HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 10 տարի շահագործել են տարեց կնոջը. մուրացկանությամբ զբաղվելուն դրդած տղամարդը կալանավորվել է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տարեց կնոջ շահագործման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 2009 թվականին կինը վարձով բնակվել է Ծարավ աղբյուրի փողոցի սեփական տներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ վարձակալի հետ: Նորածանոթ տղամարդուն կինը խնդրել է սարքել իր մոր գերեզմանը: Ըստ կնոջ` գնի շուրջ նախապես չեն պայմանավորվել, իսկ հետո տղամարդը պահանջել է երեք հազար դոլար: Կինն այդ գումարը չուներ, և տղամարդը, գումարը թեկուզ մաս-մաս ստանալու պայմանով, կնոջը դրդել է զբաղվել մուրացկանությամբ: Եթե հաշվի առնենք, որ կինը մուրացկանությամբ ամեն օր վաստակում էր առնվազն 35-40 հազար դրամ, ապա պարտքը պետք է արագ փակեր:

Հետագա միջոցառումերով Նոր Նորքի ոստիկանները պարզեցին, որ մուրացկանության դրդելուց զատ` տղամարդը կնոջը հաշվառել էր Բյուրեղավան քաղաքում, նրա անունով ձևակերպել կենսաթոշակ և վերջին երեք տարում ինքն էր ստացել թոշակը:
Կինը ոստիկաններին պատմել է, որ նախկինում մի քանի անգամ փորձել է պարզապես փախչել տղամարդուց, սակայն նա իրեն գտել է, ծեծել ու սպառնացել: Ի դեպ, այդ ամենին տեղյակ էր և որոշակիորեն աջակցում էր նաև տղամարդու կինը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մինչ կոնկրետ գործողությունների անցնելը` իրավապահները տարեց կնոջը տեղավորեցին հատուկ կացարանում: Փետրվարի 7-ին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ամուսինները ձերբակալվեցին: Ամուսնու խուզարկությամբ հայտնաբերվեցին տարեց կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը: Ամուսինների բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին և առգրավվեցին կնոջ կենսաթոշակի բանկային քարտը, ավելի քան 70 հազար դոլար, ինչպես նաև տեսակավորած և առանձին պարկերում լցրած մետաղադրամներ` որոնց ընդհանուր գումարը կազմեց 1 միլիոն 299 հազար 750 դրամ:

Տղամարդուն ներկայացվել է մեղադրանք: Նա կալանավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter