HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գայանե Առուստամյան. Հրանտ Բագրատյանը «փայլուն կկատարի» խորհրդարանական դիմադրությունը

«Անցած խորհրդարանական ընտրությունները եղել են Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից ամենասոսկալին, չնայած մինչ այդ իշխող ռեժիմը հայտարարում էր, որ ընտրություններն անցնելու են ժողովրդավարության մթնոլորտում և լինելու են պարզ ու թափանցիկ»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված էր թիվ 1 ընտրատարածքում: Նույն ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներն էին Ռուբեն Հայրապետյանը և Ստյոպա Սաֆարյանը:

Գայանե Առուստամյանը համաձայնեց, որ ընտրությունները եղել են պարզ ու թափանցիկ այն իմաստով, որ դրանք պարզ ու ակնհայտորեն կեղծվեցին, գնվեցին և անցան առևտրի մթնոլորտում:

«Բնակչությունն ընտրական շրջանում գնահատեց փողը: Հայաստանում հաստատվել է փողի իշխանությունը, և միակ արժեքը փողն է, որը վերահսկում է ամեն ինչ»,- հայտարարեց Գ. Առուստամյանը:

Վերջինիս կարծիքով՝ այժմ քաղաքական դաշտը մռայլ է և գրեթե ամայացած, իսկ ապագան լինելու է շատ ավելի մղձավանջային: ՀԱԿ-ի համար, որը ԱԺ-ում լինելու է փոքրամասնություն, դժվար է լինելու առաջ տանել ժողովրդավարության և իշխանափոխության գաղափարը:

«Եթե լիներ ազատ ընտրություն, չէին ընտրի օլիգարխին»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցչը:

Գայանե Առուստամյանը նշեց, որ ինքը ՀԱԿ անդամ է, սակայն ներկայացնում է իր անձնական տեսակետը: Նա ակնկալում է դրսի աջակցությունը, բայց ոչ թե այն իմաստով, որ որևէ երկիր գա օգնի ազատվել այս ռեժիմից, այլ որ միջազգային կառույցներն ավելի խիստ գնահատականներ տան, ոչ թե հնչեցնեն լղոզած գնահատականներ, այլ անվավեր ճանաչեն խորհրդարանական ընտրությունները կամ գոնե այնպես անեն, որ նույն իրավիճակը չլինի նախագահական ընտրություններում:

Գ. Առուստամյանի կարծիքով՝ ՀԱԿ-ի մանդատներն ընտրված են, և ՀԱԿ պատգամավորները լեգիտիմ պայքարում են ոչ լեգիտիմ մանդատների դեմ: Այժմ այդ 7 մանդատը պետք է ուղիղ կապ ունենա արտախորհրդարանական պայքարի հետ: Նրա կարծիքով՝ ճիշտ քայլ էր, որ ՀԱԿ-ը, որը հասարակության դիմադրող հատվածի միավորումն է, չհրաժարվեց իր մանդատներից, քանի որ ԱԺ-ն նույնպես հանրային ոլորտ է, և պետք է պայքարել նաև այնտեղ:

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը՝ Գ. Առուստամյանը նշեց, որ ցանկալի կլինի, որ Լ. Տեր-Պետրոսյանը շարունակի ղեկավարել արտախորհրդարանական դիմադրությունը, ինչը շատ ավելի բարդ է: Իսկ խորհրդարանական դիմադրությունը, ՀԱԿ ներկայացուցչի խոսքերով, Հրանտ Բագրատյանը «փայլուն կկատարի»:

Բանախոսի կարծիքով՝ նորմալ և մարդկային է, որ ինչ-որ մեկը դուրս է գալիս վազքուղուց և հրաժարվում պայքարից, ինչը կատարվեց ՀԱԿ-ի ներսում: Միաժամանակ, քաղաքական հասունության մասին չի խոսում այն հանգամանքը, որ մարդիկ, որոշ անհամաձայնությունների պատճառով, հեռանում են այդ պայքարից: Պետք չէ քաղաքականության մեջ դիմադրել և բոլորին թշնամի համարել, դա նշանակում է գնալ դեպի պարտություն:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Գ. Առուստամյանը նշեց, որ հասարակությունն ինքը պետք է որոշում կայացնի: Եթե այն ընտրում է փողը՝ ստրկությունը, ուրեմն նախագահական ընտրություններից հետո պետք չէ հրաշք ակնկալել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter