HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ավետիք Չալաբյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն 2018-2022թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել: Այս մասին հայտնում է Ավետիք Չալաբյանի հանրային պաշտպանության խումբը, որն այսօր կազմակերպել էր «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին ՀՀ-ում  անազատության մեջ գտնվող 18 անձ է մահացել՝ որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ, 2019-ին մահացել է  21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ:

2020-ին մահացել է 5 անձ՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված:

2021-ին մահացել է 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ: 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ 11 անձ է մահացել, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ: Միջոցառման մեկնարկին ելույթ ունեցավ «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի կինը: Վերջինս նշեց, որ իրենք վերջին շրջանում մեկ ամիս հնարավորություն են ունեցել վայելելու Չալաբյանի ներկայությունը, որից հետո նա կրկին կալանավորվել է:

Նշենք, որ երբ Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան, դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի հասցրել որոշում կայացնել Չալաբյանի խափանման միջոցի վերաբերյալ, և, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Չալաբյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետն ավարտվել է, նա ազատ է արձակվել: Մեկ շաբաթ անց, սակայն, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է Չալաբյանին կրկին կալանավորել՝ չնայած այն հանգամանքին, որ դատախազը  թույլատրելի է համարել նրա նկատմամբ գրավի կիրառումը:

Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:

2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:

Չալաբյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Չալաբյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել, քանի որ նա քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում:

Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանն, այսօր քրեակատարողական հիմնարկից փոխանցեց ամուսնու ուղերձը՝ ուղղված հասարակությանը:

Դրանում Չալաբյանը խոսում է դատավորների նկատմամբ ճնշումների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնին՝ ԲԴԽ-ին իրեն ենթարկելու մասին, նշում, որ իրեն կրկին կալանավորել են օրենքի պահանջների ցինիկ ոտնահարմամբ: Չալաբյանը նաև նշում է՝ երկիր ստեղծելու համար, որտեղ օրենքի գերակայության կլինի, պայքարել է պետք, որ այդպիսի երկիր հասարակությանը չի մատուցվելու:

Չալաբյանի ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter