HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանը խախտել է կալանավորի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Պետությունը խախտել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) մահացած Սլավիկ Ոսկանյանի կյանքի իրավունքը: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում Ոսկանյանի կնոջը՝ Շուշանիկ Ոսկանյանին փոխհատուցել 20 000 եվրոյի չափով: Վերջինս է ներպետական մարմինների անգործության վերաբերյալ դիմում ներկայացրել ՄԻԵԴ: 

2010թ. հոկտեմբերի 7-ին Սլավիկ Ոսկանյանը ձերբակալվել է սպանության և զինված հարձակման կասկածանքով։ Վանաձորի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել է «Վանաձոր» ՔԿՀ:

Օրեր անց՝ հոկտեմբերի 18-ին, Ս. Ոսկանյանը բողոքել է ձախ սրունքի ցավից, այտուցից և հիպերեմիայից (զարկերակային գերարյունություն)՝ նշելով, որ մաշկի տակ թուք է ներարկել։ Նրան զննել է կալանավայրի բուժկետի բժիշկը:

Հաջորդ օրը բժիշկն արձանագրել է, որ նկատվել է տհաճ հոտով շագանակագույն թարախ և արյուն: Նույնն արձնագրվել է նաև դրա հաջորդ օրը:

Հոկտեմբերի 21-ին կալանավայրի բժիշկը ՔԿՀ-ի պետին հաղորդում է տվել վերքից առատ արյան և թարախային արտահոսքի մասին։ Այն մաքրվել է, ստերիլ վիրակապ է դրվել, սակայն, ըստ բժշկի, այդ գործողությունները բավարար չեն եղել։ Հետագա բարդություններից խուսափելու համար բժիշկը հրահանգներ է խնդրել։

Նույն օրը հրավիրվել է քաղաքացիական հիվանդանոցից վիրաբույժ։ Ս. Ոսկանյանը, որը դեռ բողոքում էր ձախ սրունքի ցավից և ընդհանուր թուլությունից, շարունակել է նույն բուժումը ստանալ հոկտեմբերի 22-ին և 23-ին: Բժշկական փաստաթղթերում նշվում է՝ «վերքից շագանակագույն թարախային արտանետում»:

Հոկտեմբերի 24-ին Սլավիկ Ոսկանյանին, որն առանց օգնության արդեն չի կարողացել տեղաշարժվել, իր երկու խցակիցները առողջության կտրուկ վատթարացման պատճառով, տեղափոխել են կալանավայրի բուժմաս: Որոշվել է շտապ վիրահատության համար տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»։ Սլավիկը նույն օրը մահացել է:

Դեպքի օրը քննիչը ցուցմունքներ է վերցրել ՔԿՀ-ի բժիշկից: Վերջինս նշել է, որ ինքը բանավոր զեկուցել է կալանավորի առողջական վիճակի մասին իր վերադասներին՝ խնդրելով տեղափոխել հիվանդանոց՝ ստացիոնար բուժման համար, սակայն ապարդյուն:

Սլավիկի դիահերձման եզրակացության համաձայն՝ վերջինիս մահը վրա է հասել մարմնի ընդհանուր թունավորման հետևանքով, որը տեղի է ունեցել ձախ ստորին վերջույթի մակերևույթի մակերեսի դերմիսի, հիպոդերմիսի և հիմքում ընկած հյուսվածքների նեկրոզից՝ վարակված վերքի հետևանքով։ Արձանագրվել է նաև ձախ սրունքի հյուսվածքների էրոզիա՝ ոտքից մինչև ազդրի վերին մասը։

2010թ. դեկտեմբերի 30-ին քրեական գործ է հարուցվել բժիշկի նկատմամբ՝ բժշկական անփութության հատկանիշներով։

Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Ս. Ոսկանյանի ախտորոշումը հիմնականում սխալ է եղել: Ախտորոշվել է միայն ձախ սրունքի վարակված վերքը այն դեպքում, երբ արդեն 2010թ. հոկտեմբերի 19-ին երևում էր ավելի լուրջ պաթոլոգիան՝ գանգրենայի առկայությունը։ Եթե այդ օրվանից Ս.Ոսկանյանն արագ տեղափոխվեր հիվանդանոց և համապատասխան վերականգնողական և վիրահատական բուժում ստանար, ապա հնարավոր կլիներ կանխել բացասական ելքը։

Փորձագետները նշել են, որ միանշանակ չեն կարող ասել՝ արդյոք Ս. Ոսկանյանի կյանքը հնարավոր կլինե՞ր փրկել, եթե նա ստանար ամբողջական, նպատակային ամբուլատոր կամ ստացիոնար բուժում։ Նման ծանր վարակի դեպքում նույնիսկ ստացիոնար բուժումը երբեմն կարող էր անարդյունավետ լինել, հատկապես երբ հիվանդը պարբերաբար հանել է վիրակապն, ինչը վատթարացրել է վիճակը։ Սակայն մի բան հստակ է. հիվանդության հետագա բարդությունը կանխելու և ապաքինման գործընթացը բարելավելու համար անհրաժեշտ էր հիվանդին տեղափոխել հիվանդանոց, քանի որ անհրաժեշտ բուժումը հիմնականում կրում էր վիրաբուժական բնույթ։

2011թ. օգոստոսի 30-ին քննիչը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել բժիշկի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Համապատասխան որոշման մեջ, ի թիվս այլի, նշվել է, որ վարակված վերքը պատճառվել և սրվել է ինքնավնասման հետևանքով, և չկան բավարար ապացույցներ, որ Ս. Ոսկանյանի մահը վրա է հասել բժիշկի մասնագիտական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով։

Թե՛ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել են Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի՝ կնոջ բողոքներն այդ որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ նրա իրավունքները չեն խախտվել: Իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել:

ՄԻԵԴ-ում Շուշանիկ Ոսկանյանը, որի շահերը պաշտպանել է փաստաբան Կարեն Թումանյանը, պնդել է, որ ամուսինը մահացել է ոչ պատշաճ և ժամանակին բժշկական օգնություն չցուցաբերելու հետևանքով:  

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2010թ. հոկտեմբերի 7-ից մինչև մահը Ս. Ոսկանյանը գտնվել է կալանքի տակ, այլ կերպ ասած՝ Հայաստանի իշխանությունների հսկողության տակ։ Նշվել է, որ ներպետական դատարանները կոչված էին քննելու, թե արդյոք իշխանությունները ողջամտորեն հնարավոր ամեն ինչ արե՞լ են բարեխղճորեն և ժամանակին` փորձելով կանխել մահացու ելքը:

Ս. Ոսկանյանի բժշկական գործի համաձայն՝ նա առաջին անգամ բժշկական օգնություն խնդրել է 2010թ. հոկտեմբերի 18-ին, սակայն միայն հոկտեմբերի 24-ին է որոշում կայացվել նրան տեղափոխել հիվանդանոց, բայց արդեն շատ ուշ է եղել կյանքը փրկելու համար:

Պարզվել է, որ արդեն հոկտեմբերի 19-ին նկատվել են ավելի լուրջ պաթոլոգիայի՝ գանգրենայի նշաններ, ինչը պահանջում էր շտապ հոսպիտալացում՝ վարակը բուժելու համար:  

Հաշվի առնելով Ս. Ոսկանյանին ցուցաբերած թերի բուժօգնության վերաբերյալ փորձագիտական խմբի կարծիքը, ՄԻԵԴ-ը գտնում է, որ բանտի ղեկավարությունը պետք է տեղյակ լիներ ռիսկերի մասին, որ ուշ հիվանդանոց տեղափոխելը անկառավարելի է դարձնում վարակի տարածումը:

«Պետությունը կալանքի տակ գտնվելիս չի պաշտպանել Ս. Ոսկանյանի կյանքը։ Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում»,- եզրակացրել է ՄԻԵԴ-ը:

Եվրոպական դատարանը նաև հավելել է, որ քննության արդյունքները հիմնված են մանրակրկիտ և օբյեկտիվ վերլուծության վրա: Արդյունքում, հետաքննությունը լիարժեք լույս չի սփռել Ս. Ոսկանյանի մահվան հետ կապված բոլոր հանգամանքների վրա՝ դրանով իսկ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին:

«Դատարանը գտնում է, որ իշխանությունները չեն կարողացել իրականացնել Ս. Ոսկանյանի մահվան համարժեք և մանրակրկիտ քննություն»,- հավելել է ՄԻԵԴ-ը:

Շուշանիկ Ոսկանյանը պահանջել էր 8000 եվրո նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 50 000 եվրո ոչ նյութական վնասի հատուցում և 4 620 եվրո՝ ներպետական դատարանների առջև կրած ծախսերի համար:

Կառավարությունը վիճարկել է այս պահանջը: ՄԻԵԴ-ը բավարարել է միայն 20 000 եվրոյի չափով փոխհատուցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter