HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյան 106/1-ի հարակից շենքերի բնակիչների բաց նամակը Հովիկ Աբրահամյանին

Հարգելի պարոն Աբրահամյան,

Թույլ տվեք շնորհավորել ձեզ ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Խորհրդարանում դուք նշեցիք, որ արդարությունը չի մեռնում: Ձեր այս համոզմունքից ոգևորված՝ դիմում ենք Ձեզ մեզ հուզող խնդրում ևս արդարության հաղթանակի գործում Ձեր աջակցության ակնկալիքով:

Թեև բազմիցս հերքել եք Նալբանդյան 106/1 հասցեում նախատեսվող էլիտար կառուցապատման ծրագրին Ձեր առնչության փաստը, սակայն այս մասին լուրերը շարունակում են համառորոն շրջանառվել: Դրանց համար հիմք դարձավ նաև այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ տևած դադարից հետո շինարարության նախապատրաստման աշխատանքները վերսկսվեցին ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր թեկնածության առաջադրման մասին տեղեկությունները տարածվելուց անմիջապես հետո: Այս ակտիվացման արդյունքում հատվեցին մոտ երկու տասնյակ կենսունակ ծառեր, առանց հաստատված նախագծի առկայության՝ սկսվեցին շենքի հիմքի փորման աշխատանքները:

Թեև որպես տարածքի սեփականատեր և կառուցապատող է հանդես գալիս մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը, կասկած չի հարուցում այն փաստը, որ Երևանի կենտրոնում նման տարածք ձեռք բերելու համար ցանկացած գործարար պետք է որ օգտվի ներքին հզոր աջակցությունից, ինչը ևս հիմք է տալիս Ձեզ վարկաբեկող լուրերի տարածման համար:

Պարոն Աբրահամյան, մենք՝ հարակից շենքերի բնակիչներս, հիմք չունենք չհավատալու Ձեզ նման համբավ ունեցող պետական գործչի հայտարարություններին: Սակայն կարծում ենք, որ չար լեզուները լռեցնելու ամենակարճ ճանապարհը կլինի Ձեր աջակցությունը մեզ հուզող հարցի լուծմանը:

Երկրորդ տարին է՝ պայքարելով մեր երեխաների անվտանգ և առողջ կենսամիջավայրի համար, մենք անընդհատ բախվում ենք այս հարցը լուծելու իրավասություն ունեցող պետական մարմինների անտարբերությանը:

Մինչդեռ ցանկության դեպքում հարցը կարելի է լուծել՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Մենք առաջարկում ենք վերականգնել քանդված մանկապարտեզը և ևս 1-2 հարկ կառուցել՝ բակում առկա մասնավոր տների բնակիչների համար: Մնացած տարածքը հարկ է վերադարձնել հանրությանը և այստեղ հանգստի գոտի ստեղծել: Ինչ վերաբերում է տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի ֆինանսական կորուստներին, ապա կարծում ենք, որ պատկան մարմինները կարող են դրանք փոխհատուցել՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս նրանց համարժեք տարածք տրամադրելով:

Սա համահունչ կլինի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն խոստմանը, որ քաղաքաշինական խոշոր բոլոր նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները Կենտրոնից տեղափոխվելու են վարչական այլ շրջաններ:

Անսալով երկրի նախագահի կողմից ղեկավարվող կուսակցության կարգախոսին՝ մենք հավատում ենք այն դրական փոփոխություններին, որոնց պարագայում հասարակության շահը իսկապես գերակա կդառնա և կգերադասվի խոշոր բիզնեսի շահերից:

Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter