HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Գարեգինյան

«Բնական ավարտի՞ն» են սպասում

Առողջությունից զրկվելն, իհարկե, ոչ մեկի համար էլ հաճելի բան չէ: Ասում են` ադրբեջանական ժողովրդական մտորում կա. «Ավելի լավ է առողջ լինել, քան հիվանդ»: Չգիտեմ, գուցե և իրենցը չէ, բայց դե ճիշտ է, էլի:

Նման աննախանձելի վիճակում է հիմա գտնվում Երևանի բնակչուհի Ծաղիկ Մանուկյանը: Մեկ ամիս առաջ ծնկից վերև անդամահատվել է աջ ոտքը, ձախ ոտքն էլ լավ վիճակում չէ: Կինը տառապում է սրտաթոքային անբավարարությամբ, հիպերտոնիայով և մի շարք այլ հիվանդություններով: Առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, ինչի պատճառով տիկին Ծաղիկը գրեթե ամեն օր ստիպված է շտապ բուժօգնություն կանչել:

Սակայն դա այս կնոջը բաժին ընկած փորձությունների մի մասն է միայն: Առողջական խնդիրներին գումարվել է բարոյահոգեբանական լուրջ խնդիր: Ինչն, իհարկե, առողջության համար լրացուցիչ պրոբլեմներ է ստեղծում: Բանն այն է, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում արդեն երկար ժամանակ է, ինչ գտնվում է քաղաքացիական գործը, որը կազմված է Ծաղիկ Մանուկյանի կողմից ներկայացրած հայցի հիման վրա ընդդեմ Լևոն և Գևորգ Դեմուրչյանների` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:

Ծաղիկ Մանուկյանը 1994 թվականին փաստացի (առանց ամուսնությունը պաշտոնապես գրանցելու) ամուսնացել էր Տիգրան Դեմուրչյանի հետ և համատեղ ապրել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող բնակարանում (հասցե` ք. Երևան, Կոմիտասի պող., շենք 1, բն. 214) մինչև ամուսնու մահը՝ 2010 թ.ապրիլ: Համատեղ կյանքում ամուսինները երեխաներ չեն ունեցել:

2000 թվականից  Ծ. Մանուկյանի առողջականը լրջորեն վատթարացել է: 2006-ից նա այլևս ի վիճակի չէր աշխատել և գտնվում էր ամուսնու` Տիգրան Դեմուրչյանի խնամքի տակ:

2008 թ.  ապրիլին բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների հիման վրա Ծ. Մանուկյանին տրվել է հաշմանդամության 3-րդ խումբ: Վերափորձաքննությունից խումբը փոխարինվեց 2-րդի, իսկ 2012 թվականից նա ստացավ հաշմանդամության 1-ին խումբ:

Տիգրան Դեմուրչյանը հանկարծամահ է եղել 2010 թ. ապրիլին: Հենց նա էր հոգում ընտանիքի առօրյա ապրուստին առնչվող հարցերը: Սակայն նրա մահից հետո ամեն ինչ փոխվեց: Չզագսավորված Ծաղիկ Մանուկյանին ամուսնու ազգականները բացեիբաց ընկալում էին որպես «անկոչ հյուր»: Ամուսինն արդեն չկար, որ նման անբարյացակամ վերաբերմունքը չեզոքացներ: Ի վերջո, հանգուցյալի եղբայրը այրուն պարզապես դուրս է անում տնից: Եվ հիմա նա մշտական բնակության վայր չունի, ստիպված է ապաստանել հարազատներից մեկի տանը: Դժվարին ու նվաստացուցիչ կացություն՝ հիվանդությունների մի ողջ «փնջով» ծանրաբեռնված հաշմանդամ կնոջ համար:

Ծաղիկ Մանուկյանին հանգուցյալ Տիգրան Դեմուրչյանի ազգականները բացարձակապես ժառանգ չեն համարում: Մինչդեռ, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1220-րդ հոդվածի՝ ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի՝ այլ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում: Այնպես որ Ծ. Մանուկյանը ժառանգության իրավունք ունի:

Իրեն օրենքով հասանելիք մասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար նա դեռևս 2010 թ. օգոստոսի 6-ին դիմել է դատարան (քանի որ ամուսնությունը գրանցված չի եղել, և արտադատական  կարգով այդ փաստը հաստատել հնարավոր չէ): Դատարանը բավարարել է հայցապահանջը: Սակայն հանգուցյալի եղբոր վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ դատարանը գործն ուղարկել է նոր քննության: Այդ քննության արդեն երկրորդ տարին է լրանում, իսկ քաղաքացիական գործով դատական ակտ դեռ չի կայացվել: Դատական նիստերը անհիմն պատճառներով անընդհատ հետաձգվում են` մեկ պատասխանող կողմը փաստաբանին է փոխում, մեկ դատավորն է չգիտես ինչու հետաձգում, մեկ դատական նիստը չի կայանում: Ստիպված ենք փաստել, որ նիստերի նման ձգձգումները հակասում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթներին:

Ինչպես երևում է, գործի վերջնագիծը հորիզոնից այն կողմ է թաքնված: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ, որ պատասխանողները դատական բարձր ատյանների միջոցով դիտավորյալ մշտապես խոչընդոտում են գործով դատական ակտի կայացումը՝ սպասելով հայցվորի մահվանը. եթե չկա մարդը, պրոբլեմն էլ չկա: Սա է, ըստ երևույթին, պատասխանող կողմի հեռահար նպատակը: Իսկ դատական ատյաններում տիրող բյուրոկրատական քաշքշուկը միայն նպաստում է, որպեսզի այդ նպատակն, ի վերջո, իրականություն դառնա:

Մինչդեռ Ծ. Մանուկյանի հայցապահանջը միանգամայն արդարացի է, քանի որ հիմնավորվում է գրավոր ապացույցներով, վկաների ցուցմունքներով և օրենքի պահանջով: Մասնավորապես, քաղաքացիական օրենսդրության համաձայն, ժառանգության գործերով անաշխատունակ են համարվում անչափահաս երեխաները, օրենքով սահմանված կարգով հաշմանդամ (1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամները, առանց հաշմանդամության աստիճանի սահմանափակման) կամ անգործունակ ճանաչված կամ կենսաթոշակային տարիքի հասած անձինք (ՀՀ Քաղ. օրենսգիրք, հ. 1194):

Հանգուցյալ Տիգրան Դեմուրչյանի ազգանանների` իրենց ձեռքն ընկած ունեցվածքից ու գույքից ուրիշին (ում իրենք խորթ են համարում) բաժին չհանելու ցանկությունն, իհարկե, հասկանալի է: Թեպետ` ոչ ներելի: Բայց մի՞թե մեր դատական ատյաններն էլ են սկսում առաջնորդվել «եթե չկա մարդը, պրոբլեմն էլ չկա» ցինիկ ձևակերպմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter