HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Կրասնոդարի հայերն ուզում են լինել իշխանություն

Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ամենամեծը հայկական համայնքն է, որը ներառում է 44 առանձին համայնքներ:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղի խնդիրների մասին խոսեց այդ համայնքի նախագահ Ռազմիկ Գևորգյանը:

Նրա խոսքերով` իրենց ամենամեծ խնդիրը հայապահպանությունն է` պահպանել լեզուն, եկեղեցին, մշակույթը, ազգությունը: Միակ հայկական դպրոցը Սոչիում է, որտեղ բոլոր դասերն անց են կացվում հայերեն, մյուս համայնքերում գործում են միայն կիրակնօրյա դպրոցներ, չկան նաև հայկական մանկապարտեզներ: Սակայն խնդիրն այն է, որ աշակերտների թիվը քիչ է, որովհետև ոչ բոլոր ընտանքիներն են իրենց երեխաներին ուղարկում այդ դպրոցները: Ծնողները պատճառաբանում են, թե երեխաները հայերեն գիտեն կենցաղային մակարդակում, և դա բավարար է: Բացի այդ` չկան հայկական ուսումնական հաստատություններ, և տեղի հայերը կարծում են, որ իրենց պետք է հենց ռուսերենի իմացությունը:

 Ռ. Գևորգյանի խոսքերով` վերջին տարիներիրն նկատվում է հայերի մեծ արտագաղթ Հայաստանից: Եկողները սովորաբար խնդիր են ունենում նախ լեզվի, ապա աշխատանքի հետ: Կրասնոդարում շատերը, ոչ միայն հայեր, չեն աշխատում, սակայն, Ռ. Գևորգյանի խոսքերով, դա չի նշանակում, որ գործ չկա: Բացի այդ` հայերից շատերը կարծում են, թե դեռ գործում է ԽՍՀՄ համակարգը, կարիք չկա գրանցվելու, որովհետև նույն երկիրն է: Սակայն դա ավելորդ խնդիրներ է առաջացնում, և դժվար է պահպանել միասնականությունը:

Ռ. Գևորգյանի խոսքերով` ոչ բոլորն են Հայաստանից դուրս գալիս գոհ, և շատերը չարացած են: Նա նշեց, որ Ռուսաստանը և Հայաստանը բարեկամ երկրներ են, որոնք միշտ միմյանց աջակցում են, ինքը ևս կողմանկից է այդ հարաբերությունների էլ ավելի խորացմանը, սակայն Ռուսաստանն աշխատում է իր երկրի հզորության վրա` առաջնությունը տալով ռուսերենին և դրա տարածմանը: Դա բնական է, սակայն հայերն էլ ուզում են պահպանել իրենց լեզուն:  

Միաժամանակ, բանախոսը նշում է, որ իրենց մարզում մեծ ուշադրություն են դարձնում հատկապես եկեղեցիներին: Եթե ոչ բոլոր գյուղերում, ապա բոլոր համայնքներում կան եկեղեցիներ կամ գոնե կառուցվում են: Այժմ շուրջ 12 նոր եկեղեցի է կառուցվում: Մեծ եկեղեցի է կառուցվում նաև Անապայում, որը գուցե պատրաստ լինի արդեն այս տարվա վերջում: 

Կրասնոդարի հայ համայնքի նախագահին անհանգստացնում է նաև խառը ամուսնությունների խնդիրը, որոնց թիվը բարձր է: Նրա կարծիքով` հայ աղջիկներն ամբողջ աշխարհում ամենագեղեցիկն են, սակայն ցավում է, որ հայ տղաների մեծ մասն այդպես չի մտածում: Նրա խոսքերով` հայերը, ի տարբերություն մուսուլմանների, ավելի արագ են ձուլվում:

Կրասնոդարում հայերը խնդիր ունեն նաև դաղստանցիների և չեչենների հետ, որոնք գալիս են աշխատելու շինարարության վրա և հաճախ բախումներ են ունենում հայ  երիտասարդների հետ:

Ռ. Գևորգյանը նաև նշեց, որ տեղի հայ համայնքը նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Կրասնոդարի 85%-ը քվերակել է նրա օգտին, ինչը, նրա խոսքերով, մեծ հաղթանակ է:  Ռ. Գևորգյանի համոզմամբ` Վ. Պուտինն «ավելի պրոգրեսիվ հայացնքեր ունի»:

Նա նաև հավելեց, որ իրենք, լինելով ՌԴ պետության քաղաքացի, ուզում են իրենց տեսնել իշխանության մեջ և այդ ուղղությամբ աշխատում են: Արդեն ունեն որոշ հաջողություններ. Սոչիի և այլ համայնքների քաղաքային դումաներում կան հայ պատգամավորներ, իսկ մարզի մասշտաբով` 4: Սա վատ արդյունք չէ, բայց նրանք ցանկանում են, որ այդ թիվն աճի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter