HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ավետիք Չալաբյանի պաշտպանը վստահ է՝ դատավոր Մ. Մարտիրոսյանը հստակ գնում է դեպի մեղադրական դատավճիռ կայացնելը

Եթե իշխանությունները նպատակադրվել են բանտարկել անձին, ապա ներպետական իրավական մեխանիզմները չեն գործում: Այս մասին այսօր «Մարդու իրավունքները և քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը: «Բանտարկել» ասելով՝ պաշտպանը նկատի ունի ոչ թե անձի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելը, այլ նաև կալանավորելը, որն, ըստ Հարությունյանի, Հայաստանում դարձել է պատժիչ միջոց:

Պաշտպանը հիշեցրեց, որ շուրջ մեկուկես տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել դատավորների հետ, հետաքրքրվել, թե այս  կամ այն գործով ինչու կալանք չի կիրառվել անձանց նկատմամբ, հետո ստեղծվել են, պաշտպանի խոսքով, «կալանքի դատարանները»: Խոսքը շուրջ մեկ տարի առաջ ձևավորված մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու գործեր քննող առանձին դատարան ստեղծելու մասին է: Հարությունյանն ասում է՝ իր պրակտիկայում այդ դատարանի որևէ դատավորի չի հանդիպել, ով կհամարձակվի քաղաքական գործերով իշխանություններին ոչ հաճո որոշում կայացնել, իսկ եթե համարձակ դատավորներ կան, ապա նրանց քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր չեն մակագրվում:

Անդրադառնալով Ավետիք Չալաբյանի գործին՝ Վարազդատ Հարությունյանը դիտարկում արեց, որ այն ժամանակ, երբ գործը դեռևս չէր մակագրվել, իրենք կանխատեսել են, որ այն մակագրվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, քանի որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերն, ըստ պաշտպանի, մակագրվում են Մարտիրոսյանի կամ նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Կարեն Ֆարխոյանին:

«Գոնե մեզ «սխալ հանելու» համար Ֆարխոյանին մակագրեին»,- ասաց Հարությունյանն, ում պաշտպանյալ Ավետիք Չալաբյանի գործը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ Չալաբյանին 7 օր ազատության մեջ մնալուց հետո կալանավորելու որոշման մեջ դատավոր Մարտիրոսյանը միայն նշել է, որ առկա է բարձր հավանականություն, որ ազատության  մեջ գտնվելու դեպքում Չալաբյանը կարող է խոչընդոտել ապացուցողական գործողություններին, անգամ չի նշել, թե կոնկրետ ինչ ապացուցողական գործողությունների մասին է խոսքը:

Պաշտպանը բացատրեց, որ, եթե խոսքն, օրինակ, վկաների նկատմամբ ենթադրյալ անօրինական ազդեցության ռիսկի մասին է, ապա վկաների հարցաքննության փուլից հետո իրենք կարող են միջնորդել Չալաբյանին ազատ արձակել: Հարությունյանը վստահ է, որ դատավոր Մարտիորսյանը հստակ գործողություններով գնում է դեպի Չալաբյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելը:

 Լուսանկարում՝ Վարազդատ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter