HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Այսուհետ Սոցապ նախարարությունը կորոշի՝ հիվանդության դեպքում կենսաթոշակն ամբողջությամբ տրամադրել, թե ոչ

Առողջապահության նախարարությունն առաջարկում է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրումը վերապահել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) միասնական սոցիալական ծառայությանը։ Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Գործող օրենսդրության՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ ամեն դեպքի համար Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որտեղ ներգրավվում են տարբեր բժշկական կազմակերպությունների բժիշկ-մասնագետներ՝ որոշում կայացնելու համար։

Սակայն նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բժիշկների զբաղվածությունից ելնելով՝ միշտ չէ, որ հաջողվում է արագ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները, հետևաբար, արագ արձագանքել քաղաքացու դիմումին:

Բացի այդ, ԱՆ հայտնում է, որ այդ մասնագիտական հանձնաժողովներն իրականացնում են ցանկով ներառված հիվանդությունների և քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթը, ինչն էլ իր հերթին առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն։

Քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում (ինչպես նաև՝ անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացում, հաշմանդամության պատճառական կապի որոշում, աշխատանքային պարտականությունների կատարման կամ մասնագիտական հիվանդության հետ կապված անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի որոշում, աջակցող միջոցների տրամադրում և այլն), ԱՆ առաջարկում է, որ ԱՍՀՆ Միասնական ծառայությունը տա եզրակացություն կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ տրամադրելու մասով։

2015թ.ից՝ կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման («Մասնակցին` իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին») ուժի մեջ մտնելուց, ինչպես նաև՝ հիվանդությունների ցանկն ընդլայնելուց հետո տարեցտարի աճում է նաև կենսաթոշակներն ամբողջությամբ տրամադրելու դիմումների թիվը։ 

Կենսաթոշակը ստանալու դիմումներ
Infogram

 

Մասնավորապես, 2015-2023թթ. մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ ստացել է 119 դիմում, որից օրենքի պահանջներին համապատասխանել է 40-ը կամ 34%-ը. 2023թ. մարտի 6-ի դրությամբ ստացված 10 դիմումներից 2-ն է ուսումնասիրության մեջ։

Օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, կսահմանվի նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից եզրակացության տրամադրման կարգը, իսկ գործող ԱՆ 2022թ. մայիսի 4-ի թիվ 1917-Լ հրամանն ուժը կորցրած կճանաչվի:

Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter