HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյան. «Եթե ստանդարտը կիրառենք, կպարզվի, որ մեր երկրի տնտեսության 30-40%-ը փակում ենք»

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ անցյալ տարի տեխնածին մեծ աղետ ենք ունեցել՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հայտնի պայթյունը, որը քաղաքացիների կյանք է խլել: Թորոսյանը նշեց, որ 90-ականներից ժառանգել ենք բենզալցակայանների ցանց, որոնց մեծ մասը հակասում են քաղաքաշինական և հակահրդեհային նորմերին: Մոտ են գտնվում բնակելի շինություններին, և մինչ օրս հարցին լուծում չի տրվել:

«Ուզում եմ հասկանալ, կարողանալո՞ւ ենք այդ հարցը հնարավորինս արագ լուծել»,- հետաքրքրվեց Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ 80-ականներից ժառանգել ենք վթարային շենքեր, 90-ականներից՝ բենզալցակայաններ, 2000-ականներից՝ գազալցակայաններ: Կան ժառանգած տոնավաճառներ, որտեղ հակահրդեհային կանոնները չեն պահպանվում և այլն:

«Մենք ամեն օր ընտրանքի ու ընտրության առաջ ենք: Միանշանակ է, որ պետք է ունենանք ստանդարտներ և առաջնորդվենք այդ ստանդարտներով՝ սկսած անվտանգության, որակի և այդպես շարունակ: Եթե այսօր դնենք ստանդարտ և ասենք, որ ուժի մեջ է մտնում այսօրվանից կամ վաղվանից, ապրիլի 1-ից կամ մայիսի 5-ից և այդ ստանդարտը կիրառենք, կպարզվի, որ մեր երկրի տնտեսության 30-40 %-ը փակում ենք բառիս բուն իմաստով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արսեն Թորոսյանը համամիտ է, որ երկընտրանք իրականում կա և ոչ միայն նշված ոլորտներում, սակայն պետք է հարցին լուծում տրվի:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 1-2 իրավիճակային դեպք է եղել, որտեղ խնդիրն այնքան ակնհայտ էր, որ օբյեկտը փակելու անհրաժեշտություն է առաջացել: Սակայն, պարզվել է, որ հանրապետությունում նմանատիպ հարյուրավոր օբյեկտներ կան:

Վարչապետը նշեց, որ բարձրացված խնդիրներին կտրվեն օրենսդրական լուծումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter