HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կանխիկ փող սիրողները. ինչու են պաշտոնյաները մեծ գումարներ հայտարարագրում

Պաշտոնյաները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում հաճախ են կանխիկ գումար հայտարարագրում: Անհնար է ստուգել՝ նշված գումարն իրականում գոյություն ունի, թե ոչ: Կանխիկ գումարը հնարավորություն է տալիս ոչ միայն «օրինականացնել» մութ գործարքներով ձեռք բերված գումարները, այլև պաշտոնյային հնարավորություն է տալիս խուսափել խիստ հաշվետվողականությունից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված 2021թ. տարեկան հայտարարագրերից դուրս ենք բերել կառավարության անդամների ու նրանց տեղակալների, մերձավորների կանխիկ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ցանկից ընտրել ենք նրանց, որոնց կանխիկ գումարը գերազանցում է 10 միլիոն դրամը և 10 հազար դոլարը կամ այլ արտարժույթը: 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 77 մլն դրամ կանխիկ գումար հայտարարագրել էր դեռևս 2018թ.-ին` պաշտոնը ստանձնելիս: 2019-2021թթ. պաշտոնյայի կանխիկ դրամը մնացել է անփոփոխ՝ 70 մլն դրամ:

Օրեր առաջ Ներքին գործերի նախարար նշանակված նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտարարագրել է 11 մլն դրամ կանխիկ գումար: Նշենք, որ 2021թ-ին նա 28 մլն դրամ վարկ է վերցրել:

Ներքին գործերի նախարարի տեղակալ, նախկին փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը հայտարարագրել է 14 մլն դրամ և 27 հազ. ԱՄՆ դոլար կանխիկ գումար:

Նախարարի մյուս տեղակալ, նախկին փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարագրել է 16 մլն դրամ կանխիկ գումար: 2021-ին նա մոտ 43 մլն դրամ վարկ է վերցրել:

Ներքին գործերի նախարարի տեղակալ, Արտակարգ իրավիճակների նախարարի նախկին տեղակալ Դավիթ Համբարյանը 2021թ. հայտարարագրել է 30 հազ. ԱՄՆ դոլար և 22 հազ. եվրո կանխիկ գումար: Նույն տարում նա 4 մլն 913 հազ. դրամ վարկ է վերցրել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կանխիկ գումարը հանձնաժողովը ռիսկային է համարում:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում պրակտիկորեն անվերահսկելի են պաշտոնյաների հայտարարագրած կանխիկ գումարները: Այդ իսկ պատճառով իրավական կարգավորումներով պետք է այնպես անել, որ գործարքներն առավելապես անկանխիկ եղանակով կատարվեն: Օրինակ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքը հստակ սահմանել է, որ 1 մլն  դրամը գերազանցող գործարքները, հատկապես եթե եկամուտ է ստացվում, պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Հակառակ դեպքում այդ եկամուտը կդիտարկվի ապօրինի:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը 2021թ. հայտարարագրել է 31 հազ. ԱՄՆ դոլար կանխիկ գումար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ծնողները, չհայտարարագրելով որևէ եկամուտ, 2021թ. հայտարարագրել են կանխիկ գումար: Հայրն ունի 38 հազ. ԱՄՆ դոլար, մայրը՝ 13 մլն 500 հազ. դրամ և 27 հազ. ԱՄՆ դոլար: 2019-2020թթ. ևս նրանք խոշոր կանխիկ գումար են հայտարարագրել:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ամուսինը 2021թ. հայտարարագրել է 20 հազ. դոլար կանխիկ գումար: Նույն գումարը հայտարարագրել է նաև 2020թ.-ին:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարագրել է 30 հազ դոլար և 10 հազ. եվրո կանխիկ գումար: Նշենք, որ Խաչատրյանն առաջին անգամ է հայտարարագիր ներկայացնում:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ունի 282 հազ. 500 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Փոխարենն անձնական ծախսերի համար 12 մլն 800 հազ դրամ վարկ է վերցրել բանկից:

Նշենք, որ Ն. Տերյանն առաջին անգամ է հայտարարագիր ներկայացնում:

Քիչ չեն դեպքերը, երբ եկամուտ չունեցողները, հատկապես առաջին անգամ պաշտոնում նշանակվելիս, միանգամից կլորիկ կանխիկ գումար են հայտարարագրում: Դրանով նախ ցույց են տալիս, որ իրենք մինչեւ պետական պաշտոն ստանձնելն արդեն հարուստ էին, երկրորդ՝ կանխիկ գումարը «ալիբիի» հնարավորություն է ստեղծում:

«Արդեն իսկ ունեցած կանխիկ գումարի դեպքում հանձնաժողովի գործողությունները սահմանափակ են: Ոչ միայն հանձնաժողովի հնարավորություններն են սահմանափակ, այլ, ընդհանուր առմամբ, ռեսուրսներն են սահմանափակ: Առավելագույնը, որ արվում է հայտարարագրերի վերլուծության արդյունքում, եթե խոշոր չափի կանխիկ գումար է հայտարարագրված, հարցադրում ենք անում հայտարարատուին՝ պարզելու համար ծագման աղբյուրը»,-ասում է Կարեն Հակոբյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն իր 2021թ. հայտարարագրում նշել է 11 մլն դրամ կանխիկ գումար:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի կինը հայտարարագրել է 10 մլն դրամ կանխիկ գումար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ունի 25 մլն դրամ և 70 հազ. դոլար կանխիկ գումար: Մոտ 8 մլն 563 հազ դրամ էլ վարկ է վերցրել: Ունի նաև մոտ 30 մլն դրամ հիպոթեքային վարկ:

Նույն գերատեսչության փոխնախարար Վաչե Տերտերյանի կինը հայտարարագրել է 15 մլն դրամ կանխիկ գումար: Սակայն տարվա ընթացքում նա որևէ եկամուտ չի ստացել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2021թ. հայտարարագրել է 11 հազ. դոլար:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ունի 19 հազ. դոլար կանխիկ գումար: Փոխնախարարներից Կարեն Բրուտյանը հայտարարագրել է 55 մլն դրամ, 40 հազ դոլար, 50 հազ եվրո կանխիկ գումար: Վերջինիս կինն ունի 35 հազ. դոլար կանխիկ գումար` տարվա ընթացքում ստանալով մոտ 2 մլն դրամ եկամուտ: Նույն պատկերն է եղել նաև նախորդ տարիներին:

Ուսումնասիրել ենք նաև այն պաշտոնյաների հայտարարագրերը, որոնք ներկա կամ նախկին պաշտոնները ստանձնել են 2022թ.-ին և ներկայացրել են պաշտոնի ստանձնման դրությամբ ունեցած գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 20 հազ. ԱՄՆ դոլար կանխիկ գումար, կինը՝ 40 հազ դոլար:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ունի 60 հազ ԱՄՆ դոլար կանխիկ գումար:

Ներքին գործերի նախարարի տեղակալ, արդարադատության նախկին նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, նախորդ պաշտոնը ստանձնելու՝ 2022թ. ներկայացրած հայտարարագրում նշել է 34 հազ ԱՄՆ դոլար կանխիկ գումար:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը 2022թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 34 հազ 800 ԱՄՆ դոլար կանխիկ գումարի մասին: Չնայած դրան, փոխնախարարը մոտ 286 հազ դրամ վարկ է վերցրել:

Գումարի ծագման աղբյուրի մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարցին պաշտոնյաները հիմնականում պատասխանում են, որ տարիներ առաջ գումարը ստացել են տատիկ-պապիկներից կամ ծնողներից, որոնք մահացել են: Այդ դեպքում գրեթե անհնար է ստուգել:

«Ոչ միայն կասկածելի է ինքնին կանխիկ գումարը, այլև եղել են դեպքեր, երբ հայտարարատուն տվյալ գումարը և տարեսկզբին և տարեվերջին և հաջորդող տարիներին է հայտարարագրել: Ընթացիկ տարիներին հայտարարագրել է նաև վերցրած վարկեր: Այդ դեպքում հանձնաժողովը փորձում է հնարավոր տարբերակներով հավաստիանալ, որ այդ գումարն առկա է: Սակայն չենք կարող պաշտոնյային ասել՝ բեր կանխիկ գումարը տեսնենք։ Կամ եթե բերի, չենք կարող վստահ լինել, որ իր գումարն է բերել»,-ասում է Կարեն Հակոբյանը:

Հարկ ենք համարում նշել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանի հետ զրուցել ենք կանխիկ գումարի հայտարարագրման մասին ընդհանրապես,  այլ ոչ միայն նյութում հիշատակված պաշտոնյաների:

Առաջիկայում կանդրադառնանք այլ գերատեսչությունների պաշտոնյաների հայտարարագրած կանխիկ գումարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter