HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարձակման իմիտացիա. Մարտունի 3-ի վաշտը Ջրականի գործողության օրը գրավել է թշնամու դիրքը

2020թ. հոկտեմբերի սկզբին Արցախի հարավում իրավիճակը ծանր էր. ադրբեջանական բանակն իր ուժերը կենտրոնացրել էր այդ ուղղությամբ։ 

Հոկտեմբերի 7-ին Արցախի պաշտպանության բանակը սկսել էր Ջրականի (Ջաբրայիլ) գործողությունը: Կենտրոնական դիրք զբաղեցնող Արցախի 3-րդ պաշտպանական շրջանի (Մարտունի) 3-րդ գումարտակի հրամանատարը հոկտեմբերի 7-ին հրաման է ստանում հարձակման իմիտիացիա ստեղծել, որ թշնամին իր զորքը հետ քաշի հարավից՝ Ջրականի հատվածից դեպի կենտրոն։

Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան, գործողության արդյունքում հայկական կողմը ոչ միայն կարողացավ վերցնել հակառակորդի դիրքը, այլև իր վերահսկողության տակ վերցրեց 1 կմ ճակատային հատված։ Սակայն հայկական կողմին հրաման տրվեց հետ քաշվել գրաված դիրքից։

Գործողության ժամանակ զոհվեց կրտսեր սերժանտ Նաիրի Աբրահամյանը։

Պատերազմի ընթացքում Մարտունի 3-րդ ՊՇ-ի ոչ մի մարտական դիրք հակառակորդը չի կարողացել գրավել, նոյեմբերի 9-ի զինադադարից հետո այն պայմանագրով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

 

2020թ. հոկտեմբերի 8 առավատյան` ժամը 04-ին, Արցախի 3-րդ պաշտպանական շրջանի Մարտունու 3-րդ գումարտակը հրաման է ստացել գրավել հակառակորդի դիրքը: 

Արթուր Առաքելյան (գումարտակի 8-րդ վաշտի` կրակով աջակցող դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ). «Հարձակման իմիտացիա պետք է ստեղծեինք, հակառակորդը մտածեր, որ կենտրոնով ուզում ենք ճեղքել, որ Ջրական տարած իրենց զորքը նորից բերեին մեր դեմ: Ուզում էինք ծանրությունը մեր վրա քաշել, թեթևացնել հարավային թևի վիճակը: Ոգեւորվել էինք, որ կարող ենք մերոնց օգնել»։

Գործողությանը կամավորության սկզբունքով մասնակցել է 8-րդ վաշտից և ՄՈԲ-ից կազմված 25 հոգանոց խումբը: 

Արթուր Առաքելյանի մոտ կա այդ գործողության ժամանակ դիրքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, կոնկրետ՝ հարձակման պահը:

Տեսագրությունն ու մանրամասները՝ տեսանյութում

Գործողությունը սկսվել է վաղ առավոտյան՝ 05-ի կողմերը։ Արթուրը պատմում է, որ վատ կանխազգացում է ունեցել կամավորագրված Նաիրի Աբրահամյանի հետ կապված, կանչել է նրան և ասել, որ չգնա, քանի որ լավ ականանետորդ էր, առաջարկել է իրեն փոխարինել, սակայն նա չի համաձայնել, շղթան տվել է հրամանատարին և խնդրել փոխանցել տնեցիներին, եթե իրեն ինչ-որ բան պատահի։

Գործողությունը, Արթուր Առաքելյանի գնահատմամբ, փայլուն էր ստացվել, բայց Նաիրին ծանր վիրավորվել էր: Գրաված դիրքից հանելիս Նաիրին մահացել է: 

«Նաիրիկը միշտ սիրում էր առաջինը լինել, էս դեպքն էլ բացառություն չեղավ։ Ինքն առաջինը գնաց, մտավ թշնամու կացարանը»,-պատմում է Արթուր Առաքելյանը։

Գործողության ժամանակ հայկական կողմը վերցրել էր ոչ միայն 137 դիրքի դիմացի՝ թշնամու դիրքը, այլև 1կմ ճակատային հատված։ Ժամը 08:00-ին գնդի հրամանատարը զորքը հետ քաշելու հրաման է տվել, ինչը զորքի մի մասի շրջանում դժգոհության պատճառ է դարձել։

«Տղաներն ուզում էին գրաված դիրքը պահեին։ Հետո ասեցին, որ մերն էդ խնդիրը չէր, մեր խնդիրը հարձակման իմիտացիա ստեղծելն էր, որ հակառակորդը Ջրականի կողմից զորք բերի մեր կողմ, էնտեղ վիճակը թեթևանա»,-պատմում է Ա. Առաքելյանը։ Իրենք հետ են քաշվել, ամրացրել են իրենց դիրքը, քանի որ գիտեին, որ իրենց դիրքի ուղղությամբ կարող էին պատասխան գործողություններ լինել։

«Մարտունու պաշտպանության խնդիր կար։ Մարտունի 2-րդ-ի թևն արդեն գրավել էին, Վարանդան՝ գրավված, Մարտունի 2-րդը՝ գրավված, գալիս էին Մարտունի քաղաքի վրա։ Մեր զորքը կիսվեց. կեսը գնաց արդեն Մարտունու պաշտպանությանը մասնակցելու։ Հետո եղավ էն, ինչ բոլորս գիտենք. պայմանագրից հետո մնացած դիրքերն էլ տվեցին..»,- պատմում է Արթուրը:

Արթուր Առաքելյանն ասում է, որ իրենց դիրքը շատ լավ կահավորված էր, և թշնամին այն չէր կարողանա գրավել, եթե պայմանագրով չհանձնեին. «Մարտունի 3-ի դիրքերը էնքան լավ է եղել կահավորված՝ ինժեներական առումով, նույնիսկ եթե իրենք (հակառակորդը) իրենց բանակի ամբողջ ներուժը դնեին էդտեղով ճեղքելու, չէին կարա, անհնար է։ Մարտունի 3-ը կռվի ժամանակ բացի առաջ գնալուց՝ ոչ մի դիրք, ոչ մի մետր, ոչ մի միլիմետր չի հեռացել, երբեք»։

Պատերազմի ընթացքում Արթուր Առաքելյանի դասակից զոհվել է 5 զինծառայող՝ Նաիրի Աբրահամյանը, Արայիկ Դավթյանը, Հովհաննես Բաքոյանը, Կոլյա Խաչատրյանը, Սուրեն Դեմիրճյանը:

2020թ. հոկտեմբերի 7-ի գործողության ժամանակ զոհված Նաիրի Աբրահամյանը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից էր։ Նա հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

Պարտադիր զինվորական ծառայությունը 2018թ․ ավարտելուց հետո Նաիրին պայմանագրային զինվորական ծառայության է անցել 3-րդ պաշտպանական շրջանի 3-րդ գումարտակի 8-րդ վաշտի կրակային աջակցման դասակում որպես ականանետորդ` կրտսեր սերժանտի կոչումով:

 

Գլխավոր լուսանկարը՝ Տաթև Խաչատրյանի, լուսանկարում՝ Նաիրի Աբրահամյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter