HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ինգա Զառաֆյան. «Բնապահպանությունը պետք է օպոզիցիա մտնի»

«Կանաչ տնտեսություն. իսկ դու դրա մա՞սն ես»: Սա է այս տարվա հունիսի 5-ի՝ շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կարգախոսը:

«Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է կանաչ տնտեսությանն ու կայուն զարգացմանը: Սակայն իրականությունն այլ է: Կառավարության ընդունած որոշումներից երևում է, որ տնտեսության զարգացման հիմքում ընդերքի շահագործումն ու շահագործման ծավալի ընդլայնումն են:

«Տպավորություն կա, որ պետք է մինչև վերջ այդ ընդերքը ամենակարճ ժամկետում շահագործես»,- ասում է Ի. Զառաֆյանը:

Նրա խոսքով՝ դա հակասում է կանաչ տնտեսության սկզբունքներին: Բացի դրանից՝ կառավարության վերջին շրջանի որոշումներից երևում է, որ փոխվում են հողի կատեգորիաները. գյուղատնտեսական նշանակության հողերը դառնում են ընդերքօգտագործման կամ էներգետիկ նշանակության:

«Մենք կորցնում ենք մեր գյուղատնտեսական հողերը»,- հայտարարեց բնապահպանը:

Նրա խոսքով՝ 2008-2010թթ. տվյալները ցույց են տալիս, որ ամեն տարի կորցրել ենք 7-8 հազար հա գյուղատնտեսական նշանակության հող: Այդ պատճառով էլ Հայաստանում անապատացման գործընթացն արագ է զարգանում:

Մեկ այլ խնդիր են հատուկ պահպանվող տարածքները, որոնք, բնապահպանի խոսքերով, զավթվում են: Սյունիքում հէկ-երի կառուցման պատճառով «մտնում են Արևիկ ազգային պարկի տարածք», իսկ Մազրայի ոսկու հանքի շահագործման դեպքում վնաս է հասցվում Շիկահողի արգելոցին:

Ի. Զառաֆյանի կարծիքով՝ այն կանաչ տարածքներում, որոնք հատվել են, կատարվել է շինարարություն, և այդ կանաչ տարածքները վերականգնել այլևս հնարավոր չէ: Այժմ նկատվում է միտում, որ ով ունի հնարավորություն իր շինարարության համար օգտագործել արդեն իսկ կանաչ, բարելավված տարածքը, ապա վերցնում է այդ տարածքը: Մարդկանց ձեռնտու չէ մեծ գումարներ ներդնել և շահագործել անմշակ հողերը:

Բնապահպանը նշեց, որ զարգացած երկրներում բնապահպանության նախարարությունը միշտ ընդդիմադիր դիրքերում է, իսկ բիզնեսի շահերը պաշտպանում են այլ կառույցներ:

«Բնապահպանությունը պետք է օպոզիցիա մտնի, սա ընդունված կարգ է: Մեզ մոտ դա հնարավոր չէ, որովհետև բնապահպանության նախարարը համակարգի ներկայացուցիչ է, քաղաքական գործիչ ու չի կարող դուրս գալ այս համակարգից»,- հայտարարեց Ի. Զառաֆյանը:

Մեկնաբանություններ (2)

Nazik
Վերջերս չգիտեմ ովքեր են,քանդել են դեպի Էրեբունի օդանավակայան տանող ճանապարհի մոտ գտնվող մշակելի հողատարածքի մի մասը ինչ որ գործարան կառուցելու համար:Երևանից դուրս էնքան անմշակ հողեր կան,ինչու՞ հենց մշակված հողերի վրա պետք է կառուցվեն գործարանները:Ասեմ որ բավականին բերքատու ծառեր կային այդ հատվածում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում ԻՍԿԱՊԵՍ ժամանակն է,որ ստեղծվի/հիմնադրվի ՄԻԱՅՆ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքական-համաերկրային ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-ԲՈԼՈՐ մարզերում իր մասնաճյուղերով:Ասենք «Բնապահպանների կուսակցություն», կամ «Մաքուր բնություն կուսակցություն»: Այսինքն, բնապահպանական ուժերը ՀԿ-ի մակարդակից պիտի տեղափոխվեն ՔԱՂԱՔԱԿԱՆ (ցանկալի է ԱԺ-ի) մակարդակ,քանի որ ՀՀ-ում ՀԱՆՔԱՅԻՆ ԿԼԱՆԸ քաղաքականացվված է (նաև ԱԺ-ում է): Օրինակ, Քաջարանից «ընտրված» ՀՀԿ-ական պատգամավոր հանքատեր ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ պարզ չի ում շահերն է իրականում պաշտպանել/պաշտպանելու? Ու սկի էլ պարտադիր ՉԷ բնապահպանական կուսակցություն հիմնելով լուծարել բնապահպանական ՀԿ-ները: Ուղղակի պիտի քաղաքական ԲՌՈՒՆՑՔ կազմել: Միլիոններ շփող ՀԱՆՔԱՅԻՆ ՄԱՖԻԱՅԻ համար ՀԿ-ական խնդրագրերը ծիծա ղելի բաներ են. ես սկի չգիտեմ-դրանք սկի կարդում են դրանք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter