HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեղրը, բայց ոչ մի կաթիլ. «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Եղվարդի Նեկտար» ընկերությունների միջև վեճ է ծագել 20 տոննա մեղրի պատճառով

«Եղվարդի նեկտար» ընկերության և «Ռոսգոսստրախ-Արմենիայի» միջև վեճ է ծագել մեղրի պատճառով: Խոսքը, սակայն, ոչ թե Թումանյանի մի կաթիլ, այլ շուրջ 20 տ մեղրի մասին է: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը հրաժարվում է հատուցել արտերկիր մատակարարված մեղրի դիմաց: Տարաները ճանապարհին վնասվել են, մեղրը՝ թափվել:

«Եղվարդի Նեկտար» ՍՊԸ-ի և Սուրինամի Հանրապետությունում գրանցված «Սուդա Գրուպ» ընկերության միջև 2021 թվականի մարտի 7-ին կնքվել է մատակարարման և արտահանման մասին պայմանագիր, որով «Եղվարդի Նեկտար» ընկերությունը պարտավորվել է «Սուդա Գրուպ» ընկերությանը մատակարարել մայրակաթով մինչև 2 % պարունակությամբ բնական մեղր: Ապրանքի ընդհանուր մաքուր քաշը 19 170 կգ է եղել, ապրանքի ընդհանուր բրուտտո քաշը՝ 19 951 կգ։

Երկու ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 2 938 622,98 (երկու միլիոն ինը հարյուր երեսունութ հազար վեց հարյուր քսաներկու ամբողջ իննսունութ հարյուրերորդական) ԱՄՆ դոլար:

Պահանջված ապրանքը «Սուդա Գրուպ» ընկերությանն ուղարկելու համար  «Եղվարդի Նեկտար» ընկերությունը «ԳՄԳ Լոջիստիքս» ՍՊԸ-ի հետ կնքել է միջազգային բեռնափոխադրման պայմանագիր, որի հիման վրա բացված հայտով բեռնափոխադրողը պարտավորվել է 2021 թվականի մարտի 18-ին բարձել և «Սուդա Գրուպ» ՍՊԸ-ին հասցնել 20 940 կգ բրուտտո քաշ ունեցող 2 % մայրակաթով բնական մեղրը։

Մեղրը մատակարարող ընկերությունը ցանկացել է բեռն ամբողջությամբ ապահովագրել, ինչի կապացությամբ դիմել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին։ Մարտի 18-ին երկու ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որում որպես բեռնափոխադրման մեթոդ նշվել է ցամաքային, ծովային և երկաթուղային տրանսպորտը: Մեղրն, ըստ պայմանագրի, պետք է Եղվարդից փոխադրվեր Երևան, Վրաստան, Փոթի, Հունաստան, Պիրեյ, Իսպանիա, Վալենսիա, Գվադելուպա, Պոինտ-ա-Պիտրե, Սուրինամ, ապա՝ Պարամարիբո։ Պայմանագրի «ապահովագրության պայմանները» բաժնում նշվել է «պատասխանատվությամբ բոլոր ռիսկերի համար»։

Պայմանագրի համաձայն՝ ապահովագրողն ազատվելու էր ապահովագրական հատուցում կատարելու պատասխանատվությունից, եթե ապահովագրական պատահարի առաջացման ժամանակ նրան հայտնի դառնար, որ բեռները փոխադրվել են այնպիսի կոնտեյներներով, վագոններով, բեռնատարներով, բաց վագոններով, որոնք եղել են վնասված, բնական էրոզիայի ենթարկված, կողային ճեղքերով:

Ապահովագրողն ազատվելու էր նաև ապահովագրական հատուցում կատարելու պարտականությունից, եթե բեռը պայմանագրի համաձայն հասել է պայմանագրում նշված հասցեով: Տվյալ դեպքում բեռը հասել է նշված հասցեով, բայց վնասված:

Մատակարարված մեղրը ճանապարհին հոսել է ու վնասվել

Մայիսի 17-ին «Սուդա Գրուպ» ընկերության ներկայացուցիչ Ռալֆ Կիբան, զանգահարել է «Եղվարդի Նեկտար» ընկերության տնօրենին և տեղեկացրել, որ բեռի ավելի քան 80 տոկոսը վնասվել է. կոնտեյներում առկա 710 տարաներից 570-ը վնասվել են, իսկ դրանցում եղած մեղրը հոսել է։

Նշված միջադեպի մասով «Սուդա Գրուպ» ընկերությունը դիմել է «Out of the Blue» մաքսային բրոքերական ծառայություն, ում կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որը հաստատվել է նաև Սուրինամի ակցիզային հետաքննության տեսչության կողմից։

Ստեղծված իրավիճակը «Եղվարդի Նեկտար» ընկերությունը դիտարկում է որպես ապահովագրական պատահար ու դրա կապակցությամբ դիմել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանը՝ պահանջելով 100 %-ի չափով փոխհատուցում:

«Դիմումից հետո երկար ժամանակ ընթացել են բանակցություններ՝ հատուցում տրամադրելու վերաբերյալ, սակայն ի վերջո շուրջ մեկ տարի անց՝ 2022 թվականի ապիլի 21-ին «Ռոսգոսստրախ-Արմենիան» որոշել է մերժել ապահովագրական հատուցում տրամադրելու վերաբերյալ հայտը, ինչի հիմքում ընդհանրական կերպով դրվել են այն հանգամանքները, թե իբր բեռնափոխադրման համար ընտրված տարան չի անցել փորձարկում, չի ունեցել անհրաժեշտ ամրությունը և չի ապահովել հերմետիկությունը, ինչպես նաև բեռը, որպես տրանսպորտային փաթեթ չի կազմավորվել, բեռը չի տեղադրվել և ամրակապվել այնպես, որ բացառվի բիդոնների տեղաշարժման հնարավորությունը»,- պատմում է «Եղվարդի Նեկտար» ընկերության փաստաբան Հարություն Հարությունյանը:

Վերջինս նշում է, որ ապրանքի փաթեթավորման համար տարաները մատակարարած ընկերությունները պնդում են, որ դրանք համապատասխանում են փաթեթավորման անվտանգության համար սահմանված ստանդարտներին, տարաները փորձարկվել են, առկա է փորձարկման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը պնդում է, որ ստեղծված իրավիճակում բացակայում է ապահովագրական պատահարը, և բացի այդ էլ նմանատիպ ռիսկը ապահովագրված չէ: Այս պնդմանն անդրադառնալով՝ Հարություն Հարությունյանը նշում է, որ ապահովագրական պատահարը ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է, որը վնաս է պատճառում, ոչնչացնում կամ փչացնում ապահովագրված գույքը: Պայմանագրով նախատեսված գույքի ֆիզիկական կորուստը կորուստ է՝ անկախ դրա ձևից կամ եղանակից: Հարությունյանը շեշտում է նաև այն հանգամանքը, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը կասկածի տակ չի դնում տարաների շրջվելու և մեղրի արտահոսման, գույքի կորստի  հանգամանքները:

«Տվյալ դեպքում կողմերի միջև կնքված ապահովագրության պայմանագրում պայմանների մեջ նշված է «պատասխանատվությամբ բոլոր ռիսկերի համար», ավելին, ուղիղ նշված է, որ ապահովագրվել է 2% մայրական մեղրակաթով 2 932 818,30 ԱՄՆ դոլար արժեքով բեռ։ Այսինքն՝ բեռը՝ ողջ արժեքով»,- ասում է Հարություն Հարությունյանը:

Կողմերի միջև կնքված նույն պայմանագրում, փաստաբանի խոսքով, հստակ նշվել են նաև այն դեպքերը, երբ հատուցումը ենթակա է մերժման։

Մասնավորապես, ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում կատարելու պատասխանատվությունից, եթե ապահովագրական պատահարի առաջացման ժամանակ ապահովագրողին հայտնի է դառնում, որ բեռները փոխադրվել են այնպիսի կոնտեյներներով, վագոններով, բեռնատարներով, բաց վագոններով, որոնք եղել են վնասված, բնական էրոզիայի ենթարկված, կողային ճեղքերով:

Տվյալ դեպքում, ըստ Հարությունյանի, բացակայում է որևէ փաստական տվյալ առ այն, որ բեռը փոխադրվել է այնպիսի կոնտեյներներով, վագոններով, բեռնատարներով, բաց վագոններով, որոնք եղել են վնասված, բնական էրոզիայի ենթարկված, կողային ճեղքերով, հետևաբար նաև՝ բացակայում է այն չհատուցելու դեպքը, ինչն ինքնին ամրապնդում է այն կանխավարկածը, որ պատասխանողը չունի այլընտրանք, քան կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունը, այն է հատուցելու 100% ապահովագրական փոխհատուցում տրամադրել։

«Հակառակ դեպքում կստացվի, որ ապահովագրական ընկերությունները ապահովագրության վճար վերցնում են, բայց ցանկացած առիթ օգտագործում են՝ պատահարի դիմաց չհատուցելու, եթե այդ գումարը մեծ է»,- ասում է Հարությունյանն ու պնդում, որ ապահովագրական պատահարի առկայությունն ու այդ ռիսկի ապահովագրված լինելն ինքնին առաջացնում է այն հատուցելու պարտավորություն:

«Եղվարդի Նեկտար» ընկերությունը դիմել է դատարան

Այն բանից հետո, երբ «Ռոսգոսստրախ-Արմենիան» հրաժարվել է հատուցում տրամադրել, «Եղվարդի Նեկտար» ընկերությունը քաղաքացիական հայտ է ներկայացրել դատարան:

Վերը նշված հանգամանքները Հարություն Հարությունյանը բավարար է համարում՝ իրենց կողմից դատարան ներկայացված հայցադիմումը հիմնավորված համարելու և այն բավարարելու համար, սակայն մեզ հետ զրույցում նաև այլ հիմնավորումներ ներկայացրեց:

Մասնավորապես՝ հղում կատարելով Քաղաքացիական օրենսգրքի 1020-րդ հոդվածի 1-ին մասին՝ փաստաբանը նշեց, որ օրենսդիրը նախատեսել է  սահմանափակումներ, որի դեպքում ապահովագրական վճարը ենթակա չէ հատուցման: Հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելուց, եթե ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի` դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով:

Քաղաքացիական օրենսգրքի 1003-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով:

Նշված հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ապահովագրողն ազատվում է ապահովագրական գումար վճարելուց:

Ի թիվս այլ հիմքերի, ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում ու ապահովագրական գումար վճարելուց, եթե ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու մեջ բացակայում է դիտավորությունը: Գործի հանգամանքներն ըստ Հարությունյանի, ուղղակիորեն խոսում են այն մասին, որ պատահարի մեջ բացակայում է «Եղվարդի Նեկտար» ընկերության դիտավորությունը, հետևաբար, ըստ փատաբանի, «Ռոսգոսստրախ-Արմենիան» իրավունք չունի մերժելու ապահովագրավճարի հատուցումը:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը մեր հարցերին համաձայնեց պատասխանել գրավոր կերպով: Ընկերությանն ուղարկված հարցմամբ խնդրել ենք հայտնել՝ արդյոք մեղրի հոսելու և թափվելու դեպքը համարո՞ւմ են ապահովագրական պատահար: Եթե ոչ, ապա խնդրել ենք հիմնավորել, թե ինչու: Իսկ դրական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել, թե արդյոք պատրաստվո՞ւմ են ապահովագրական հատուցում տրամադրել «Եղվարդի Նեկտար» ընկերությանը:

Եթե ընկերությունը համարում է, որ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնց պայմաններում իրենք ազատվում են ապահովագրական հատուցում տրամադրելուց, ապա խնդրել ենք մատնանշել այդ հանգամանքները:

Ի պատասխան վերը նշված հարցերի՝ «Ռոսգոսստրախ-Արմենիան» միայն հայտնել է, որ մատնանշված դեպքի վերաբերյալ իրենք օրենսդրության և ապահովագրության պայմանագրի պայմանների հիման վրա արդեն կայացրել են որոշում, որի մասին ապահովադիրը, այսինքն՝ «Եղվարդի Նեկտար» ընկերությունը պատշաճ կերպով ծանուցվել է։

«Ռոսգոսստրախ-Արմենիայից» խնդրել ենք նաև մեկնաբանել երկու ընկերությունների միջև կնքված պայմանագրում առկա «պատասխանատվությամբ բոլոր ռիսկերի համար» արտահայտությունը:

Ընկերությունից ի պատասխան գրել են՝ «Նշված արտահայտությունը միջազգայնորեն ընդունված անվանում է փոխադրվող գույքի (բեռի) ապահովագրության կոնկրետ ծածկույթի համար, որի մանրամասները, հատուցվող դեպքերը և բացառությունները սահմանված են պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող պայմաններում»:

Հարցրել ենք նաև՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը հնարավորություն ունե՞ր ստուգելու, թե ապահովագրված բեռը ի՞նչ որակի կոնտեյներներով, վագոններով, բեռնատարներով, ինչ փաթեթավորմամբ է փոխադրվում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բեռը պատշաճ կերպով ու որակով տեղ չհասցնելու դեպքում ապահովագրական հատուցման պարտականություն է ստանձնել:

Եթե ոչ, խնդրել էինք հայտնել, թե տվյալ իրավիճակում ո՞վ պետք է ստուգեր վերը նշված հանգամանքները:

Ի պատասխան «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն նշել է, որ նման պարտավորություն ապահովագրական ընկերությունը չի կրում։ Յուրաքանչյուր տեսակի բեռի անվտանգ փոխադրման պայմանները և կարգը սահմանվում են կամ տվյալ բեռի գործարանային փաստաթղթերով, կամ հաստատված ՀՀ և միջազգային ստանդարտներով։

Այսպիսով, ինչպես նկատում ենք, ընկերությունը զերծ է մնացել մանրամասն մեկնաբանություններ տալուց՝ մեր ուղարկած գրավոր հարցերին տալով ընդհանրական պատասխաններ:

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել

Այնուամենայիվ, մեզ հայտնի են դարձել որոշ հանգամանքներ, որոնց «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն հղում է կատարում՝ ապահովագրական փոխհատուցում չկատարելիս:

Ինչպես պարզվում է, վերը նշված դեպքից հետո Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել: «Ռոսգոսստրախ-Արմենիային» ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էին հայտնել ԱԱԾ ներկայացված հաղորդման բովանդակությունը, սակայն ընկերությունից, ի պատասխան հարցման նշել են, որ իրենց կողմից հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել:

Եւ իսկապես էլ պաշտոնական փաստաթղթերում առկա չէ ընկերության կողմից ներկայացված հաղորդում: Թե քրեական գործ հարուցելու առիթը որն է, մեզ հայտնի չէ: Ըստ ԱԱԾ-ում քննվող գործի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Եղվարդի Նեկտար» ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը, ընկերության կառավարումը փաստացի իրականացնող Սեյրան Մկրտչյանը  Սուրինամի Հանրապետության քաղաքացի, տրոպիկական փայտանյութով և ներսենյակային դռների պատրաստմամբ զբաղվող «Սուդա Գրուպ»  կազմակերպության տնօրեն Ռալֆ Կիբայի հետ, խմբի կազմում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունից խարդախությամբ առանձապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ համապատասխան ջերմային մշակման և կիտրոնաթթվի պարունակությամբ պատրաստել են բնական մեղրի փոխարինող 19 տոննա, 17 կգ նյութ և միևնույն ժամանակ  ստացել ակնհայտ կեղծ եզրակացություն՝ տվյալ նյութը 2 %- անոց մայրակաթով մեղր լինելու վերաբերյալ, որից հետո «Սուդա Գրուպ» ընկերության և «Եղվարդի Նեկտար» ընկերության միջև կնքվել է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար մեղրի մատակարարման պայմանագիր:

Քրեական գործից երևում է նաև, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն բեռը վերաապահովագրել է բրիտանական «Chubb Europian Group Se» ապահովագրական ընկերությունում: Ըստ ԱԱԾ-ի գործի նյութերի՝ «Եղվարդի Նեկտարը»  բեռն առանց ամրակապման երրորդ երկրի միջոցով արտահանել է Սուրինամի Հանրապետություն: Պարամարիբու նավահանգստում պարզվել է, որ ապրանքի մեծ մասը թափվել է բեռնակրի ներսում:

Դրանից հետո «Եղվարդի Նեկտար» ընկերությունը պահանջել է «Ռուսգոստրախ» ընկերությունից փոխհատուցում, ինչը չի տրամադրվել, քանի որ «Chubb Europian Group Se» ապահովագրական ընկերությունը, ունենալով գործարքի իրավաչափության մասին լուրջ կասկածներ, ներգրավել է փորձագիտասկան բրիտանական «DP survey group NV» ընկերությանը, որը գործուղվել է նավահանգիստ և զննել բեռը:

Կատարվել է նմուշառում, նմուշառման արդյունքներն ուղարկվել են Բելգիայի Թագավորություն՝ «Europins food tasting Belgium NV» ընկերություն՝ լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում պարզվել է, որ ապրանքը չի կարող բնական մեղր համարվել, քանի որ պարունակում է ճակնդեղ և կիտրոնաթթու, և անցել է չափազանց մեծ ջերմային մշակում, այսինքն՝ փորձաքննությունը պարզել է, որ արտահանվել է մեղրին փոխարինվող նյութ:

Անդրադառնալով բեռի՝ ամրակապված չլինելու հանգամանքին, «Եղվարդի Նեկտար» ընկերության փաստաբան Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Ռոսգոսստրախ-Արմենիային» իրենց դիմել են ու խնդրել, որ բեռն ամրակապելուց հետո գնան և տեղում տեսնեն՝ արդոք ապահո՞վ է բեռը, սակայն ընկերությունից առաջարկել են նկարել և ուղարկել, ինչն արել են, և ընկերությունը վստահեցրել է, որ ամրակապման հետ կապված խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է:

Ինչ վերաբերում է նմուշառված մեղրի փորձաքննությանը, Հարությունյանի խոսքով՝ նմուշներ վերցվել են և՛ տարայի մեջ գտնվող մեղրից, և՛ թափվածից: Տարայի մեջ գտնվող մեղրն, ըստ փորձաքննության եզրակացության, համապատասխանել է բոլոր չափանիշներին, իսկ թափված մեղրը՝ ոչ:

Հարությունյանի խոսքով՝ թափված մեղրի վրա մեղուների հարձակում է եղել, փորձագետները դրան մոտենալ և նմուշ վերցնել չեն կարողացել, հետո թույն են փչել, որպեսզի փորձագետները կարողանան մոտենալ ու նմուշ վերցնել: Այսինքն՝ ըստ փաստաբանի՝ նմուշը վերցվել է մեղրից, որի վրա թույն է փչված եղել, բացի այդ՝ այն տևական ժամանակ գտնվել է արևի տակ:

Մեր հարցին՝ այս ամենն ի՞նչ կապ ունի մեղրի մեջ ճակնդեղի առկայություն հայտնաբերելու հետ, փաստաբանը պատասխանեց, որ ինքը չգիտի:

Թե հետագայում ԱԱԾ-ում հարուցված գործի քննությամբ ինչ կպարզվի, հայտնի չէ:

Հարություն Հարությունյանն այժմ պնդում է, որ կա հարուցված քրեական գործ, բայց փոխհատուցման գումարը ենթակա է վճարման: Այսինքն՝ քրեական գործ հարուցելու հանգամանքը «Ռոսգոսստրախ-Արմենիային» չի ազատում ապահովագրական պայմանագրում նշված պարտավորությունը կատարելուց:

 

Լուսանկարում՝ փաստաբան Հարություն Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter