HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

50 մլրդ դրամ՝ 50 բուժհաստատության համար. որտեղ ու ինչ միջոցներով է իրականացվելու ծրագիրը

2021-2026թթ.ին Հայաստանում նախատեսվում է կառուցել և վերակառուցել մոտ 50 բուժհաստատություն, ինչը, ըստ, Առողջպահապահության նախարարության, հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել ոլորտը, այլև ապահովել մարզերի համաչափ զարգացումը, նվազեցնել հիվանդների հոսքը դեպի Երևան։

Մասնագետների գնահատմամբ՝ միայն շինարարական աշխատանքների իրականացման համար շուրջ 50 մլրդ դրամի կապիտալ ներդրում է լինելու։

Ի՞նչ միջոցներով է իրականացվելու այս ծրագիրը, ո՞ր փուլում են գտնվում ընթացիկ աշխատանքները, ո՞ր մարզերում կկառուցվեն նոր հիվանդանոցներ, իսկ որում՝ կվերակառուցվեն հին շենքները, ի՞նչպես է կատարվում համայքների ընտրությունն ու ի՞նչ խնդիրներ են ծագել մինչ օրս։

Այս և մի շարք այլ հարցերի մասին խոսել են ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանն ու Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը։

 

2021-26թթ.ին Կառավարությունը նախատեսում է 50 բուժհաստատության կառուցել ու վերակառուցել, հիմնական աշխատանքներն իրականացվելու են բյուջետային հատկացումներով, նաև՝ վարկային կամ դրամաշնորհային ծրագրերով։

Հիվանդանոցները շահագործման են հանձնվելու՝ ամբողջապես կահավորված և սարքավորումներով հագեցածված (այս գործառույթն արդեն իրականացնելու է Առողջապահական ԾԻԳ-ը

Քաղաքաշինության կոմիտեն ներկայումս համակարգում է 10 առողջապահական հաստատությունների ծրագրեր՝ 9-ը շինարարական և մեկ նախագծային, իսկ 3-ը համակարգվում են Առողջապահության նախարարության կողմից (Ծրագրերի իրականացման գրասենյակը, ԾԻԳ). դրանք մարզային բժշկական հաստատություններ են, որոնք տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես`

  1. Թալինի բժշկակական կենտրոնի վերակառուցում
  2. Ծաղկահովիտի առողջության կենտրոնի կառուցում
  3. Մասիսի նոր ԲԿ կառուցում
  4. Չարենցավանի ԲԿ մեկ մասնաշենքի վերակառուցում
  5. Աշտարակի ԲԿ վերակառուցում
  6. Տաշիրի նոր ԲԿ կառուցում
  7. Էջմիածնի  հիվանդանոցի վերակառուցում և կցակառույցի կառուցում
  8. Եղվարդում «Նաիրի» ԲԿ-ի նոր՝ տիպային նախագծով մասնաշենքի կառուցում
  9. Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցում
  10. Արթիկում նոր ԲԿ-ի կառուցման շինարարական աշխատանքներ (այս պահին ընթանում են)

Այս աշխատանքներն իրականացվում են բյուջետային հատկացումների շրջանակում, ընդհանուր՝ 11 մլրդ դրամ պայմանագրային արժեքով։ Նախորդ տարիներին ծրագրի համար բյուջետային հատկացումները եղել 2 մլրդ դրամ, 2023թ.ին դրանք ավելացել են՝ 4,7 մլրդ։

«Շինարարական աշխատանքները գտնվում են տարբեր փուլերում, դրանցից 2-ի աշխատանքները (Թալինում և Չարենցավանում) կավարտվեն 2023թ.ին, իսկ մնացածը՝ ըստ ժամանակագրության և պայմանագրային ժամկետների»,-ասում է Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը։

Առողջապահական ԾԻԳ-ը վերահսկում է վարկային ծրագրերով իրականացվող՝ «Մարտունու» ԲԿ-ի նորակառույց շենքի վերանորոգումը և Եղենգնաձորում մարզային հիվանդանոցի կառուցումը։

ԾԻԳ ղեկավար Երվանդ Էլիբեկյանի խոսքով՝ այս տարի նախատեսում են ավարտել այդ երկու աշխատանքները։

«Նշված բոլոր կենտրոնները պետք է հագեցվեն, համապատասխանաբար, նոր սարքավորումներով և գույքով,-ասում է Ե. Էլիբեկյանը։- Մեր նախնական գնահատականներով՝ պետական միջոցներով և վարկային, դրամաշնորհային ծրագրերով 2021-26թթ ընթացքում արվող ամբողջ ծրագրի համար շուրջ 50 մլրդ դրամի կապիտալ ներդրում է լինելու՝ միայն շինարարական աշխատանքների առումով»,-նշում է նա։

Առողջապահական ԾԻԳ-ի վերահսկողության տակ են նաև «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի», «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» վերակառուցման և «Սիսիանի» ԲԿ-ի կառուցման աշխատանքները։

Բացի այդ, նախատեսվում է «Վանաձորի» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաշենքի կառուցում (մրցույթ դեռ չի հայտարարվել, հեղ.) և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» 2 մարզկենտրոնների (Արարատի և Արմավիրի) վերակառուցման աշխատանքները. դրանք մրցութային փուլում են։ 

Խոսելով բուժհաստատությունների կառուցման տարածքների ընտրության մասին՝ Ե. Էլիբեկյանն ասում է, որ ներդրումներն իրականացվում են մարզերի համաչափ զարգացման շրջանակներում և համայքներն ընտրվում են կարիքների գնահատման հիման վրա, ըստ այդմ էլ՝ որոշում են՝ նորը կառուցել, թե՞ վերակառուցել հին շենքերը։ Օրինակ, թե’ Մարտունիում, թե’ Եղեգնաձորում նպատակահարմար է եղել կառուցել նոր շենքեր։

Բացի այդ, համայնքներում կառուցվելու են 20 ամբուլատոր բուժհաստատություններ, որոնց հողհատկացման համար քննարկումներ են սկսվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Ըստ Էլիբեկյանի՝ մինչև այս տարվա մարտի վերջ կամփոփվեն բոլոր համայնքների հողհատկացումները։

Ա. Միրզոյանն իր հերթին նշում է, որ բուժհաստատությունների դեպքում շատ են կարևորում սեյսմիկ տեսանկյունից անվտանգ շենքեր ունենալը, այդ պատճառով, երբ գնահատում են եղած շենք-շինությունների վիճակը, հաշվի են առնում հենց այս հանգամանքը՝ հասկանալու՝ նորը կառուցելու կարիք կա՞, թե՞ ոչ։

Բացի այդ, կարևորվում է շենքերի էներգախնայողությունը, ժամանակակից  բժշկական ծառայություներ մատուցելուն հարամարեցվեծ լինելը.

«Ուղղաթիռների թռիչքատեղերը, օրինակ, տեղակայվում են հեռավոր մարզերում՝ առաջնահերթությամբ այն հիվանդանոցների տարածքում, որոնք, ռելիեֆից կամ տարածքից ելնելով, թույլ են տալիս»,-ասում Ա. Միրզոյանը։

Նա նշում է, որ թեև այս ընթացքում առնչվել են որոշ խոչընդոտների հետք, սակայն չեն դադարեցրել պլանային աշխատանքները։ Օրինակ, մինչև 2020թ հունվարի 1-ը կնքված պայմանագրերի մասով շինարարական նյութերի կտրուկ գնաճ է եղել 2020թ.ին, ինչը ազդել է աշխատանքների ընթացքի վրա. առանձին դեպքերում այդ գնաճը կազմել է մինչև մի քանի անգամ, ինչի հեռևանքով պայմանագրի գինը մոտ 11%-ով թանկացել է։

«Այդ խնդիրն արձանագրվել է, տարբեր քննարկումներ ենք ունեցել, այդ հարցին որոշակի լուծում տալը դեռևս ակտուալ է, սակայն դա չի խանգարել շինարարական աշխատանքների շարունակականությանը»,-ասում է Ա. Միրզոյանը՝ նշելով, որ եղել են նաև կապալառուների կողմից կազմակերպման և իրականացման թերացումներ, ցեմենտի որակի խնդիր, ցեմենտի դեֆիցիտ՝ պայմանավորված Հայաստանում եղած լայնածավալ շինարարական աշխատանքներով։

Ամեն դեպքում, ըստ նրա, եթե վերընշված բոլոր բուժհաստատությունների կառուցումն ու վերակառուցումը բարեհաջող ավարտին հասցվի, ապա մարզերի կտրվածքով, «գրեթե ամբողջությամբ եղած կարիքը կփակվի».

«Մի քանի վիճելի բժշկական հաստատություններ կմնան, մասնավորապես, Մեծամորը և Ախուրյանը, որոնք որոշակի առումով օպտիմալացման կարիք ունեն, և այդ համայնքներում մեծ բժշկական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը դեռ գնահատվում է»,-ասում Ա. Միրզոյանը՝ նշելով, որ դրանք տեղակայված են այնպիսի տարածքներում, որոնց մոտակայքում արդեն իսկ կան ավելի մեծ և հագեցած բժշկական հաստատություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter