HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

ԵՄ-ն Ադրբեջանից պահանջում է անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպական խորհրդարանն այսօր՝ հունվարի 18-ին հրապարակել է 2022 թվականի տարեկան զեկույցը ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին, որտեղ անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

Ընդունված բանաձեւ-զեկույցում ողջունելով Հարավային Կովկասի երկրների հետ Եվրոպական Միության ընդլայնված ներգրավվածությունը, մասնավորապես՝ ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումը Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով՝ տարածաշրջանում իրավիճակը մշտադիտարկելու, վստահություն ձևավորելու և խաղաղության և անվտանգության վերականգնմանը նպաստելու նպատակով, ԵՄ-ն ընդգծում է տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազման կարևորությունը ԵՄ ներկայության ավելացման միջոցով։ ԵՄ խորհրդին կոչ է անում ընդլայնել տեղակայված փորձագետների թիվը, մեծացնել առաքելության կարողությունները և ավելի մեծ ներկայություն ունենալ տարածաշրջանում։

Փաստաթղթում խստորեն դատապարտվում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, որը հրադադարի ռեժիմի խախտում է և լուրջ հետևանքներ է թողնում խաղաղ գործընթացի վրա։ «ԵՄ-ն անհանգստացած է նաև ենթադրյալ ռազմական հանցագործությունների և անմարդկային վերաբերմունքի առնչությամբ, որոնք իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, վերահաստատում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի և ընդգծում է ԵՄ պատրաստակամությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում։ Հետեւաբար, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին»,- ասված է զեկույցում։

Ապա անդրադարձ կա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը։ Խստորեն դատապարտելով այն՝ զեկույցում փաստվում է, որ խախտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ այն սպառնում է կանխամտածված հումանիտար ճգնաժամ առաջացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ ԵՄ-ն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ հիշեցնելով, որ միայն դիվանագիտական ​​միջոցները արդար և տեւական լուծում կտան հակամարտությանը, «որն օգուտ կբերի Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը»։

Եվրոպական կառույցը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով, անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության 1975թ. (ԵԱՀԿ) Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման հիմնարար սկզբունքների հիման վրա։

ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությանը` Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումներ հրավիրելու և որպես միջնորդ հանդես գալու և խրախուսում է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքը տեղում։

 

ԵՄ-ն կարծում է, որ կարող է ազնիվ միջնորդի դեր խաղալ՝ հետագա էսկալացիան կանխելու և կայուն խաղաղության հասնելու համար։

Կրկին կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին ամբողջությամբ ներգրավվել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակման գործում՝ զեկույցում նշվում է, որ նման պայմանագիրը պետք է անդրադառնա հակամարտության բոլոր հիմնական պատճառներին, ներառյալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը, տեղահանվածների և փախստականների վերադարձին իրենց տները ՄԱԿ-ի գրասենյակի վերահսկողության ներքո։

Հայաստանին ԵՄ-ն կոչ է անում ամբողջությամբ իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ Ադրբեջանի առնչությամբ ընդգծում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ այդ երկիրն էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter