժեշտ է կրծքին մոտեցնել ճիշտ դիրքով և ըստ պահանջի կերակրել երեխային:

Ինքնօգնության խմբեր. «Կրծքով կերակրելու սենյակ»

Հնարավոր չէ խոսել կրծքով սնուցման մասին և չանդրադառնալ թեմային նվիրված առաջին ֆեյսբուքյան հայալեզու նախաձեռնությանը, որն այսօր գրեթե 50 հազար հետևորդ ունի:

Սոցիոլոգ Քրիստինե Բարսեղյանը «Կրծքով կերակրման սենյակ» ֆեյսբուքյան խումբը հիմնադրել է 2014թ: Այնուհետև, խմբի համակարգողներից մեկի՝ Լիանա Մեսսերլին-Ղազարյանի հետ ստեղծում են ամենամեծ հայալեզու կայքը, որտեղ կրծքով կերակրման մասին բազմաթիվ հոդվածներ են թարգմանում մյուս համակարգողներն ու օտար լեզուների տիրապետող այլ մայրիկները՝ կամավորական սկզբունքով. «Դա մի ահռելի աշխատանք է, որի համար բոլորին շնորհակալ ենք, օրեր են եղել, խմբի համակարգողներն ամբողջական դրույքով աշխատանքին համարժեք գործ են արել»,- ասում է Ք. Բարսեղյանը: Խմբի համակարգողները տարբեր մասնագիտություններ ունեն. բժիշկ, դեղագետ, իմունոլոգ, ծրագրավորող, լեզվաբան և այլն: Բոլորին միավորողն այն է, որ նրանք մանկահասակ երեխաներ ունեն, կրծքով սնուցման մեջ հմտացել ու գիտելիքներ են հավաքել և պատրաստակամորեն կրթում ու աջակցում են կերակրող մայրերին:

Մեզ հետ զրույցում խմբի համակարգողներից Շուշանը պատմում է, որ այժմ շատ մայրիկներ «Կրծքով կերակրման խումբ» են ուղղորդում իրենց ծանոթ նորաթուխ մայրիկներին և խմբում օգնում են ճիշտ կազմակերպել կրծքով կերակրման պրոցեսը։ Նրա խոսքով՝ կարևոր փոփոխություն է այն, որ վերջերս խմբին են միանում նաև հղիներն ու տատիկները։

Տարիներ շարունակ դիտարկելով կրծքով կերակրման տենդենցներն ու ամենօրյա շփումներ ունենալով կերակրող մայրերի հետ՝ խմբի համակարգողները նշում են, որ մեր հանրապետությունում կրծքով կերակրման իրավիճակը գոհացուցիչ չէ, փոփոխությունը չնչին է, դա ավելի շատ կապված է տվյալ ծննդկանի տեղեկացված լինելու հետ. «Պետական մակարդակով, ցավոք, շատ բան չի արվում կրծքով կերակրումը խրախուսելու համար: Նաև խնդիր է այն, որ մեր մայրիկները չեն սիրում կարդալ գրքեր, հեղինակավոր աղբյուրների հոդվածներ։ Բայց, օրինակ, երկար մեկնաբանությունները հաճույքով կարդում են: Չկա նաև բժիշկներին «ինչու» հարցը տալու մշակույթը, երբ նույնիսկ մայրիկը որոշակիորեն տեղեկացված է։ Իհարկե, դժվար է պայքարել օրինակ՝ քո բալիկի ինֆեկցիան բուժող բժշկի դեմ, ով երեխայի վիճակի գլխավոր «մեղավորը» համարում է մայրիկի կաթը։ Դրա համար փոփոխությունները պիտի լինեն համակարգային,- ասում են նրանք ու հավելում, որ կրծքով կերակրման ձախողումների պատմությունները վարակիչ կերպով հուսալքում են շատերին։

Կրծքով կերակրումն անվտանգ է, սննդարար և մատչելի

«Կրծքով կերակրման սենյակ» խմբում շատ են մայրերը, ովքեր կրծքով սնուցման իրենց դրական փորձի մասին են պատմում: Ռուզաննան, օրինակ, հիշում է. «Միշտ մտածել եմ, որ կրծքով եմ կերակրելու երեխայիս: Երբ իմացա, որ զույգեր եմ ունենալու, էլի՛ համոզված էի, որ երկուսին էլ կկերակրեմ: Տղաս դժվար բալիկ էր, շատ էր լացում, անհանգիստ էր ու չնայած նորմալ քաշ էր հավաքում, շրջապատողներս ասում էին՝ հաստատ չի կշտանում, արհեստական տուր, անգամ մանկաբուժն էր ասում։ Հոգեբանական ճնշումը մեծ էր։ Պահ կար, որ տղայիս 30 գրամ կխ եմ տվել գդալով, բայց ես համոզված էի, որ բալիկիս անհանգստության պատճառը սոված մնալը չէ։ Բայց բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ 6 ամիս բացառապես մայրական կաթ են կերել երեխաներս: Զույգեր կերակրող մայրերին խորհուրդ կտամ վստահ լինեն իրենց վրա, ճիշտ կազմակերպեն իրենց օրը։ Հիշեք, որ մայրական կաթը անվտանգ է, առողջ, սննդարար, մատչելի: Զույգ բալիկներին կրծքի կաթ տալը հերոսություն չէ, դա նորմալ է։ Եթե օրգանիզմը 9 ամիս երկու բալիկ է մեծացրել փորիկում, ուրեմն կապահովի նաև համապատասխան քանակի կաթ հետագայում»,- գրում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter