HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ինչո՞ւ է եկեղեցին ազատված ԱԱՀ-ից, իսկ գիրքը՝ ոչ

«Վարչապետը 2010 թ.-ին, Հայաստանում գրքի տարուն ընդառաջ գնալով, խոստացել էր, որ սկսած ներմուծվող թղթից, ինչպես նաև գիրքարտադրության պրոցեսի հաջորդ փուլերի ընթացքում գրքի վրայից կհանվի ԱԱՀ-ն, սակայն մոտ երկու ամիս առաջ վարչապետն արդեն փոխել էր իր կարծիքը՝ ասելով, որ ԱԱՀ-ից հանելը վատ է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը:

Նա ավելացրեց. «Չեմ ցանկանում վիճարկել վարչապետի որոշումը, բայց կարելի է համեմատություն տանել. եկեղեցին ազատված է ԱԱՀ-ից, և եթե դա վատ է, ինչո՞ւ է այդ վատը տարածվում եկեղեցու վրա, եթե դա լավ է, կարելի է մի հոգևոր բնագավառից այդ լավ փորձը տանել մեկ այլ հոգևոր բնագավառ, որը գիրքն է: Չեմ կարծում, որ գրքի լույսը զիջում է մոմի լույսին»:

Նշենք, որ Հայաստանում ԱԱՀ-ն (ավելացված արժեքի հարկ) գրքի դեպքում 19% է, Գերմանիայում՝ 7%, Սլովենիայում՝ 0%, Ուկրաինայում՝ 0%, Ռուսաստանում՝ 0-5%:

Գրող Կարեն Անտաշյանը առաջընթաց է նկատում պետության կողմից գրքի հանդեպ հետաքրքրության բարձրացման հարցում, սակայն կարծում է, որ տրամադրված միջոցները պետք է նպատակային լինեն, և հստակեցվի պետության դերակատարությունը: Մշակութային արժեքների պահպանման հարցում պետական միջամտությունն ուղղակի անհրաժեշտ է, մշակութային արժեքների տարածման և քարոզչության դեպքում՝ ցանկալի, իսկ ահա նոր արվեստի ստեղծման դեպքում պետության մասնակցությունը պետք է նվազագույն լինի. լավ չէ, երբ «կախվում են գրողի գրչից»:

Գրականագետ Հասմիկ Հակոբյանն անհեթեթ է համարում այն, որ Երևանը, գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելով, ներկայանում է աշխարհին ոչ թե սեփական գրքերով, գրողներով, այլ միջոցառումների բացման ժամանակ պետական պաշտոնյաների ելույթներով:

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը հավելեց, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարությունների շրջանակներում անցկացված EXPO ցուցահանդեսի ժամանակ պահակը ներս էր թողնում միայն ցուցակում առկա կոնկրետ մարդկանց: Արդյունքում բազմաթիվ գրողներ և ընթերցասերներ ուղղակի դրսում մնացին:

Ասուլիսի ընթացքում գրականության մարդիկ հանդես եկան միասնական հայտարությամբ այն մասին, որ նույնիսկ գրքի տոնի շրջանակներում խոսվում է ամեն ինչի մասին՝ բացի գրքից: Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Կանգնեցվում է գրքի արձան, անցկացվում են գրքի համերգ, գրքի հրավառություն, գրքի տաշի-տուշի, իսկ գրքից ոչ ոք չի խոսում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter