HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

265 քրեական և 160 քաղաքացիական գործ է քննվում հակակոռուպցիոն դատարանում

2022թ. օգոստոսի 20-ից Հայաստանում գործում է հակակոռուպցիոն դատարանը: Մասնագիտացված եռաստիճան դատարանը քննում է բացառապես կոռուպցիոն հանցագործություններին և դատախազի կողմից հարուցված պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: 

Հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մելքոնյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի գործունեության պահից մինչ օրս դատարան մուտքագրվել է 267 քրեական գործ, որից 189-ը՝ Երևանում: Այդ գործերից մեկի ընդհատությունը փոխվել է՝ գործը տեղափոխվել է այլ դատարան, մյուսն էլ միացվել է այլ գործի: Փաստացի մնացել է 265 գործ:

Էդգար Մելքոնյանի փոխանցմամբ՝ դատարանում ստացվել է նաև 160 քաղաքացիական գործ, որից 26-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող:

Նշենք, որ 2021թ. մայիսի 5-ին ընդունված և 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով նախատեսված է (առանձին հավելվածով) 40 հոդված, որոնք կոռուպցիոն բնույթի հանցանքներ են պարունակում: Հենց այս հոդվածներով նախատեսված արգելված արարքների կատարմանը վերաբերող քրեական գործերն էլ ենթակա են հակակոռուպցիոն դատարանի քննությանը:

Հակակոռուպցիոն դատարանի կենտրոնական նստավայրը Երևան քաղաքն է, սակայն առաջին ատյանի դատարանը նստավայրեր ունի Մարալիկում, Ճամբարակում և Վայքում:

Հակակոռուպցիոն դատարանի առաջին ատյանի 15 դատավորներից 10-ը քննում են կոռուպցիոն հանցագործություններին առնչվող, իսկ 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը, որոնց թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող: 

Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ քաղաքացիական դատարաններում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայելու են դատարանների առնվազն 6-ական թվակազմով առանձին դատավորներ: Սակայն, 2024թ. հունվարի 1-ից կսկսի գործել առանձացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ 12 դատավորի կազմով:

Ներկայումս, արդեն իսկ նշանակվել են Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայող 4 և Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայող 3 դատավորներ:

Վճռաբեկ դատարանը գործում է 4 պալատով, որից մեկը հակակոռուպցիոն պալատն է՝ 10 դատավորի թվակազմով:

Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համալրման գործընթացը չի ավարտվել: Առաջին ատյանում դեռևս առկա է քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի 2 թափուր հաստիք: Վերաքննիչ քրեական դատարանում թափուր է 2, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ 3 թափուր հաստիք:

Թափուր տեղերն առաջացել են այն պատճառով, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդները չեն հաղթահարել որակավորման ստուգման բոլոր փուլերը կամ թեկնածուներից մեկը՝ Մնացական Մարտիրոսյանը, դիմումի համաձայն հանվել է դատավորների ցուցակից: Թեկնածուների մի մասի վերաբերյալ էլ Հանրապետության նախագահն է առարկություններ ներկայացրել, ինչն ընդունվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter