HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը չի բողոքարկել Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշումը

Դատախազությունը չի բողոքարկելու «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը:

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել օգոստոսի 3-ին: Չալաբյանը մինչ այդ մեկ շաբաթ ազատության մեջ է գտնվել, քանի որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը լրացել է, և դատավոր Մարտիրոսյանը նախնական դատալսումների ընթացքում չի հասցրել քննարկման առարկա դարձնել խափանման միջոցի հարցը:

Օգոստոսի 3-ին նշանակված դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը միջնորդել է մեկ շաբաթ ազատության մեջ գտնվող Չալաբյանի նկատմամբ գրավ կիրառել, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է նրան երեք ամիս ժամկետով կալանավորել:

«Դատախազության մասին» օրենքով՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել այն դատական ակտը, որն, իր կարծիքով՝ հիմնավոր չէ կամ անօրինական է: Նկատենք՝ խոսքը ցանկացած դատական ակտի մասին է: Տվյալ դեպքում, փաստացի, դատախազը համարել է, որ գրավը բավարար միջոց է՝ ազատության մեջ Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, սակայն դատավորը նրա նկատմամբ առավել խիստ խափանման միջոց է ընտրել, որի հետևանքով անձը կալանավորվել է: Ենթադրվում էր, որ դատախազը պետք է համաձայն չլիներ այդ դատական ակտի հետ և բողոքարկել այն, ինչը, փաստորեն չի արվել: Չալաբյանին կալանավորելու որոշման դեմ բողոք ներկայացրել են միայն վերջինիս պաշտպանները: Այս գործը քննությանը Դատախազությունը պարտավոր է ներկայանալ և դիրքորոշում հայտնել: Չի բացառվում, որ դատախազը Վերաքննիչ դատարանում ևս պնդի, որ Չալաբյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է համարում, բայց փաստ է, որ նախաձեռնողականություն չի ցուցաբերել, որպեսզի կալանավորված անձն, ում նկատմամբ գրավի կիրառումն ինքը թույլատրելի է համարում, հայտնվի ազատության մեջ:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ: 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:

Չալաբյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Չալաբյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել, քանի որ նա քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter