HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյան 106. բնակիչներին ձեռք են առնում

Երեկվանից Նալբանդյան 106/1 հասցեում, որտեղ բնակչությունը արդեն մոտ երկու տարի պայքար է մղում ապօրինի շինարարության դեմ, վերսկսվել են խլրտումները:

Բնակիչների փոխանցմամբ՝ երեկ տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ տարածք են եկել գազի վարչության աշխատակիցները, ովքեր, սակայն, պնդել են, թե որևէ կապ չունեն տարածքում նախատեսվող շինարարության հետ: Իրենց ասելով՝ նրանք քաղաքապետարանից թույլտվություն են ունեցել Նալբանդյան 104 և 106 շենքերի գազատար խողովակի տեղափոխման համար, սակայն բնակիչների պահանջով նրանք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:

Երբ աշխատանքները ընթացք են ստացել և խաթարվել է շրջակա շենքերի գազամատակարարումը, քաղաքացիները ահազանգել են քաղաքապետարան, որտեղից բնակիչներին հայտնել են, թե իբր խողովակաշարի տեղափոխման աշխատանքները իրականացվում են հրշեջ մեքենայի ելումուտը ապահովելու նպատակով, ինչը անվտանգության պահանջ է:

Այնուամենայնիվ, ինչպես և կանխատեսել էին բնակիչները, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում, «Ավագ Շին» ՍՊԸ-ն Նալբանդյան 106/1-ին ներբակային տարածք է մտցրել շինարարական տեխնիկա:

Ակնհայտ է, որ տարիներ շարունակ անցկացված գազատարի հանկարծակի տեղափոխումը պատվիրված էր հենց այս նպատակով, իսկ շինարարները, ինչպես և անցյալ տարի նույն բակում դեռևս չկառուցված էլիտար շենքի կոյուղագիծ անցկացնելիս, կրկին խաբել են բնակիչներին՝ սեփական նպատակին հասնելու համար:

Հիշեցնենք նաև, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի՝ 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության՝ «կառուցվող բազմաբնակարան շենքի» նախագծային փաստաթղթերը դեռևս մշակված և համաձայնեցված չեն:

Նշված բակի բնակիչները հունիսի 2-ին 12:00-ին Նալբանդյան 106 հասցեում` նախկին մանկապարտեզի մուտքի մոտ, պատրաստվում են հերթական բողոքի ակցիան անցկացնել ՝ ընդդեմ իրենց համար խիստ անցանկալի կառուցապատման ծրագրի:

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter