HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի հիվանդանոցները կմիանան

Վանաձորում բժշկական կենտրոն ստեղծելու գաղափարը պետք է կյանքի կոչվեր դեռ 2006-ին:

ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 13-ի նիստում ընդունվել է «ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 2-ի 11911-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի` նախատեսվում է օպտիմալացման ծրագրի շրջանակներում Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի եւ թիվ 2 հիվանդանոցի միավորման արդյունքում ստեղծել նոր բուժհաստատություն` «Վանաձորի բժշկական կենտրոն»: Որոշումն ընդունվելուց հետո առաջիկա մեկ տարվա ընթացքում փաստաթղթային գործընթացն ավարտելով` կսկսվի շինարարությունը, եւ մինչեւ 2013 թվականը կենտրոնը կհանձնվի շահագործման: Նոր բժշկական կենտրոնը միավորելու է 2 բուժհաստատությունների բժշկական ծառայությունները: Միայն թիվ 2 հիվանդանոցի հակապալարախտային բաժանմունքը միացվելու է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին, որը շարունակելու է գործել որպես ինքնուրույն պրոֆիլային բուժհաստատություն: Բժշկական կենտրոնը ստեղծվելու է կամ թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում, կամ այդ նպատակով քաղաքում հատկացվելու է նոր տարածք: Հավանական է, որ այն կկառուցվի թիվ 1 համալիրի հիմքի վրա, եւ թիվ 2 հիվանդանոցը կտեղափոխվի այնտեղ:

Թիվ 1 հիվանդանոցի աշխատակազմը դրական է վերաբերվում այս տեղափոխությանը, իսկ թիվ 2 հիվանդանոցի աշխատակազմը` միանշանակ բացասական: Թիվ 2 հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Վերանյանն իր վերաբերմունքը բացատրում է անորոշությամբ. նրա ասելով` մի բան է` գործող բաժանմունքը, այլ բան` նոր պայմաններով ստեղծվողը: Համոզված է, որ հանրապետության երրորդ քաղաքում պետք է առնվազն 2 հիվանդանոց լինի: Հակառակ դեպքում լճացման վտանգ է առաջանում. բժիշկը զրկվում է առողջ մրցակցությունից, հիվանդը` ընտրության հնարավորությունից: Թիվ 2 հիվանդանոցի աշխատողների շրջանում տագնապ է առաջացել` կապված հիվանդանոցների միավորման արդյունքում աշխատողների հնարավոր կրճատման հետ (364 աշխատողով թիվ 1 հիվանդանոցը միավորվելու է 170 աշխատող ունեցող թիվ 2 հիվանդանոցին):

Չնայած Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը հավատացնում է, թե կենտրոնի ստեղծումը կրճատումներ չի նախատեսում ոչ կադրային, ոչ ծառայությունների մասով, եւ որ «2-րդ հիվանդանոցն ամբողջությամբ` իր սանիտարկայով, շնով, կատվով, բուժքույրով, բժիշկով է տեղափոխվելու», այնուամենայնիվ, հիվանդանոցների ղեկավարները կանխատեսում են կրճատումներ: Թիվ 1 հիվանդանոցային համալիրի փոխտնօրեն Արտակ Եդոյանն այդ մասին անուղղակիորեն է ակնարկում:

«Ոչ մի հիվանդանոցի ղեկավար բալանս չի պահի. անկախ նրանից` աշխատողը 1-ին հիվանդանոցից է, թե 2-րդ: Եթե հիվանդ չունի, չի կարողանում աշխատի իր կոպեկը, ինչի՞ պետք ա պահենք բալանսը»,- ասում է փոխտնօրենը: Նա ընդունում է, որ հիվանդանոցների միավորման արդյունքում կադրերի հավանական կրճատումը սոցիալական լուրջ խնդիր է, բայց դա ոչ թե բուժհաստատության, այլ պետության խնդիրն է: Նա նույնիսկ դրական է վերաբերվում կադրային կրճատումներին, եթե դրանով բարելավվելու է բուժաշխատողի վիճակը:

 «Եթե 2 գլխավոր բժշկից մնա 1-ը, 2 թերապեւտից` 1-ը, 2 էլեկտրիկից` 1-ը, ես կողջունեմ: Լավ է` 500-ից 50-ը կրճատվի, մնացածին շատ լավ լինի՞, թե՞ 500 հոգուն պահենք, որ սնանկանան հիմնարկները»,- ասում է Արտակ Եդոյանը:

Տվյալ դեպքում նկատի ունի բաժանմունքների թերբեռնվածությունը: Թերբեռնված բաժանմունքներում բժիշկները քիչ են վաստակում, քանի որ հիվանդների քանակով են վարձատրվում: Արտակ Եդոյանի համոզմամբ` հիվանդանոցների միավորմամբ կլուծվի ծանրաբեռնվածության խնդիրը: Նշենք, որ այն ավելի շատ թիվ 1 հիվանդանոցին է վերաբերում. այսպես` թիվ 2 հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը, չնայած 1 տարի է, ինչ գործում է, բայց ավելի ծանրաբեռնված է, քան թիվ 1 հիվանդանոցի նույն բաժանմունքը:

 Թիվ 2 հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանը համոզված հայտարարում է, որ հիվանդանոցների միավորման դեպքում եւ աշխատողների, եւ ծառայությունների մասով կրճատումներն անխուսափելի են: Ընդ որում` տնօրենը մասնագետների  50% կրճատում է կանխատեսում հենց թիվ 2 հիվանդանոցից. թիվ 1 հիվանդանոցը 140 մահճակալ ունի, թիվ 2 հիվանդանոցը` 115: Նախատեսվող բժշկական կենտրոնն ունենալու է 190 մահճակալ: Նրա համոզմամբ` այդ թիվը լրացվելու է` թիվ 1 հիվանդանոցի 140 մահճակալին ավելացնելով 50 մահճակալ թիվ 2 հիվանդանոցից, ինչը նշանակում է առնվազն 50% կրճատում թիվ 2 հիվանդանոցում:

88-ի երկրաշարժից հետո, երբ հիվանդանոցը տեղափոխվել է ներկայիս գործող շենքը, հիվանդանոցի վերակառուցման, վերանորոգման, վերազինման նպատակով որեւէ պետական հատկացում չի եղել: Միայն վերջին 1 տարվա ընթացքում «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի» ծրագրով 30 մլն դրամի շինարարություն է իրականացվել հիվանդանոցում: Հիվանդանոցին աջակցություն է ցուցաբերվել նաեւ միջազգային զանազան ծրագրերով: «Ամեն ինչը ես եմ ստեղծել իմ անձնական կապերի միջոցով, բայց ոչ թե ինձ համար մասնավոր կլինիկա եմ սարքել, այլ տվել եմ պետական հիվանդանոցին,- ասում է Կարեն Ադամյանը,- իմ անգլիացի, ֆրանսիացի, ամերիկացի ընկերները, որոնք ներդրում են արել, չեն ասելու՞` ինչի՞ համար ենք արել»:

Թիվ 2 հիվանդանոցի գործունեությունը դադարեցնելու մեջ տնօրենը չի ուզում որեւէ միտում տեսնել` կապված իր անձի կամ ընդդիմադիր հայացքների հետ: Չնայած համաձայնում է, որ նման միտում չլինելու դեպքում թիվ 2 հիվանդանոցը կարող է մնալ եւ գործել որպես վերականգնողական կենտրոն, որպիսին չկա ամբողջ հյուսիսային շրջանում` Լոռի, Շիրակ, կամ դառնալ առանձին հեմոդիալիզի կենտրոն: Ի դեպ, թիվ 2 հիվանդանոցի այդ բաժանմունքը լավագույններից է հանրապետությունում, իսկ մարզում` միակը: Ուստի, նոր բաժանմունք ստեղծելու փոխարեն կարելի է ընդամենը ընդլայնել արդեն կայացած այդ բաժանմունքը:

Մեկնաբանություններ (3)

Ерджо
Хачу памоч .стану донор почки я 27 лет.мой кров 3.мой рост 170. 80 кг. Мой номер 8.988.145.01.05.
Карен
стану донором почки я из Армении
Самвел
Здраствуйте.можно ли проводит гемодиализ в Ванадзоре.я с России.пишите ваши кординати.спосибо.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter