HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բանտից փախուստի փորձ կատարած իրանցիների գործով դատավճիռ է կայացվել

4 տարի առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարած իրանցիների վերաբերյալ դատավճիռ է կայացվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Բանտից փախուստի փորձը տեղի է ունեցել 2018թ. ապրիլի 25-ին:

Ըստ գործի՝ օրվա կարգացուցակին համապատասխան` իրենց հասանելիք զբոսանքից օգտվելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները, խցից դուրս գալուց և առանձին-առանձին մետաղորսիչ սարքով արտաքին զննության ենթարկվելուց հետո, քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Արտակ Եղիազարյանի կողմից ուղեկցվել են նույն մասնաշենքում տեղակայված զբոսախուց:

Զբոսախցի մուտքի դուռը փակելու պահին, զբոսախցի աստիճաններին կանգնած կալանավորված անձ Հուման Հաջի Փուրին, հանկարծակի շրջվելով Արտակ Եղիազարյանի ուղղությամբ, վերնազգեստից քաշելով, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով մտցրել է զբոսախուց, որտեղ բռնելով նրա ձեռքերից սեղմել է պատին:

Այդ ընթացքում Հուման Հաջի Փուրիին միացած Արաշ Նեմաթին, Ալեքս Ավասաֆը, Բեհզադ Եկթամանեշը և թիվ 008 խցում պահվող մյուս կալանավորված անձինք և դատապարտյալները, կալանավորվածներին պահելու վայրից փախուստի դիմելու դիտավորությամբ, անտեսելով բռնությունն ու փախուստի փորձը դադարեցնելուն ուղղված, քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Արտակ Եղիազարյանի կոչերը, անհնազանդություն դրսևորելով, չեն ենթարկվել քրեակատարողական հիմնարկում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոններին, իսկ վերջինիս վրա հարձակված ու այդ ընթացքում առավել ագրեսիվ վարքագիծ դրսևորած վերոհիշյալ անձանցից մեկը, բռնելով Արտակ Եղիազարյանի պարանոցից, սկսել է խեղդել` զրկելով դիմադրության հնարավորությունից, իսկ ոմանք քաշքշելով նրա աջ ձեռքից խլել են մասնաշենքի խցերի դռների կախովի փականների բանալիները, իսկ տաբատի աջ գրպանից` մասնաշենքերի մուտքերի և խցերի դռների փականների բանտային բանալին:

Զբոսախցից դուրս գալուց հետո, հիշյալ կալանավորների թվից ոմանք բացել են 6-րդ մասնաշենքի թիվ 015, 014, 013, 011, 010 և 009 խցերի դռները և իրենց հետ փախուստի դիմելու կոչ արել:

«Պահակին խփել ենք, վերցրե՛լ բանալիները, շտա՛պ հագնվեք, վազե՛ք, փախե՛ք, դո՛ւրս եկեք» արտահայտություններով դիմել են թիվ 015 և 009 խցերում պահվող կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին:
Հիշյալ խցերի դռները բացելու արդյունքում մասնաշենքի միջանցքում ստեղծված իրարանցման և խառնաշփոթի ընթացքում, թիվ 009 խցում պահվող Համիդ Ահմադի Շահրաբին, Մաջիթ Սաֆարալի Էսմայիլզադեհն ու Ալինաղի Հասսանին դուրս են եկել մասնաշենքի միջանցք, որտեղ Ալինաղի Հասսանին հետևելով թիվ 008 խցում պահվող անձանց կալանավորվածներին պահելու վայրից փախուստի դիմելու կոչերին, հագուստներն ու անձնական հիգենիայի պարագաները սպորտային պայուսակով վերցնելուց հետո, փախուստ կատարելու նպատակով թիվ 008 խցում պահվող Ալեքս Ավասաֆի, Արաշ Նեմաթիի, Բեհզադ Եկթամանեշի, Մորտեզա Հասսանիի, Համիդ Սադեղփուրի, Հուման Հաջի Փուրիի և Հոսեյն Մոհամմադիղահրուդիի հետ, մասնաշենքի մուտքի դուռը բացելուց հետո, անցելով քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքից դեպի առաջին մասնաշենք տանող աստիճաններով և նկուղային հարկի միջանցքներով, գոռգռալով և աղմկելով հասել են առաջին մասնաշենքի մուտքի դռանը, որտեղ` «Աշոտ դուռը բաց, փախնում ենք» բացականչություններով, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության պահովման բաժնի աշխատակից Աշոտ Խալաթյանի` փախուստին ուղղված գործողությունները դադարեցնելու և քրեակատարողական հիմնարկում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոնները չխախտելու օրինական պահանջին, ցուցաբերել են անհնազանդություն, իսկ առանձին անձինք վերջինիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` մասնաճյուղի մուտքի դուռը բացելու և փախուստի դիմելու նպատակով քաշքշել, հրել, իսկ այնուհետև խնդրել են նրան մասնաշենքի մուտքի դուռը բացել, սակայն չեն կարողացել փախուստի դիմել: Ահազանգով առաջին մասնաշենք ժամանած քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները խափանել են նրանց գործողությունները:

Ամբաստանյալները խնդրել են իրենց հետ մեղմ վարվել

Շուրջ կես տարի քննությունից հետո քրեական գործն ուղարկվել է դատարան: Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3.5 տարի քննելուց հետո է դատավճիռ կայացրել:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալներից ոմանց նկատմամբ ընտրված է եղել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց: Նրանցից երեքը՝Համիդ Ալիի Սադեղփուրին, Մորտեզա Ակբարի Հասսանին և Ալինաղի Թաղի Հասանին թաքնվել են դատարանից, դատարանը նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Ալեքս Ալբերտի Ավասաֆիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Կարճման որոշման մեջ հղում է տրված մի հոդվածի, համաձայն որի՝ փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում «Ալեքս Ալբերտի Ավասաֆիի անվամբ որևէ քրեական գործ առկա չէ, ենթադրվում է, որ նրա վերաբերյալ գործը կարճվել է նախաքննության ընթացքում, և, փաստորեն, այդ հանգամանքը հաշվի առնելով՝ դատարանը կարճել է նաև բանտից փախուստ կատարելու գործը:

Փախուստի փորձ կատարելու մեջ մեղադրվող Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշն, ով փախուստի փորձ կատարելու ժամանակ կալանավայրում էր հայտնվել անօրինական միգրացիա կազմակերպելու գործով, դատարանում ցուցմունք է տվեց այն մասին, որ ինքն ի սկզբանե բանտից փախուստի փորձ կատարելու նպատակ չի ունեցել, ուրիշների հետ գործ չունի, որոշել է այդ եղանակով իր դժգոհությունը հայտնել քրեակատարողական հիմնարկի պետին` խցում տիրող վատ պայմաններից և խցում ստեղծված իրավիճակից ելնելով, զղջում է կատարածի համար և խնդրում է մեղմ վարվել իր նկատմամբ:

Ամբաստանյալ Հուման Բահմանի Հաջի Փուրին, ով ազատության մեջ էր՝ ապօրինի սահման հատելու փորձ կատարելու և փաստաթուղթ կեղծելու մեղադրանքներով, իրեն նույնպես մեղավոր է ճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ ինքն այդ կերպ ցանկացել է իր դժգոհությունն հայտնել քրեակատարողական հիմնարկի պետին` խցում տիրող պայմանների մասին: Ինքը զղջում է կատարածի համար և խնդրում է մեղմ վարվել իր նկատմամբ:

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Արաշ Ազիզմորադի Նեմաթին:
Ամբաստանյալ Հոսեյն Ռեզայի Մոհամմադիղահրուդին փախուստի պահին քրեակատարողական հիմնարկում էր գտնվում՝՝ թմրանյութեր ապօրինի պահելու և մաքսանենգության հոդվածներով: Վերջինս ևս փախուստի փորձ կատարելու գործով իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել այն մասին, որ խելքը դնելով ջահելների հետ, իջել ու հասել է առաջին հարկ: Ինքը ևս խցում ստեղծված իրավիճակից ելնելով խցից դուրս է եկել, միացել է նրանց: Հսկիչ Արտակի նկատմամբ բռնություն չի գործադրել և առաջին մասնաշենք հասնելուց հետո, որևէ մեկին թույլ չի տվել հսկիչ Աշոտի նկատմամբ բռնություն գործադրել, այլ համբուրելով նրան, խնդրել է կանչել բանտի ղեկավարությանը, որտեղ քիչ անց եկած տնօրենի հետ զրուցելուց հետո, գնացել են իրենց մասնաշենք:

Ինքը զղջում է կատարածի համար և խնդրում է մեղմ վարվել իր նկատմամբ:
Բացի ամբաստանյալներ Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշի, Հուման Բահմանի Հաջի Փուրիի, Արաշ Ազիզմորադի Նեմաթիի, Հոսեյն Ռեզայի Մոհամմադիղահրուդիի մասնակի խոստովանական ցուցմունքներից վերջիններիս մեղսագրվող հանցավոր արարքը հիմնավորվել է նաև քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով:

Դատարանը, ապացուցված համարելով ամբաստանյալներ Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշի, Հուման Բահմանի Հաջի Փուրիի, Արաշ Ազիզմորադի Նեմաթիի մեղքն իրենց վերագրվող արարքներում, համարել է, որ նրանց ուղղվելը հնարավոր է նաև առանց հասարակությունից մեկուսացնելու, ուստի նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան՝ որոշակի ժամկետով, իսկ ամբաստանյալ Հոսեյն Ռեզայի Մոհամադիղահրուդիին իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է կրի:
Այսպիսով՝ դատարանը որոշել է Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշին,Արաշ Ազիզմորադի Նեմաթիին, Հուման Բահմանի Հաջի Փուրիին մեղավոր ճանաչել ու նրանց դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան՝ տարի ժամկետով:

Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշիի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:
Դատարանը Հոսեյն Ռեզայի Մոհամադիղահրուդիին նույնպես մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 6 տարի ժամկետով:

Ամբաստանյալի պատժին մասնակի գումարվել է նաև թմրանյութ պահելու և մաքսանենգության գործով սահմանված 11 տարի ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասից 5 տարի 6 ամիսը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 11 տարի 6 ամիս ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter