HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Վարդանյան. «Ես հերոս չեմ, հայրենիքը պաշտպանում են սովորական մարդիկ»

Ինչի՞ մասին եք մտածում աստիճաններ բարձրանալիս: Առօրյա հոգսերի՞, գույքահարկի՞, որ էլի մոռացաք վճարել, ձեռքի ափերը կտրող տոպրակների ծանրությա՞ն, օդի աղտոտվածությա՞ն, ուշացող տրանսպորտի՞… Իսկ երբևէ մտածե՞լ եք ձեր քայլելու արագության մասին: Քանի՞ վայրկյանում եք մեկ աստիճանից մյուսին հասնում։

Մեր տան սանդուղքը 12 աստիճան ունի: Հին ընկերս՝ Նարեկն է հյուր եկել: Աջից՝ ձեռնափայտին հենված, ձախից՝ ամուսնուս թևանցուկ բարձրանում է նա, իսկ ես ամեն հաղթահարված աստիճանի հետ թեթևացած շունչ եմ քաշում։ «Չհոգնեցի՞ր, կուզե՞ս՝ ներքևում նստենք….Ջուր բերե՞մ»,- հարցնում եմ անհարմար զգալով: Այս աստիճաններն անգիր գիտի Նարեկը, ուսանողական տարիներին մեր տանն է ապրել մի քանի ամիս. աչքերը փակ մի քանի ցատկով տուն էր հասնում: Իսկ հիմա 4-5 աստիճան բարձրանալուց հետո կանգնում է, շունչ առնում ու ժպտում. «Բան չմնաց, մենակ մի պահ հանգստանամ ու հասա… Գիտե՞ս՝ ինչ եմ նկատել, եթե հանդիպում եմ անհարմար ճանապարհի, դիքի կամ աստիճանների ու փորձում եմ խուսափել կամ ճամփաս փոխել, հետո ավելի՛ վատ է լինում: Դրա համար երբեմն նույնիսկ հատուկ ամենադժվար տեղերով եմ անցնում»:

Տավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուրցի Նարեկ Վարդանյանը պատերազմ է մեկնել կամավոր, կռվել է Արցախի հարավում: Վիրավորվել է պատերազմի ավարտից օրեր առաջ՝ 2020թ.-ի նոյեմբերի 7-ին: Նարեկի հրամանատարն ու մարտական ընկերները պատմում են, որ նա կռվել է անձնուրաց ու հերոսաբար: Հրամանատարի խոսքերով՝ Նարեկը 30 զինվորի կյանք է փրկել, բայց այժմ չի հիշում այդ մասին. գլխուղեղի բազմաբեկորային վնասվածքը, մի քանի օր կոմայում գտնվելն ու վիրահատություններն աղոտացրել են վերջին մարտի պատկերները: Այժմ Նարեկն աշխատում է  «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում, ազատ ժամանակ էլ գրում է: Նրա առաջին վիպակը՝ «Սովորական հայրենիքը», լույս կտեսնի 2023-ի հունվարին:

Հերոսականի ու ամենօյա կյանքի, պատերազմի, անցյալի և ապագայի մասին Նարեկի հետ զրույցը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Իրականության մյուս երեսը

Երկար ժամանակ արհեստականորեն ինձ շատ լավատես էի պահում, լուսավոր ու ուժեղ: Ասում էի՝ ամեն ինչ հրաշալի է, փառք աստծուն, որ ես մի հատ ոտք ունեմ առողջ, մի հատ ձեռք ունեմ առողջ: Քույրս՝ Նարինեն, վերնաշապիկ էր նվիրել, վրան գրված՝ ուժեղ: Բայց հետո օրերից մի օր մտածեցի՝ ինչու՞ պետք է միշտ ուժեղ լինեմ…Չէ, կարող եմ նաև թույլ լինել: Որ ասում են է՝ «ռելաքս» ես լինում, ուղղակի թուլանում ես, փորձում ես իրականության աչքերին նայել: Ու այդ ժամանակ նկատում ես, որ դու քո ճանապարհով անցնում ես, վարորդներն անընդհատ ազդանշան են տալիս, որովհետև դու դանդաղ ես անցնում: Պարզ է, որ իմ ճակատին գրված չէ, որ ես պատերազմին եմ մասնակցել, պատերազմի հաշմանդամ եմ, դրա կարիքն իրականում չկա էլ: Ուղղակի մենք սովոր չենք, որ սայլակով մարդը կարող է փողոցում լինել, սովոր չենք, որ ինչ-որ մեկը ձեռնափայտով է ու դանդաղ է  քայլում:

Մեր տղաներից մեկին, ով պետք է հիվանդանոց բուժման գնար, տաքսիստն ասում է՝ ես քեզ կվերցնեմ, բայց սայլակը չեմ վերցնի, սայլակը կեղտոտ է, մեքենան՝ փոքր, սայլակի համար տեղ չկա: Սա մեր իրականության մյուս երեսն է: Հորս հետ գնում ենք տաքսի նստելու, հայրս դուռը բացում է՝ նստում եմ, վարորդը հո՛րս է հարցնում՝ «Որտե՞ղ ա իջնելու»: Ես վրդովվում եմ. «Ընկե՛ր, ես լեզու ունեմ, գիտեմ՝ որտեղ պիտի իջնեմ»:

Քաղաքացիական ակտիվության մասին

2011-ից ես ու քույրս կյանքի մի հետաքրքիր էտապ մտանք, ձեռքներս բարձրացրած՝ «զարկեմ ճակտին, փռեմ գետնին» երգելով քայլում էինք Երևանի փողոցներով, չգիտեմ էլ, թե ինչեր էինք անում, անընդհատ ինչ-որ հայրենասիրական, պետականամետ բաներով էինք զբաղված: Հետո, 2018-ին որոշեցի ՔՈ կուսակցությանն անդամագրվել, ինչն ինձ աջ ծայրահեղականից տարավ ձախ ծայրահեղական, ու ես, կարծես թե, բալանս գտա, միջին գիծ եկա: Ընդհանրապես, պիտի ոչ աննորմալ հայրենասեր լինես, ոչ էլ՝ գլոբալիստ: Քաղաքականության մեջ ինձ փորձելու միտքն առաջացել էր այն բանից հետո, երբ Բաղրամյանում ցույցերի էինք, ու այդ ցույցերի ժամանակ ես հասկացա, որ համակարգի դեմ մի 100-200 ցուցարարներս փղի մոտ ինչ-որ մրջյուններ ենք. ճզմելով կգնա ուղղակի: Իսկ կուսակցական գործով ուրիշ գիծ էի բռնելու, ինձ դուր էր եկել գաղափարը, որ փոփոխությունը այլ կերպ ու տեղ պիտի անենք:

Ամեն տեղ փորձում ես լավ բան անել, փոփոխություններ բերել ու միայն հետո ես ընկալում, որ ուղղակի առողջությունդ ես քայքայել, ժամանակդ ես վատնել, որ կարող էիր լավ կրթություն ստանալ, առաջինը դառնալ այն գիտելիքների տեր մարդը, ով առարկայական կհասկանա՝ ինչո՛վ օգտակար լինի, ի՛նչ անի:

Անընդհատ նոր բաներ եմ հասկանում

Հետպատերազմյան փուլն էլ որ վերլուծում եմ, էլի նոր եզրահանգումների եմ գալիս: Մի գերմանահայ բարերար էր ինձ գտել: Ասում էր, որ ուզում է ինձ անպայման ինչ-որ բանով օգտակար լինել, համարներ փոխանակեցինք, ինքն անընդատ հիշեցնում էր իր մասին, պնդում էր, որ ուզում է օգնել: Ու ես մտածեցի մեր վիրավոր տղերքից մեկի մասին: Բիզնես ծրագիր կար, որը պետք էր ֆինանսավորել ինչ-որ ձևով, միջոցներ չկային: Նա երկու փոքր երեխա ուներ, ես դրա համար որոշեցի, որ բարերարին պիտի ասեմ՝ արի այս տղային օգնենք, որովհետև ես ունեմ աշխատանք, չունեմ երեխաներ… Դեռ չունեմ երեխաներ: Բարերարը համաձայնեց ու օգնեց այդ տղային, ու հիմա արդեն նա սկսել է բիզնեսի աշխատանքները: Կլինի երևի ինչ-որ բան: Դրանից հետո էլի ես որոշ բաներ վերաիմաստավորում: Անում ես գործողությունների շարք, հետո գալիս-տեսնում ես, որ մայրդ առողջական խնդիրներ ունի, ու դու այդքան տարիների ընթացքում ուշադրություն չես դարձրել այդ խնդիրներին, հասկանում ես, որ ամեն ինչ պետք է սկսեիր ավելի նեղ շրջանակներից, նախ քո՛ ընտանիքի կարիքները փորձեիր հոգալ, գոնե մինիմալը, նույն բանը կլինի, որ փոքր երեխադ սոված լինի, իսկ դու որոշես քո վերջին հազար դրամը մուրացկան տղային տալ, որն ամեն օր Պուշկին փողոցում կանգնած մեքենաներից փող է հավաքում…Ինչ-որ ժամանակ անց սկսում եմ վերադասավորել մտքերս ու փորձում եմ հասկանալ առաջնահերթությունները: Ամեն ինչ առաջնահերթություններից է կախված:

Կա՛մ մտնում եմ մահճակալի տակ՝ թաքնվեմ, կա՛մ վերցնում եմ իմ ունեցած-չունեցած գիտելիքն ու գնում կռիվ

Հարցնում ես՝ ափսոսու՞մ եմ, որ պատերազմ եմ գնացել, վիրավորվել: Չէ, պատերազմը մի քիչ ուրիշ դեպք էր: Երևանում, Աբովյանում կամ Հրազդանում մարդիկ շատ չեն զգում այն, ինչ կզգաս ադրբեջանական սահմանից 500 մետր հեռավորության վրա: Ուղիղ գծով 500 մետր է հեռու մեր տունը սահմանից: Պատերազմն ուրիշ պատմություն էր… Ես նայում էի պատերազմի աչքերին, երբ իմ հարևանի 18 տարեկան տղային բերում են ու թաղում, երբ իմ ընկերներն իրար հետևից գնում են պատերազմ, երբ մեր զորամասից մի մեծ խումբ են տանում կռվելու, այս դեպքում դու փախչելու տեղ չունես: Ես իմ դեմ դրել էի՝ հիմա, այս պահին պետք է որոշեմ՝ կա՛մ մտնում եմ մահճակալի տակ՝ թաքնվեմ ու ասեմ, որ ես չկամ, կա՛մ վերցնում եմ իմ ունեցած-չունեցած գիտելիքն ու գնամ կռիվ:

Լիարժեք չէ, բայց գոնե մի 90 տոկոսով հասկանում եմ Ամիրյան փողոցում նստած տղային, որ իր «Մերսեդեսը» կամ ընկերուհուն չի թողնում, գնում պատերազմ, չգիտեմ, ես իրեն մի քիչ հասկանում եմ, բայց ա'յ, չեմ հասկանում այն նոյեմբերյանցի տղային, որ սահմանի բերան կանգնած էր, ում տունը սահմանից 500 մետր էր ու ինքն ասում էր՝ ինձ հետ կապ չունի այս պատերազմը:

Պատերազմի ժամանակ ամեն ինչ է պետք լինում

Պատերազմ գնացել եմ հոկտեմբերի 15-ի կողմերը, պարզորոշ չեմ հիշում օրը: Կամավորագրվել եմ ըստ կարգի, ՊՆ-ն ինձ անձնակազմ է տվել, ու որպես դասակի հրամանատար՝ գնացել եմ կռիվ: Այնտեղ ամեն ինչ պետք է լինում, ինձ, օրինակ, պետք էր հիշել, թե իմ հրամանատարը ոնց էր խրամատ փորել սովորեցնում, որպեսզի ես էլ իմ ենթականերին, եթե ոչ սովորեցնեի, գոնե մի թեթև ուղղորդեի, որ մենք ճիշտ փորեինք այդ խրամատը:

Դեռ պատերազմի դաշտ չէինք էլ հասել, բայց մենք պարտվում էինք

Պարտությունը զգացել եմ դեռ ճանապարհին, երբ ավտոբուսով մեզ մինչև Գորիս էին տանում, «Ուրալներով», ես այդտեղ զգացի, որ մենք դանդաղորեն պարտվելով գնում ենք: Ճանապարհին, մենք դեռ պատերազմի դաշտ չէինք էլ հասել, բայց մենք պարտվում էինք: Մեր տղերքից ինչ-որ մեկը, ով ինքն էլ էր դասակի հրամանատար նշանակվել, խոսում էր այն մասին, որ մեր դեմ կռվելու են սիրիացի վարձկաններ, թուրք հատուկջոկատայիններ, նրանք ուժեղ զենքեր ունեն, մենք մի քանի հոգով ոչինչ չենք կարող անել, իմաստ չկա մեր գնալու մեջ, այսինքն՝ մենք մինչև գնալը պարտվել էինք: Այնքան տեխնիկան կապ չունի, ինչքան հոգեբանությունը:

Անընդհատ փորձում էին համոզել, որ գնում ենք ղարաբաղցիների համար կռվենք, բայց պատերազմի կեսից հետո ես էլ, իմ տղերքն էլ հասկացանք, որ մենք արդեն սկսել ենք Սյունիքի համար կռվել ու արդեն ինչ-որ ժամանակ անց կարող է Երևանի համար կռվենք: Երբ արդեն թշնամին հասել էր Սյունիքի սահմանին, ու արդեն Ղարաբաղը մենք թողեցինք հետևում ու սկսեցինք Սյունիքի համար կռվել, դե, ես տեսնում էի՝ արդեն մենք էլ Արցախում չենք, Սյունիքում ենք: Ցանկացած մտածող մարդ հասկանում էր, որ էլ Ղարաբաղի հարցը չէր:

Ժամանակի մեքենաներից աշխատում եմ հեռու մնալ

Նոյեմբերի 7-ին վիրավորվեցի: Գլխուղեղի բազմաբեկորային վնասվածք ստացա: Կոմա: Մոտ 2 ամիս հիվանդանոցում եմ ապրել: Դրանից հետո վերականգնողական կենտրոն տեղափոխվեցի: Վիրավորվելուս հանգամանքների մասին շատ բան չեմ հիշում, ոչինչ չգիտեմ հստակ: Երկու հոգով նետվել ենք հակառակորդի մեծաքանակ զորքի վրա, ինչը, հավանաբար, ենթադրում է, որ կանխել ենք նրանց հարձակումը: Առանձնապես չեմ էլ ուզում խոսենք այս թեմայով…

Վիրավորվելուց առաջ՝ նոյեմբերի 2-ին, եկել էի Երևան մեկ օրով: Հարցնում ես՝ եթե իմանայի ինչ է լինելու, հետ կգնայի՞ կռվի դաշտ: Առհասարակ, ժամանակի մեքենաներից աշխատում եմ հեռու մնալ, որովհետև, եթե այդպես մտածենք, կարելի էր ժամանակը հետ տալ ու չծնվել ուղղակի: Ես ու դու եթե իմնաայինք, որ այսքան ցուրտ է աշխարհում, կարող է ընդհանրապես չուզեինք ծնվել:

Վերականգնողական բուժումը՝ առօրյայի մաս

2020 թվի դեկտեմբերից մինչև հիմա շարունակվում է իմ վերականգնողական բուժումը: Ընդհանրապես, չես կարող ասել՝ 10 օր հատկացնեմ վերականգնողական աշխատանքին ու դրանից հետո ոչինչ  չանեմ: Իմ վնասվածքի՝ բազմաբեկորային գանգուղեղային վնասվածքի դեպքում չի լինում այդպես: Վերականգնողական բուժումը պիտի առօրյայի մաս դարձնես, հույսդ քեզ վրա դնես, ամեն անգամ, երբ կա ևս մեկ ավելորդ անգամ շարժվելու հնարավորություն, օրինակ՝ տրասնպորտում, շարժվես: Պարզ է, որ ամեն ինչ չի, որ կարող եմ անել, բայց իմ առաջ նշաձող եմ դրել, պիտի շարունակեմ պայքարել: Երկու ձեռք ունեցողը չի պատկերացնի, որ մեկ ձեռքով կարելի է ճաշ եփել, աման լվալ, կարելի է ապրել մեկ ձեռքով, բայց, երբ դու հայտնվում ես նման իրավիճակում, հասկանում ես, որ մարդն ամեն ինչ կարող է անել:

Հենման կետեր եմ փնտրում

Մեզ միշտ ինչ-որ տեղից բռնվել է պետք: Հիմա բռնվելու նոր բան, հենման կետ եմ փնտրում, որ սրա նման (ձեռնափայտն է ցույց տալիս, -հեղ.) հենվելով առաջ գնամ, հեշտ լինի: Նախկինում ծնողներս էին հենման կետ, հետո՝ վիրավոր տղաները, որոնց ուզում էի ինչ-որ բանով օգտակար լինել, իրենք էլ ինձ օգնեն, մեկս մյուսով հաղթահարենք այս իրավիճակը: Հենման կետերից մեկը ինքնասարկազմն էր: Ինքնահեգնանքը: Զվարճանում ես քո վիճակի վրա, ես ինքս ինձ «աչքարիկ», «ինվալիդ» էի ասում, ինչ-որ փուլում կարգավիճակիդ սարկազմով ես վերաբերվում, այն, որ դու սայլակին նստած ես, չես կարող քայլել, բարևում է մեկը, չես էլ ճանաչում, այդ ամենին հեգնանքով ես նայում, հաղթահարում ես այդ իրավիճակը ու առաջ անցնում: Հենման կետերը ժամանակ առ ժամանակ փոխվում են: Երկուշաբթիից ուրբաթ աշխատանքիս եմ ապավինում, հանգստյան օրերին՝ ծնողներիս, կիսատ կրթությունս կարող է հենման կետ լինել, որ նպատակ դնեմ շարունակել կրթությունը: Գրելն էլ է հենման կետ: Գրում եմ, որ 2033 թվին կարդամ ու հասկանամ՝ ինչ հոգեվիճակ ունեի այս պահին, բայց աշխատում եմ դեպրեսիվ, ծանր գրականություն չստեղծել:

Ես հերոս չեմ, սովորական մարդ եմ, ով գնացել է հայրենիքը պաշտպանելու

Գիտե՞ս, ինչ-որ պահերի հերոս-մերոս, չգիտեմ՝ ինչ, այդ կտերն էլ են պետք, բայց ես ավելի շատ մտածում եմ, որ պատերազմը թողեցինք այնտեղ, հիմա մենք ապրում ենք 2022-ին, արդեն 2 տարի անցել է պատերազմից, հիմա պետք է փորձենք 2020 թվականի տակ չմնալ: Միշտ ասում եմ, որ հերոս չեմ, սովորական մարդ եմ, ով գնացել է հայրենիքը պաշտպանելու, դա ոչ թե հերոսների անելիքն է, այլ՝ յուրաքանչյուր սովորական մարդու: Առհասարակ, ամեն ինչ, ինչ կատարվում է, մեր էգոյի շուրջ է պտտվում: Իմ կարմիր վերնաշապիկն էլ է իմ էգոյի շուրջ պտտվում, իմ զինվորական հագուստն էլ էր իմ էգոյի շուրջ պտտվում… Միշտ մենք փորձում ենք ցույց տալ, որ մենք կարող ենք հերոս լինել… Դու գնում ես պատերազմ, որ պարծենաս, իսկ հետո քո կռված 17 օրը թանկով ծախում ես մարդկանց, ովքեր շատ ավելի կարևոր գործեր են արել երկար տարիներ: Այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս, 17 օրը, ձեռնափայտը ձեռքս թանկով ծախում եմ շատ ավելի կարևոր մարդկանց: Չէ, խիստ չեմ ինքս իմ նկատմամբ, ինչպես դու ես ասում: Ուղղակի իմ զգացածն ու մեկնաբանությունները ծայրահեղ են:

Մեղավորը ծուռ գլխարկով Նապոլեոն պապս էր

Էմոցիոնալ եմ, մաքսիմալիստ: Դրա մեղավորը Նապոլեոն պապս էր: Երբ ես տառեր էի սովորում, վեց-յոթ տարեկան էի, մի մեծ մարդ էր Նապոլեոն պապս, ծուռ գլխարկը գլխին, բեղեր ուներ հետաքրքիր, գլուխը կախ գիրք էր կարդում օրերով: Ես տպավորվում եմ նրանից, որոշում եմ, որ ես էլ պիտի կարդամ: Սկսում եմ իր կարդացած գրքերը կարդալ: Դրանք երևելի գրքեր չէին, ինչ կար, հասանելի էր գրադարանում, այդ էլ կարդում էր: Այդպես իմ ձեռքն ընկան Րաֆֆու հատորները: Մեր գրողներից «ամենաադեկվատ» գրողն անգամ գրչի ծայրով հայրենասիրություն է սովորեցնում: Այդ ամենը դաջվել է գլխումս:

Մի ագնամ ուսուցիչ ընկերներիցս մեկը խնդրեց, որ գնամ աշակերտների հետ զրուցեմ: Ու ես երկար մտածում էի, թե ոնց եմ ներկայանալու: Ո՞վ եմ ես: Ու սկսեցի հիշել ինձ կյանքի տարբեր դրվագներում: Գիրք կարդացող փոքր Նարեկը: 12 տարեկան հնձվոր Նարեկը: Հայրս խոտ էր հնձում, ես՝ հավաքում: Հետո մրգերի առևտրով էի զբաղվում, որ ուսումս ֆինանսավորեմ: Շինարարություն էի անում՛, դրանից հետո զինվոր էի, հիմա գրում եմ… Ես չգիտեմ էլ՝ իմ գրածն արժեք ունի՞, իբր գրող եմ հիմա, արիստոկրատ եմ (ծիծաղում է,-հեղ.): Բայց մարդը հիշողություն ունի, ես միշտ հետ եմ գնում այն 12 տարեկան արևի տակ կեղտոտ գլխարկով խոտ հավաքող տղային ու հասկանում եմ, որ ես միշտ նույն տղան եմ: Չգիտեմ, այդ հիշողությունն ինձ լավն է դարձնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter