HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

309 միլիոն դրամ «Ֆակտորի Փրոդաքշնին»՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի կազմակերպման համար

«Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» կազմակերպման համար կառավարությունը մոտ 309 միլիոն դրամ կհատկացնի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին։ Վարչապետի աշխատակազմի և ընկերության միջև հոկտեմբերի 21-ին կնքված գնման պայմանագիրը տեղադրվել է պետական գնումների armeps.am համակարգում։ Գնումը կատարվել է «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։

Պայմանագրի հավելվածում նշված է, որ «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը» անցկացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 28-31-ը։ Ըստ կառավարության՝ գագաթնաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը, համահայկական նշանակության խնդիրների համատեղ լուծման մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ռազմավարության ուղենիշների սահմանմանը։

Գագաթնաժողովին մասնակցելու է 600 մարդ աշխարհի 45 երկրներից։ Այդ մարդիկ, ըստ կառավարության, ներկայացնում են սփյուռքի գիտական, մասնագիտական, բիզնես, երիտասարդական, համայնքային շրջանակները։ Գագաթնաժողովը կունենա 8 պանելային քննարկում, 17 համաժամանակյա նիստ, 2 ազատ ձևաչափով քննարկում։ Ելույթով հանդես են գալու 100 հրավիրյալ բանախոսներ՝ 12 երկրներից։ 

«Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018 թվականից ակտիվորեն մասնակցում է պետական գնումների գործընթացին։ Վերջին տարիներին այս ընկերությանն է վստահվել Հայաստանում կազմակերպված մեծամասշտաբ միջոցառումների մեծ մասի կազմակերպումը։ Օրինակ՝ 2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին տրամադրվել էր 750 միլիոն դրամ։ 2020 թվականի Ամանորի միջոցառումների կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանից այս ընկերությանն էր փոխանցվել 137 միլիոն դրամ։ 

2018 թվականի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի կազմակերպման համար «Ֆակտորի Փրոդաքշնը» արտաքին գործերի նախարարությունից ստացել էր 76 միլիոն դրամ։ 2018 թվականի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման համար կրկին ԱԳՆ-ից ընկերությանը հատկացվել էր 54 միլիոն դրամ։

Ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ։

Լուսանկարը՝ Վազգեն Պողոսյանի ՖԲ-ից

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք մինչև 2021թ․ նոյեմբերի 26-ը ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, սակայն այդ օրվանից մինչև հիմա ընկերության 100 բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին, որը զբաղեցնում է նաև ընկերության տնօրենի պաշտոնը։

Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանն ընկերներ են։ Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը եղել է Հանրայինի գործադիր պրոդյուսերը։

2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել է հանրապետության նախագահի օգնական՝ Արմեն Սարգսյանի օրոք։ 2022թ․ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ մարտի 3-ին նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը Վազգեն Պողոսյանին ազատեց օգնականի պաշտոնից՝ մարտի 18-ից։

Մեկնաբանություններ (1)

Khoren
«Հետքը» լուսաբանո՞ւմ է այս համաժողովը։ Ինչի՞ վրա է ծախսվում այս խոշոր գումարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter