HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

2012թ. առաջին եռամսյակում ծնելիությունը նվազել է

2012թ. առաջի եռամսյակի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 9569 ծնունդ: Այս ցուցանիշը 5.7%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից. նախորդ տարի ծնվել է 10144 երեխա: Ծնելիության ընդհանուր գործակիցը՝ 1000 բնակչի հաշվով ծնունդների թիվը, կազմել է11.7%, երբ նախորդ տարի այն եղել է 12.6%:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս վիճակագրությունը ներկայացրեց Վիճվարչության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա նշեց, որ ծնվածների թվաքանակը գերազանցում է մահացածների թվաքնակին 1.2 անգամ, ինչը նշանակում է, որ պահպանվում է բնական հավելաճը: Սակայն հավելաճը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նույնպես նվազել է: Նախորդ տարի հավելաճը կազմել է 2360 մարդ, այս տարի՝ 1616: Այսինքն՝ բնական հավելաճը՝ ծնելիության և մահացության դեպքերի տարբերությունը, այս տարի 2 պրոմիլ է:

Կ. Կույումջյանը նշեց, որ ծնելիության ցուցանիշերը միջին հանրապետականից բարձր են եղել Արարատի և Արմավիրի մարզերում, իսկ ամենացածր ցուցանիշերը գրանցվել են Սյունքում՝ 9.9 պրոմիլ, Լոռիում՝ 10.4, Գեղարքունիքում՝ 10.9 պրոմիլ: Լոռիում և Տավուշում մահացությունը ծնելիությունից բարձր է եղել, իսկ Լոռիում միշտ նկատվել է ծնելիության նվազման միտում:

«Տեղի է ունենում այն երևույթը, որը կանխատեսվում էր: Արդեն չենք ունենա բնական հավելաճ, այլ կունենք բնական նվազում: Անցյալ տարվանից տեղի ունեցավ ծնելիության նվազում, որը կշարունակվի»,- հայտարարեց դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանը:

Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ ծնողական տարիքի մեջ է մտնում արդեն 90-ականներին ծնված սերունդը, որը փոքրաթիվ է. «Նրանք քիչ են և քիչ երեխաներ են ունենալու»:

Ռ. Եգանյանի խոսքերով՝ մահացությունը աճում է և շարունակելու է աճել, իսկ 5-7 տարվա ընթացքում բնական աճի բացասական ցուցանիշ է արձանագրվելու:

Դեմոգրաֆի կարծիքով՝ ծնելիության խթանման ուղղությամբ բավարար արդյունավետ միջոցառումներ չեն կազմակերպվում: Բացի դրանից՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական դաշտերում տեղի չեն ունենում դրական տեղաշարժեր:

Ռ. Եգանյանի խոսքերով՝ 90-ականների արտագաղթը խաթարեց բնակչության աճը, սեռատարիքային կազմը, որը նկատելի է հատկապես Սյունիքում և Լոռիում: Այսօր էլ շարունակվում է արտագաղթը: Մասնավորապես, սեզոնային արտագաղթն ազդում է ծնելիության վրա, մյուս կողմից՝ վաստակած գումարները նպասում են, որ արտագնա աշխատանքի մեկնած տղամարդու երեխաները Հայաստանում նոր ընտանիքներ ձևավորեն:

Սակայն խնդիրն այն է, որ սերունդն իրեն չի վերարտադրում՝ սկսած 90-ականների կեսերից: Դեմոգրաֆի խոսքերով՝ 10 կինը պետք է ունենա 11 աղջիկ, ինչը վաղուց արդեն տեղի չի ունենում, ընտանիքում միջին հաշվով պետք է ծնվի 2.1-2.2 երեխա, որպեսզի ապահովվի վերարտադրությունը: Ծնող դառնալու ամենաակտիվ խումբը 20-24 տարեկան երիտասարդներն են, իսկ 25-ից հետո նկատվում է ծնելիության անկում: Եթե այսպես շարունավի, բնակչությունն արագ կպակասի՝ դրան գումարած արտագաղթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter