HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Շաքարային դիաբետ. դեպքերը եռապատկվել են, մահերը՝ 3 անգամ նվազել

Հայաստանում տարեցտարի շաքարային դիաբետի դեպքերը շատանում են, բայց, դրան զուգահեռ, դիաբետից մահացությունը նվազում է. 2000-ական թվականների համեմատ՝ այսօր շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թիվը եռապատկվել է՝ դառնալով մոտ 110 000, միևնույն ժամանակ, մահերը 3 անգամ նվազել են։

Ռիսկի գոտում առավելապես կանայք են. մահերի 70%-ը բաժին է հասնում հենց կանանց։ Մարզերում շաքարային դիաբետից մահացությունը զգալիորեն բարձր է Շիրակում, ամենաքիչ մահերը Վայոց Ձորում, Սյունիքում և Տավուշում են։

Ընդհանուր մահերի մեջ, սակայն, շաքարային դիաբետից մահվան տոկոսը բարձր չէ՝ 1,1,%։

 

Շաքարային դիաբետն էնդոկրին հիվանդություն է, պայմանավորված է արյան մեջ գլյուկոզայի յուրացման խանգարմամբ և զարգանում է ինսուլինի հորմոնի բացարձակ կամ հարաբերական անբավարարության հետևանքով, ինչի պատճառով առաջանում է գերշաքարություն՝ հիպերգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի քանակի կայուն բարձրացում

Հիվանդության հետևանքով խանգարվում է ածխաջրատային, ճարպային, սպիտակուցային, հանքային, ջրաաղային նյութափոխանակությունը։

Առանձնացնում են շաքարային դիաբետի 3 հիմնական տեսակ՝

  • 1-ին տիպի շաքարային դիաբետ կամ ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ, որի պատճառը ենթաստամոքսային գեղձի` անբավարար քանակի ինսուլինի արտադրումն է։ 
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետը կամ ոչ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, սկսվում է ինսուլինի հանդեպ կայունությամբ, և բջիջներն ունակ չեն լինում ինսուլինի հանդեպ համապատասխան ռեակցիա առաջացնել։ 
  • Գեստացիոն դիաբետ կամ հղիության դիաբետ, երբ հղի կանանց մոտ դիտվում է hիպերգլիկեմիա (գերշաքարարյունություն)` առանց նախկինում դիաբետի որևէ ախտանշան ունենալու։ Դրսևորվում է հղիների 3-9%-ի մոտ։

Դիաբետի առաջացման գլխավոր գործոններից է գենը, սակայն որոշիչ դեր ունի նաև մարդու ապրելակերպն ու սննդակարգը։ Օրինակ՝ ճարպակալումը ռիսկի գործոն է և կարող է բերել երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման։

«Շաքարային դիաբետի առաջացման շատ մեծ գործոն է ժառանգականությունը։ Եթե ընտանիքում երկու ծնողը երկրորդ տիպ դիաբետ ունեն, հավանակությունը, որ իրենց երեխաները կունենան 80-90% է։ Եթե մի ծնողն է, հավանականությունը, բնականաբար, իջնում է, բայց պիտի երեխաների մոտ էլի ստուգումներ անեն, հետևեն, որ վաղը, մյուս օրը չունենան խնդիր,- ասում է «Մուրացան» ԲԿ-ի էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Ռենատա Մարկոսյանը։- Դիաբետն այն հիվանդությունը չէ, որ այսօր մենք զարթնեցինք, և մեզ մոտ դիաբետ առաջացավ, չկա նման բան։ Ինքն ունի նախաշրջան, կոչվում է՝ պրեդիաբետ. սկիզբը լինում է ճարպակալում, հետո լինում է նախադիաբետ, հետո՝ դիաբետ։ Նախադիաբետի ընթացքը կարող է տևել բավականին երկար՝ տարիներ»։

Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2021թ․-ին Հայաստանում արձանագրվել է շաքարային դիաբետի ընդհանուր 109983 դեպք, մահացել է 392 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 78-ով քիչ է։

Թեև թե՛ կյանքում առաջին անգամ գրանցված, թե՛ ընդհանուր թիվը տարեցտարի ավելանում է, բայց, դրան զուգահեռ, տարեցտարի նվազում է մահերի թիվը։

1990-ական թթվականներից ի վեր Հայաստանում շաքարային դիաբետից մահացության տոկոսը նվազել է 1,2%-ով՝ 2,3-%-ից դառնալով 1,1%։ Իսկ 2000-ական թվականների համեմատ՝ 2021թ․-ին շաքարային դիաբետից մահացությունների թիվը նվազել է 3,2 անգամ։ Համեմատության համար՝ 2000թ․-ին շաքարային դիաբետից մահացել է 1266 մարդ, 2021-ին՝ 392։ Այդ ժամանակահատվածում շաքարային դիաբետից մահվան տոկոսն ամենաբարձրը եղել է 2005թ.-ին՝ 6%, և 2000 ու 2010թթ-ին՝ մոտ 5 և ավելի տոկոս։ Նշված ժամանակահատվածում մահերի ամենաշատ դեպքերը գրանցվել են 2010թ-ին՝ 1395 հոգի։

Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում

Շաքարային դիաբետ. վիճակագրություն-2022
Infogram

2021թ․ Երևանում շաքարային դիաբետից մահացել է 206 մարդ։ Մարզերում մահվան ամենաշատ դեպքերը Շիրակում են՝ 81 մարդ. սա 4 անգամ ավելի շատ է, քան հաջորդ՝ ամենաշատ մահեր գրանցած մարզում՝ Արարատում (20 մարդ)։ Մնացած մարզերում դեպքերը քիչ են՝ մինչև 18, 3-ական դեպք գրանցվել է Սյունիքում և Տավուշում։ Ամենաքիչ մահերը, նաև, պայմանավորված բնակչության թվով, Վայոց Ձորի մարզում են՝ 2 դեպք։

Շաքարային դիաբետից առավելապես մահանում են կանայք. 2021թ․ գրանցվել է մահվան ընդհանուր 392 դեպք է, որից 120-ը, այսինքն՝ 30%-ը տղամարդ է, 70%-ը՝ կին (272 կին)։ Տղամարդկանց կեսը, իսկ կանանց՝ 70%-ը եղել են 70 տարեկանից բարձր։

Շաքարային դիաբետից մահացած ամենաերիտասարդ տղամարդիկ 2-ն են՝ 30-39 տարիքային խմբից, ամենաերիտասարդ կանայք նույնպես 2-ն են, բայց արդեն՝ 40-49 տարիքային խմբից։

«Եթե գեներն էնպես են, որ ճարպակալման կամ դիաբետի հակում կա, այդ ընտանիքն արդեն պիտի ավելի խիստ հսկի իր սննդակարգը, որովհետև գենը ժառանգելու են երեխաները։ Ճարպակալումը ռիսկի գործոն է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման համար։

Սթրեսը նույնպես կարող է նպաստել շաքարային դիաբետին։ Նախատրամադրված օրգանիզմում պետք են տրիգերներ (գործոններ, հեղ.), որոնց ազդեցության տակ կարող է ի հայտ գալ շաքարային դիաբետը։ Օրինակ՝ պատերազմից, կովիդից հետո շատ ունեցանք նման դեպքեր»,- ասում է Ռենատա Մարկոսյանը։

Սակայն, եթե դիտարկենք շաքարային դիաբետից մահացության տոկոսը Հայաստանում գրանցվող մահերի ընդհանուր թվի մեջ, ապա այն այդքան էլ բարձր չէ։ Մասնավորապես՝ 2021թ․ մահաբերությունը (15 տարեկանից բարձր անձանց մոտ) կազմել է 1,9%. համեմատության համար՝ մահացության ամենատարածված պատճառ հանդիսացող ուղեղի անոթային և սրտի քրոնիկ հիվանդությունների մահացության տոկոսը համապատասխանաբար 12,% և 11,4% է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter