HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով անցնող մանկաբույժը բողոքի ակցիա է իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց

Վճռաբեկ դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել, պահանջում էին արդարացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրող մանկաբույժ Կարինե Առաքելյանին:

Առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, Առաքելյանի վերաբերյալ գործը շուրջ երեք տարի քննել ու նրան արդարացրել է, սակայն Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, մանկաբույժի վերաբերյալ առաջին ատյանի դատական ակտը բեկանել ու նրան 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպան Ստեփան Ոսկանյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել հուլիսի 25-ին, այս պահին Վճռաբեկ դատարանը դեռևս որոշում չի կայացրել բողոքը վարույթ ընդունել կամ չընդունելու վերաբերյալ:

Բողոքի ակցիայի մասնակիցների մեջ էր նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Կարինե Առաքելյանը: Վերջինս պնդում է, որ  Վերաքննիչ դատարանը իրեն մեղավոր է ճանաչել ենթադրությունների հիման վրա՝ առանց իրեն վերագրվող արարքի վերաբերյալ փաստական տվյալների առկայության:

«Ինձ մեղադրում են իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու ու պահելու մեջ, բայց չկա ապացույց, չկան փաստական տվյալներ թմրանյութն ինձ պատկանելու, իրացում իրականացնելու վերաբերյալ»,- պատմեց Կարինե Առաքելյանը: Վերջինս նշում է, որ թմրանյութը հայտնաբերվել է իր ննջասենյակում՝ պայուսակի մեջ, սակայն իրեն հայտնի չէ, թե այն ինչպես է հայտնվել իր ննջասենյակում: Առաքելյանը պատմեց, որ որդուն թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով ձերբակալել, ապա կալանավորել են, ապա երկու ամիս անց խուզարկությամբ իր բնակարանում հայտնաբերվել է թմրամիջոցը: Առաքելյանն ասում է՝ պայուսակը, որի մեջ  թմրանյութը եղել է, պատկանում է իրեն, սակայն այն մոտ 8 տարի չի օգտագործել, այն գտնվել է տան տարբեր անկյուններում՝ որպես անպիտան իր, երեխաների խաղալիքների մեջ էլ է եղել:

Կարինե Առաքելյանը մանկաբույժ է, ասում է՝ չի կարող երեխաների հետ աշխատող մանկաբույժը նման արարք կատարել, դժգոհում է, որ Վերաքննիչ դատարանը գրչի մեկ հարվածով ցանկանում է խաթարել իր ճակատագիրը:

Կարինե Առաքելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարանից արդարացի որոշում են ակնկալում. դրանից է կախված Կարինե Առաքելյանի հետագա ճակատագիրը: Պաշտպանը նշում է, որ միակ ապացույցը, որի վրա հիմնվել է Վերաքննիչ դատարանը՝ Կարինե Առաքելյանին մեղավոր ճանաչելու որոշման մեջ, այն է, որ թմրանյութը հայտնաբերվել է նրա ննջասենյակում:

«Կարինե Առաքելյանի  որդին ևս մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, նրա վերաբերյալ ներկայում Նոր Նորքի դատարանում՝ մեկ այլ դատավորի վարույթում գործ է քննվում, նման պայմաններում տնից հայտնաբերված թմրամիջոցը, առանց այլ ապացույցների այն անձի հետ կապելն, ում սենյակում հայտնաբերվել է, ոչ այլ ինչ է, քան ենթադրություն»,- ասաց Ստեփան Ոսկանյանը: Հարցին՝ չկա՞ն օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքա բերված ապացույցներ, որոնք Առաքելյանի դեմ են, Ոսկանյանը նշեց, որ  այդպիսիք առկա չեն, հայտնի չէ գեթ մեկ տվյալ այն մասին, որ տարիների ընթացքում Կարինե Առաքելյանը հանդիպել կամ հեռախոսազրույց է ունեցել որևէ անձի հետ, ով կապ ունի թմրանյութերի  ապօրինի շրջանառության հետ:

Կարինե Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված անձից և հանգամանքներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` 4.91 գրամ քաշով թմրամիջոց և պահել իր ներքնակի տակ։

Մանրամասները տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter