HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Սարդոստայն. էլիտար շենքեր, էլիտար խարդախություններ

սկիզբը

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը, տեղեկացված լինելով որոշ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում ներդրումներ կատարելու «ոդիսականներին», Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, մասնավորապես`  Երեւանի Մաշտոցի 33ա հասցեում շենք կառուցելու իրական նպատակներ չի ունեցել, այլ հանրային հեղինակություն վայելող եւ ազդեցություն ունեցող անձի երաշխավորությամբ ֆինանսական համագործակցության ծրագիր է ունեցել Վլադիսլավ Մանգասարյանի հետ:

2005 թ. սեպտեմբերին Է. Խուդյանը, Վ. Մանգասարյանի հետ կնքելով պայմանագրեր, ձեռք է բերել պայմանավորվածություններ: Համաձայն դրանց` Է. Խուդյանը պարտավորվել է ֆինանսական միջոցներ հայթայթել ներկայիս Մաշտոցի 33ա եւ 33/1 տարածքները ձեռք բերելու նպատակով, իսկ Վ. Մանգասարյանը պարտավորվել է մեկամյա ժամկետում իր հաշվին ձեռք բերել քաղաքաշինական փաստաթղթեր եւ շինարարություն իրականացնել, կառուցվելիք տարածքների նախնական վաճառքից ստացվելիք եկամուտների հաշվին  հատուցել Է. Խուդյանի կատարած ներդրումները, ինչպես նաեւ Խուդյանին բաժին հանել ակնկալվող շահույթից:

Համագործակցության հիմքում դրված է եղել տվյալ պահին գործող «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` 500.000.000 ՀՀ դրամ եւ ավելի օտարերկրյա ներդրմամբ ընկերություններն ազատվում են շահութահարկ վճարելու պարտավորությունից (0-ական դրույքաչափ):

«Պայմանավորվածությունների ժամկետը լրանալուց հետո` մեկ տարի անց, Վլադիսլավ Մանգասարյանի կողմից իր պարտավորությունների չկատարման եւ դրսեւորած վարքագծի հետեւանքով, ըստ էության, դադարել է գործել մեր միջեւ եղած համաձայնությունը, քանի որ Վլադիսլավ Մանգասարյանն իր անթույլատրելի վարքագծով («Ավիոտրանս» ընկերությունից ստացված փոխառության 450.000 դոլար գումարի յուրացումը, նախնական պայմանագրերի հիման վրա քաղաքացիներից ստացված գումարների յուրացումը, շինարարական աշխատանքները չիրականացնելը) չարաշահել է իմ վստահությունը եւ հավատ չի ներշնչել անգամ, որ իմ ներդրած գումարները հետ կստանամ»,-  «Հետքին» գրել է Էդմոնդ Խուդյանը:

Միեւնույն ժամանակ, Է. Խուդյանին տեղեկացրել են, որ Վլադիսլավ Մանգասարյանը մի քանի միլիոն դոլարի հասնող պարտք ունի: Նա իմացել է նաեւ, Վ. Մանգասարյանը նախկինում Երեւանի Տերյան 4ա հասցեում կառուցած շենքի հետ կապված ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիների նկատմամբ  պարտավորություններ ունի:

Այդ ամենն իմանալուց հետո նա Վ. Մանգասարյանին առաջարկել է վերջնահաշվարկ կատարել իր հետ, օտարել կառուցապատված տարածքը եւ վերադարձնել իր կատարած ներդրումները: Վ. Մանգասարյանը 2006 թ. դեկտեմբերին խնդրել է իրեն եւս մեկ հնարավորություն տալ` նախկին պայմանավորվածությունը պատշաճ ձեւով իրականացնել մինչ 2007 թ. օգոստոս ամիսը:

Սակայն դեռեւս 2007 թ. գարնանը Է. Խուդյանի համար ակնհայտ է դառնում, որ Վլադիսլավ Մանգասարյանն իրեն հերթական անգամ խաբել է եւ օրեցօր երրորդ անձանց նկատմամբ նոր պարտավորություններ է ստանձնում, բայց Է. Խուդյանի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում:

2007 թ. գարնանը Է. Խուդյանը կրկին դիմում է Վ. Մանգասարյանին, որպեսզի վերջինս դադարեցնի խաբեությունները եւ հեռանա տարածքից, քանի որ Է. Խուդյանի կատարած ներդրումների մի մասը փոխառությամբ վերցված գումարներ էին եւ ենթակա էին վերադարձման, բացի այդ, մոտենում էր նաեւ «Ավիոտրանս» ընկերությունից վերցրած փոխառության գումարի վճարման ժամկետը:

Չուզենալով շարունակել շենքի շինարարությունը եւ գերշահույթներ ստանալ, այլ հետապնդելով փոխատուների հանդեպ անձամբ ստանձնած պարտավորությունները սահմանված ժամկետներում կատարելու նպատակ, Է. Խուդյանը որոշում է կայացրել կառուցապատված տարածքը վաճառել: Նրա այդ որոշումը խուճապի է մատնել Վ. Մանգասարյանին, որը «կառուցվելիք շենքի հետ կապված խոստումներով էր սնում» իր պարտատերերին:

Ստեղծված իրավիճակում Վ. Մանգասարյանը, գործի դնելով իր «ընդունակություններն ու տարիների փորձը», Է. Խուդյանին հերթական անգամ համոզում է համատեղ գործունեություն ծավալել նոր պայմանավորվածությունների հիման վրա:

Եւ քանի որ Է. Խուդյանին այլեւս հավատ չէր ներշնչում, «գործում» ներգրավում է իր խոշոր պարտատերերից մեկին` Ղեւոնդ Ղալումյանին, որն իր պահվածքով, Վ. Մանգասարյանի հանդեպ ունեցած «խստապահանջ» վերաբերմունքով, իր մասնակցության արդյունավետության վերաբերյալ փաստարկներով վստահություն է ներշնչում Է. Խուդյանին:

Վերջիններիս հետ համագործակցության հարցում էլ Է. Խուդյանը կրկին իր կատարած ներդրումները վերադարձնելու ու կրած վնասները փոխհատուցելու, ինչպես նաեւ իր կողմից կնքված նախնական պայմանագրերի հիման վրա տվյալ գնորդներին իրենց բնակարանները հատկացնելու պայման է դնում, որին համաձայնվում են եւ Վլադիսլավ Մանգասարյանը, եւ Ղեւոնդ Ղալումյանը:

Որպես իրենց պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիք` կողմերի միջեւ 2007 թ. հոկտեմբերի 10-ին կազմվում է գրավոր փաստաթուղթ, որով սահմանված է, որ առաջնահերթության կարգով կողմերը պարտավորվում են շուրջ 7,5 մլն դոլար արժեք ունեցող կիսակառույց շենքի` «Էյչ-Էս-Բի-ՍԻ» բանկում  ներդրման դիմաց ստանալ 2 մլն դոլար, որից 1,5 մլն-ը տրամադրել Է. Խուդյանին, հետագայում նրան վճարել եւս 2.341.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ Է. Խուդյանի հետ պայմանագիր կնքած անձանց ապահովել տարածքով:

Դրա դիմաց Է. Խուդյանը պարտավորվել էր իրեն պատկանող մոտ 10.000քմ կառուցապատված տարածքը 10,5 հարկանի կիսակառույցը ներդնել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում, գործընկերներին անհատույց հանձնել իր 100% բաժնեմասի մոտ 39%-ը, իսկ գործընկերների կողմից իր հանդեպ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման արդյունքում` հօգուտ գործընկերների կամ ընկերության հրաժարվել ընկերությունում ունեցած իր մնացած բաժնեմասից:

Այսինքն` իր կողմից կատարված նվազագույնը 7,5 մլն դոլար արժեքով ներդրման դիմաց պահանջել էր 5 մլն դոլարի (3.481.000 եւ մոտ 1.500.000 դոլարի պարտավորություններ) փոխհատուցում:  Է. Խուդյանն իր պահանջների պատշաճ կատարման դիմաց նաեւ պարտավորվել է չառարկել, որպեսզի իր գործընկերները Մաշտոցի 33/1 հասցեի շենքի վրա կառուցեն եւս երկու հարկ (1.700 քմ) եւ դրանից ակնկալվող եկամուտներն իրենք ստանան, ինչպես նաեւ օտարեն Մաշտոցի 33ա հասցեում 1.700 քմ (2.200.000 դոլարով առկա էր գնորդ, հետագայում Վ. Մանգասարյանն այն վաճառել է 1.700.000 դոլարով) շինությունը:

Է. Խուդյանն իր պարտավորությունները պատշաճ ձեւով կատարել է, իսկ նրա գործընկերները միայն տրամադրված 2 մլն դոլար վարկի երաշխավոր հանդիսանալու իրենց պարտավորությունն են կատարել, որից հետո Է. Խուդյանին մասնակի փոխանցված գումարները փաստաթղթերի կեղծմամբ ձեւակերպել են որպես փոխառություն, այդ թվում` վարկային պայմանագրով սահմանված 1.300.000 ԱՄՆ դոլար նպատակային վարկի գումարը:

Արդյունքում Վ. Մանգասարյանը եւ Ղ. Ղալումյանը ընկերության տնօրեն Է. Եսայանի միջոցով վաճառել են Մաշտոցի 33ա եւ 33/1 տարածքները, այդ թվում` Է. Խուդյանի բնակարանը եւ հասարակական տարածքը, սակայն ոչ Է. Խուդյանին հասանելիք գումարներն են վերադարձվել, ոչ էլ Է. Խուդյանի հետ պայմանագիր կնքած անձանց են ապահովել տարածքով:

Արդյունքում ներդրումներ կատարած Է. Խուդյանը եւ մի շարք քաղաքացիներ, որոնք իրենց բնակարանները չեն ստացել, «դասական խաբեության» հերթական զոհն են: Իսկ հայաստանցի գործարարներն այս գործարքներից անգամ հարկեր չեն վճարել, բայց առ այսօր նրանց նկատմամբ պետական մարմինների կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել: 

Մեկնաբանություններ (2)

Bruce Tasker
Emyl, I doubt you will publish the comment I have just posted, but I thought at least you might find it interesting. Regards, Bruce
Bruce Tasker
It is good to see that Yerevan's property construction money laundering operation is eventually attracting serious attention and this article highlights how most construction projects are implemented. But a closer look into the details of the Diaspora who have apparently purchased the apartments will undoubtedly show that in fact very few real sales are concluded - the regime simply arranges fictitious sales and purchases of the properties to boost property sales figures. This is just one of hundreds of such corrupt regime backed construction projects - supported through many years by an equally corrupt World Bank and IMF.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter