HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բռնաբարության մեջ մեղադրողն ինքը հայտնվեց մեղադրյալի աթոռին

Այն, որ ոստիկանությունում սուտ մատնություն կատարելը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ, գյումրեցի 20-ամյա Ա.Մ.-ն չգիտեր: Սակայն այս տարվա փետրվարի 27-ին, երբ նա Գյումրու ոստիկանության 2-րդ բաժանմունքում փորձել է հայտարարություն տալ իրեն բռնաբարելու վերաբերյալ, նրան այդ մասին նախազգուշացվել է: Ոստիկանությունում բացատրել են, որ եթե տրամադրած տեղեկատվությունը չհամապատասխանի իրականությանը, մեղադրյալի աթոռին կհայտնվի մեղադրողը, ոչ թե մեղադրյալ անձը:

Չանսալով զգուշացումներին՝ Ա.Մ.-ն, այնուամենայնիվ, հայտարարություն է տվել, որ նույն քաղաքի բնակիչ, 33-ամյա Սերգեյ Գ.-ն 2010թ. «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում գտնվող «Ոսկե բլուր» հյուրանոց-ռեստորանային համալիրի սենյակներից մեկում իր կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել՝ զրկելով իրեն կուսությունից:

Սակայն նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Մ.-ի հայտարարությունը կեղծ է: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել Սերգեյ Գ.-ի նկատմամբ քրեական գործ չհարուցելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Այնուհետև ՀՀ քր. օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 20-ամյա Ա.Մ.-ին: Աղջիկն ամբողջությամբ ընդունել է մեղքը և նախաքննական մարմնին պատմել, որ նման քայլի գնացել է Սերգեյից ազատվելու, ամուսնանալու և նոր կյանք սկսելու նպատակով:

Երիտասարդ աղջկա և 2 անգամ ամուսնացած, 3 զավակի հայր, նախկինում կողոպուտի համար դատված Սերգեյի միջև մտերմական կապը սկսվել է 2 տարի առաջ՝ փոխադարձ համաձայնությամբ: Ա.Մ.-ն մեկ տարի առաջ ավարտել էր Գյումրու պետական բժշկական քոլեջը, մշտական բնակության տեղափոխվել Երևան: Սերգեյն ու Ա.-ն Գյումրիում եղել են հարևաններ, բնակարանները գտնվել են նույն աստիճանահարթակում: Ընտանիքներն ունեցել են մտերմական, ջերմ հարաբերություններ: Երկու հարևանների միջև սիրային հարաբերությունները սկսվել էին 2010թ. Գյումրիում: Ա.Մ.-ն, մեկ տարի առաջ ավարտելով Գյումրու պետական բժշկական քոլեջը, տեղափոխվել էր Երևան՝ ծնողների մոտ, սակայն Սերգեյի հետ կապը պահպանվել էր: Ի դեպ, գործի փնտրտուքներով Սերգեյը ևս հասել էր մայրաքաղաք ու նախկին հարևանների հետ շարունակել հարևանություն անել նաև այնտեղ:

Ա.Մ.-ի հայրը աշխատանքի բերումով Երևանում հաստատվել էր դեռևս 2008թ.: Իմանալով ամուսնու արտաամուսնական կապի մասին՝ 2010թ. Երևան էր գնացել նաև մայրը՝ տանը թողնելով 2 աղջիկներին և տղային: Օգտվելով ծնողական հսկողության բացակայությունից և հրապուրվելով հարևանի սիրային խոստումներով՝ 18-ամյա Ա.-ն որոշել էր կապվել Սերգեյի հետ: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում գտնվող «Ոսկե բլուր» հյուրանոց-ռեստորանային համալիրում, և պարզվել է, որ այն, ինչ Ա.Մ.-ն ոստիկանությունում բնութագրել էր որպես բռնություն, կատարվել է իր իսկ համաձայնությամբ:

Դրանից հետո զույգը բազմիցս սիրային հադիպումներ է ունեցել լքված շինությունների տարածքներում, հյուրանոցներում: Նախաքննական մարմնին տված ցուցմունքում Սերգեյ Գ.-ն նշել է 100-150 սեռական ակտի մասին: Այն, որ Ա.-ն Սերգեյի հետ սեռական հարաբերություն է ունեցել, իմացել է Ա.-ի քույրը: Հետագայում՝ դեպքից մեկ տարի անց, այդ մասին աղջիկը խոստովանել է նաև մորը:

Սերգեյը Ա.-ի իմացությամբ տեսանկարահանել և լուսանկարել է սեռական հարաբերությունները հետաքրքրության և հաճույքի համար: Շատ դեպքերում Ա.-ն ինքն է բջջային հեռախոսով իրեն լուսանկարել լողանալիս և ուղարկել Սերգեյին: Բոլոր տեսալուսանկարահանումները Սերգեյը խոստացել է ջնջել, սակայն ոստիկանություն ներկայացրած տեսաերիզից պարզ է դարձել, որ որոշ բուռն դրվագներ տղան, այնուամենայնիվ, պահպանել է:

Ա.Մ.-ի Երևան տեղափոխվելուց հետո նրանով սկսել է հետաքրքրվել հարևանի ազգականը: Քանի որ տղան որոշած է եղել հանդես գալ լուրջ առաջարկությամբ, Ա.-ն էլ իր հերթին է սկսել ուղիներ որոնել Սերգեյի հետ ունեցած կապին վերջ տալու համար: Վերջինս սկզբում համակերպվել է սիրուհու կորստի հետ, անգամ բարի բախտ ցանկացել Ա.-ին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում, գործից անտեղյակ փեսացուին հետագայում պատմել է իրենց կապի մասին:

Սերգեյից ազատվելու համար ոստիկանություն դիմելիս Ա.Մ.-ն չէր էլ ենթադրում, որ գործը կարող է շուռ գալ իր դեմ: Աղջկա մտքով անգամ չէր անցել, թե նախկինում զվարճության համար կատարված տեսալուսանկարահանումները հենց իր դեմ են աշխատելու: Բժշկական փորձաքննությունը ևս հաստատել է, որ Ա.-ի կուսաթաղանթը խախտված է, և ժամկետը որոշել հնարավոր չէ՝ վաղեմությունն անցած լինելու պատճառով:

Մայիսի 23-ին՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ, ամբաստանյալ Ա.Մ.-ն խնդրեց անցկացնել արագացված դատաքննություն՝ ասելով, որ ամբողջությամբ ընդունում է մեղքը և զղջացել է կատարվածի համար: Մեղադրողի համոզմամբ՝ այս ամենը տեղի չէր ունենա, եթե ծնողներն իրենց պարտականությունները պատշաճ կերպով կատարեին, վերահսկեին հասունության շեմին գտնվող զավակների քայլերը և հանապազօրյա հացի հետևից ընկած՝ անտերության չմատնեին նրանց:

Դատախազ Սալոյանը միջնորդեց Ա.Մ-ին հանցավոր ճանաչել քր. օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքում և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով: Կիրառել ՀՀ քր. օր.-ի 77 հոդվածը և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, որի ընթացքում նրա վարքագծի նկատմամբ հսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան ստորաբաժանման վրա:

Նույն օրը դատավոր Էդվարդ Մանուկյանը հրապարակեց դատավճիռը՝ բավարարելով դատախազ Սալոյանի միջնորդությունը:

Մեկնաբանություններ (1)

as
poracd posn @nkar........inch shahir dranic h@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter